Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններն ավելի հաճախ առերեւույթ գործընթացի տպավորություն են թողնում, որ ինչ-որ այլ նպատակների համար են, բայց ոչ հակամարտության լուծման: Այդպես հնարավոր կլիներ չեզրակացնել, եթե Ադրբեջանի կեցվածքը այդքան հարափոփոխ ու հեղհեղուկ չլիներ այն իմաստով, որ հարմար պահերին ողջունում են բանակցությունները, մեկ այլ պահի ռազմատենչության հովերի մեջ ընկնում, մեկ այլ իրավիճակում էլ հոխորտում, թե էս էՙ հասնում են Երեւան:
Այն ժամանակ, երբ դեկտեմբերի սկզբին Հայաստան-Ադրբեջան բանակցությունները կրկին անգամ ուշադրության կենտրոնում են, ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն էլ արդեն հայտարարել են տարածաշրջան այցելելու ու Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հերթական` յոթերորդ հանդիպումը մինչեւ տարեվերջ կազմակերպելու մտադրության ու ցանկության մասին, Ադրբեջանն էլի «այլընտրանքային» լուծումից է խոսում:
Իսկ Ադրբեջանի դեպքում այլընտրանք ասվածը պատերազմն է, ռազմական գործողությունները, որ թեեւ էլի նույն պատասխանին են արժանանալու, սակայն «նավթոտած» հոխորտանքը դրանից իբր չի վախենում:
«Ղարաբաղյան հակամարտության կարգավորման անարդյունք բանակցությունները հարկադրում են Ադրբեջանին խնդրի լուծման այլընտրանքային մեթոդներին անցնել» , երեկ հայտարարել է հարեւան երկրի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը ` Եվրոպայում ԱՄՆ ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ Ռոջեր Բրեդի հետ հանդիպմանը:
Ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ Աբիեւը ամերիկացի գեներալին ներկայացրել է, թե «15 տարի տեւող բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում դեռ հաջողություն չեն գրանցել»:
Հետաքրքրական կլիներ, եթե ադրբեջանական լրատվամիջոցները նույն ջանադրությամբ մեջբերեին նաեւ ամերիկացի գեներալի արձագանքը Ադրբեջանի նախարարի խոսքերի առնչությամբ, եթե, իհարկե, այդպիսիք եղել են: Թերեւս որպես համանախագահող երկրի գեներալ Ռոջեր Բրեդը պիտի որ անպատասխան թողած չլիներ հստակ մեղադրանքը ԵԱՀԿ Մինսկի խմբի հասցեին, որտեղ Միացյալ Նահանգները եւս իր դերակատարությունն ունի:
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ