Հայտարարել է վարչապետ Էրդողանը Հոփքինսի համալսարանում
Հ. ՉԱՔՐՅԱՆ
Դեկտեմբերի 7-ին Սպիտակ տանը նախագահ Բարաք Օբաման ընդունել էր Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Թուրքական լրատվամիջոցների վկայությամբ, նախապես կես ժամ ենթադրվող հանդիպումը ձգվել է երկու ժամ: Քանի որ կողմերը միմյանց հետ շփվում էին թարգմանչի միջոցով, ուստի հանդիպման տեւողությունը կիսով չափ կրճատվում եւ մեկ ժամ է դառնում: ԱՄՆ նախագահն ու Թուրքիայի վարչապետը հանդիպման ավարտին հրավիրել են մամուլի համատեղ ասուլիս:
Ասուլիսում կողմերը պարզաբանումներ են արել: Նախագահ Օբաման, վերհիշելով Թուրքիա կատարած իր այցելությունը, ասել է, որ այնտեղ շատ կարեւոր հարցեր էին քննարկել, Թուրքիան «Մեծ քսանյակի» եւ ՆԱՏՕ-ի անդամ երկիր է, հետեւաբար կողմերը պարտավորվեցին պաշտպանել միմյանց անվտանգությունը: Այնուհետեւ ԱՄՆ նախագահը նշել է. «Հանդիպմանն անդրադարձանք երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերին, Աֆղանստանի կայունությանը նպաստելու համար իմ շնորհակալությունը հայտնեցի ինչպես թուրք ժողովրդին, այնպես էլՙ Էրդողանին: Բարձրացրել եմ հետընտրական շրջանում Իրաքի խաղաղության եւ անվտանգության խնդիրը, ապա մտքեր փոխանակեցինք տարածաշրջանի եւ Իրանի հետ առկա խնդիրների շուրջը, Թուրքիա-Հայաստան հարցում կատարած քայլերի համար շնորհավորեցի հարգարժան վարչապետին եւ ընդգծեցի, որ մենք աջակցում ենք այդ ուղղությամբ կատարվող քայլերը շարունակելու միտքը, ինչպես նաեւ Կ. Պոլսո հույն հոգեւոր ճեմարանի բացումը»:
Ինչ վերաբերում է վարչապետ Էրդողանին, ապա նա էլ ասել է. «Նախագահ Օբաման, կատարելով օտարերկրյա առաջին այցելությունը Թուրքիա, նպաստեց քաղաքական նոր գործընթացի սկզբնավորմանը, երկու երկրների միջեւ տնտեսական հարաբերությունները զարգացնելու նպատակով երկուական լիազոր նախարարներ ենք նշանակել, անդրադարձել ենք Աֆղանստանում անելիքներին, քննարկել ենք Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները, ահաբեկչության (PKK-ի) դեմ պայքարի առումով շատ ավելի կարեւոր էր մեր ԱՄՆ կատարած նախորդ այցելությունը, ուստի հանդիպմանը կենտրոնացանք տարածաշրջանում միջուկային ծրագրի հետ կապված խնդիրների վրա եւ պատրաստակամություն հայտնեցինք ամեն կերպ նպաստել աշխարհում գլոբալ խաղաղության ապահովմանը»:
Նախագահ Օբամայի հետ մամուլի համատեղ ասուլիսից հետո վարչապետ Էրդողանն ուղեւորվել է Ջոն Հոփքինսի համալսարան, որտեղ նա ելույթ է ունեցել, ապա եւ պատասխանել է արտաքին քաղաքականությանն առնչվող հարցերին: «Նախագահ Օբաման հայտարարել էր, որ չեն փոխվել 1915-ի իրադարձություններին առնչվող հայկական պնդումների մասին իր տեսակետները, ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը» հարցին պատասխանելիսՙ Էրդողանը հիշեցրել է հայ պաշտոնակցին գրած նամակում պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծելու եւ փոխադարձաբար արխիվները բացելու իր առաջարկի մասին, ապա եւ շարունակել. «Այս կարգի երեւույթները լոբբիստական աշխատանքով կամ խոսքով չէ, որ պետք է լինեն: Իմ նախնիները ցեղասպանություն չեն կատարել, չէին էլ կատարի»:
Վերջում վարչապետ Էրդողանն ասել է, որ հայերի տեղահանության վերաբերյալ կան պարզորոշ եւ հստակ փաստաթղթեր, տեղահանության ընթացքում, կառավարական որոշման համապատասխան, իրականացվել են անվտանգության անհրաժեշտ միջոցառումները, ինքն անձամբ տեսել է այդ փաստաթղթերը, հետեւաբար հասկանալի չէ, թե ինչով են հիմնավորվում հայերի պնդումները: