«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#222, 2009-12-04 | #223, 2009-12-05 | #224, 2009-12-08


«ՈՒՐԱԽ» ՀՐԴԵՀՆԵՐ

Դեկտեմբերի 5-ի լույս 6-ի գիշերը Ռուսաստանի Պերմ քաղաքի գիշերային ակումբներից մեկում սառը հրավառության հետեւանքով հրդեհ բռնկվեց, որի հետեւանքով մահացան ավելի քան 130 մարդիկ: Շատերը ստացել են տարբեր մակարդակի այրվածքներ, դեկտեմբերի 7-ը Ռուսաստանում պետականորեն հայտարարվեց սգո օր: Հայտնի է նաեւ, որ տուժածների մեջ կա մեկ հայազգի երիտասարդ, որն այժմ բժշկական օգնություն է ստանում հիվանդանոցում:

Պերմի պատահարի նախօրեինՙ դեկտեմբերի 4-ին, Երեւանում, Մաշտոցի պողոտա 21 հասցեում գտնվող «Ոսկե թեյնիկ» թեյարանում նույնպես հրդեհ տեղի ունեցավ. տուժողներ չկան, վնասվել է միայն թեյարանի գույքը:

Ինչո՞ւ հրշեջները չեն կանխարգելում հրդեհի վտանգը, այլ շատ հաճախ կանգնում են արդեն հրդեհը մարելու փաստի առջեւ: Ինչպիսի՞ն է անվտանգության իրավիճակը Հայաստանի, Երեւանի ակումբներում, սրճարաններում, գիշերային ակումբներում, եւ ինչո՞ւ հրշեջ ծառայությունը պարբերաբար չի կատարում ստուգիչ աշխատանքներ այդ օբյեկտներում: Փաստենք, որ մենք խոսում ենք հազարավոր մեր քաղաքացիների կյանքի մասին, որոնցից շատերը հաճախելով, օրինակ, երեւանյան գիշերային ակումբներ, չեն տեղեկացվում տվյալ օբյեկտների հետնամուտքերի մասին, իսկ չեն տեղեկացվում, որովհետեւ այդ հետնամուտքերի առջեւ դասավորված են ամենատարբեր (երբեմն կասկածելի) պարունակությամբ արկղեր, եւ մուտքը պարզապես անտեսանելի է: Մինչդեռ այդ մուտքերը նախատեսված են հենց նման պատահարների համար, եւ դրանց առջեւ անթույլատրելի է որեւէ իր տեղադրել:

  «Ազգ» -ի հետ զրույցում ՀՀ արտակարգ իրավիճակների վարչության պետի օգնական Նիկոլայ Գրիգորյանն ասաց, որ ամեն տարի հատկապես Ամանորից առաջ, հանրապետության բոլոր ժամանցային, ինչպես նաեւ կրթական օբյեկտներում իրականացվում են ստուգման աշխատանքներՙ բացառելու դժբախտ պատահարները. «Բոլոր օբյեկտներում, դպրոցներում մենք պարտադիր իրականացնում ենք ստուգումներ», նշեց Գրիգորյանը:

Սակայն, արտակարգ իրավիճակների վարչության կամ հրշեջ ծառայությունների ստուգումները չեն կարող բացահայտել, օրինակ, հայկական ավանդական «քեֆ»-երի ժամանակ իրականացվող հրավառությունները: Մինչդեռ փաստորեն Պերմում 100-ից ավելի մարդկանց կյանք խլած հրդեհն առաջացավ հենց դրա հետեւանքով: Հայկական հարսանյաց հանդեսների եւ այլ առիթների ժամանակ տեղի են ունենում նույնիսկ «տորթային հրավառություններ», որը փաստորեն կատարվում է հենց սրահում:

Մայրաքաղաքի մի քանի հարսանյաց սրահներ իրենց ծրագրերում ունեն ամենատարբեր հրավառությունների ցանկ, որոնցից շատերի դեպքում չեն պահպանվում անվտանգության կանոնները, մանավանդ որ այդ հրավառությունները անցկացվում են հենց սրահի ներսում:

Այնպես որ, եթե նույնիսկ հանրապետության հրշեջ ծառայությունն իրականացնում է պարբերաբար ստուգումներ, հրդեհներ բռնկվելու վտանգը մնում է, որի համար պատասխանատու են միայն տվյալ օբյեկտի տերն ու իրադարձության մասնակիցները:

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4