Դեկտեմբերի 10-13-ը Թուրքիայի Իզմիր քաղաքում տեղի կունենա Travel Turkey ցուցահանդեսը` մասնակցությամբ 17 երկրների 430 ընկերությունների: Ցուցահանդեսին առաջին անգամ կմասնակցի նաեւ Հայաստանի ճամփորդական գործակալների միությունը: Zaman-ի փոխանցմամբՙ հայկական կողմը ցուցահանդեսին կներկայանա տաղավարով: Միջոցառման ընթացքում կկազմակերպվի զբոսաշրջությանը նվիրված քննարկում «Հայաստան-Վրաստան-Ադրբեջան, զբոսաշրջության նոր հեռանկարներ» թեմայով:
Իզմիրի ցուցահանդեսային միության նախագահ Դողան Իշլեյենը` անդրադառնալով ցուցահանդեսին Հայաստանի մասնակցությանը, ասել է. «Բացի երկու երկրների իշխանությունների միջեւ ընթացող զարգացումներից անհրաժեշտ է զբոսաշրջության ոլորտում նույնպես ապահովել մերձեցում: Ցուցահանդեսին Հայաստանի մասնակցությունը շատ կարեւոր քայլ է` հարաբերությունների սկսման տեսանկյունից: Ցուցահանդեսին Թուրքիայի մշակույթի եւ զբոսաշրջության նախարար Էրթուդուլ Գյունալը կայցելի Հայաստանի ճամփորդական գործակալների միության տաղավարը: Այստեղի հանդիպումը ուղերձ կլինի Հայաստանին: Մենք էլ առաջիկայում կարող ենք մասնակցել Հայաստանում տեղի ունենալիք ցուցահանդեսին, ինչպես նաեւ հնարավոր է, որ բացենք ներկայացուցչություն Հայաստանում»:
Հ. Հ.