«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#223, 2009-12-05 | #224, 2009-12-08 | #225, 2009-12-09


ՀԱՑԱՀԱՏԻԿԻ ԲԵՐՔԸ ՆՎԱԶԵԼ Է, ՄՐԳԵՐԻՆԸՙ ԱՎԵԼԱՑԵԼ

Անցած տարի Հայաստանում ստացվել էր հացահատիկի մշակաբույսերի 415 հազար տոննա բերք, այս տարի ավելի քան 50 հազար տոննայով քիչՙ 361,5 հազար տոննա համախառն բերք 171,5 հազար հա-ից: Այս մասին երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը , նշելով, որ միջին բերքատվությունը նվազել էՙ նախորդ տարվա 24,1 ցենտներ 1 հա-ից հասնելով 22,1 ցենտների: Դա պայմանավորված է եղել հիմնականում կարկտահարության բազմաթիվ դեպքերով եւ սերմնաբուծության բնագավառում դրական արդյունքների բացակայությամբ: Այնուհետեւ, փոխնախարարն ավելացրեց, որ Հայաստանի կառավարությունն իրականացնում է նոր բարձրորակ սերմերի ներդրման ծրագիր, որը թույլ կտա բերքատվությունը բարձրացնել մինչեւ 3 տոննայի 1 հա-ից: Բացի այդ, կառավարությունը նաեւ սուբսիդավորում է հացահատիկի եւ հատկապես ցորենի մշակումըՙ 1 հա-ի համար տրամադրելով 35 հազար դրամ:

Ինչ վերաբերում է մրգերին, ապա դարձյալ փաստելով անբարենպաստ եղանակային պայմանները, գյուղատնտեսության փոխնախարարն, այդուհանդերձ, այս տարվա պտղի բերքն աննախադեպ որակեց: Ըստ նրա, 2009-ին շուրջ 38 հազար հա մրգատու այգետարածքներից հավաքվել է ավելի քան 310 հազար տոննա պտղի եւ հատապտղի համախառն բերք, որի քանակն անհամեմատ ավելի է 2008 թվականի արդյունքից: Անցած տարվա համեմատությամբ այս տարի կրկնակի բերք ստացվել է կորիզավորների (կեռաս, դեղձ, սալոր) եւ հնդավոր պտղատեսակների (խնձոր, տանձ) այգետարածքներից: Սամվել Գալստյանի հավաստմամբՙ այս տարի առատ է եղել նաեւ ծիրանըՙ 85 - 90 հազար տոննա, որից 3,9 հազար տոննան մթերել են վերամշակող կազմակերպությունները: 14 հազար տոննա ծիրան արտահանվել է Ռուսաստանի Դաշնություն, Վրաստան, Ուկրաինա, Բելառուս, Բելգիա` շուրջ 5,6 հազար տոննայով գերազանցելով անցած տարվա արտահանման ցուցանիշները: Փոխնախարարի տեղեկացմամբ, ավելացել են նաեւ դեղձի արտահանման ծավալներըՙ 2008-ի 362 տոննայի փոխարեն 990 տոննա, կեռասի 392 տոննայի փոխարենՙ 697 տոննա, սալորի 402 տոննայի փոխարենՙ 322 տոննա:

2009-ին արտադրվել է 205 հազար տոննա խաղողի համախառն բերքՙ անցած տարվա 185 հազար տոննայի դիմաց: Վերամշակող ձեռնարկությունները մթերել են 127 հազար տոննա խաղող, անցած տարվա 137 հազար տոննայի դիմաց: Մեկ կգ-ի մթերման միջին գինը կազմել է 115 դրամ (70-130 դրամ): Խաղողի արտահանումը նույնպես ավելացել էՙ 2008-ի 3014 տոննայի դիմաց, այս տարվա դեկտեմբերի 1-ի դրությամբ, 3400 տոննա:

Արարատյան դաշտում (Էջմիածնի տարածաշրջանի Գայ համայնքում) 3 հա-ի վրա հայտնաբերված ֆիլոքսերա վնասատուի առնչությամբ Սամվել Գալստյանը նշեց, որ այդ 3 հա խաղողի այգին արմատախիլ է արվելու, եւ յուրաքանչյուր հա-ի համար որպես փոխհատուցում կտրվի 940 հազար դրամ:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4