«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#222, 2009-12-04 | #223, 2009-12-05 | #224, 2009-12-08


ԱՂՄԿԱՀԱՐՈՒՅՑ ԼՈՒՍԱՆԿԱՐԻ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱՐՏՎԵԼ Է

Երկու շաբաթ առաջ «Հայկական ժամանակ» եւ «Առավոտ» թերթերում տպագրվեց մի լուսանկար, որտեղ պատկերված էին «Հոկտեմբեր 27-ի» գործով ցմահ ազատազրկման դատապարտվածներ Դերենիկ Բեջանյանը եւ Էդիկ Գրիգորյանը, «Դրոյի» գործով զմահ ազատազրկման դատապարտված Արսեն Արծրունին, «Ազատամտություն» թերթի խմբագիր Արտյոմ Խաչատրյանը եւ եւս մեկ անձ: Լուսանկարը արվել է ՀՀ արդարադատության «Նուբարաշեն» ՔՀԿ-ի ցմահ դատապարտյալների խցում: Իսկ թե ինչպես է Ա. Խաչատրյանը հայտնվել այնտեղ ու լուսանկարել, պարզելու համար նշանակվել էր ծառայողական քննություն:

Երեկ «Ազգը» տեղեկացավ, որ ավարտվել է ծառայողական քննությունը: Քրեակատարողական վարչության պետ Ա. Գիզիրյանի հրամաններով ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար կարգապահական տույժ է կիրառվելՙ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալի, ցմահ ազատազրկման դատապարտվածների պահպանության բաժնի պետի, անվտանգության ապահովման բաժնի պետի տեղակալի, երկրորդ կարգի մասնագետի եւ կրտսեր մասնագետի նկատմամբ: Քրեակատարողական հիմնարկի պետ Արսեն ԱՖրիկյանը հրաժարական էր ներկայացրել, որն ընդունվել է: Ի դեպ, կառավարության որոշմամբ կալանավայրերում գտնվողների հետ ԶԼՄ-ների ներկայացուցիչներ կարող են լուսանկարել եւ հարցազրույցներ անել հատուկ թույլտվություն ստանալուց հետո միայն:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4