26-ամյա Լեյլան ծնվել ու մեծացել է Թուրքիայում: Ուսումնասիրել է պատմություն, լեզուներ, միջազգային հարաբերություններ: Երկու շաբաթ Լեյլան Երեւանում է: Հասցրել է լինել նաեւ Էջմիածնում, Գառնիում ու Գեղարդում: Սա Լեյլայի առաջին այցելությունն է Երեւան, բայց հավաստիացնում է, որ վերջինը չի լինելու: Ծրագրում է տուն գնել ու ապրել Երեւանում: Ասում է` այդ կերպ կկատարի տատիկի` Նվարդի երազանքը: Առաջին անգամ Լեյլայի հետ հանդիպեցի Հանրապետության հրապարակում, բայց հարցազրույցն այլ տեսք ստացավ. հարցերին ես էի պատասխանում: Լեյլային հետաքրքրում էր ամեն ինչ` փողոցների անվանումներից մինչեւ հուշարձաններ, երիտասարդների հետաքրքրություններ ու զբաղմունքներ: Երկրորդ անգամ որոշեցինք հանդիպել Ծիծեռնակաբերդում: Այս անգամ հարցազրույց ստացվեց:
- Ինչո՞ւ որոշեցիր զրուցել Ծիծեռնակաբերդում:
-Անկեղծ պատասխանեմ` չէի ցանկանում մենակ գալ այստեղ: Իմ պատկերացումներով Ծիծեռնակաբերդը սրբավայր էր: Դեռ մանկուց բազմաթիվ պատմություններ եմ լսել ցեղասպանության մասին: Տատիկս ցեղասպանության ականատեսներից է: Ծնունդով Բիթլիսից էր: Երբ փոքր էի` ինձ համար հայերեն երգեր էր երգում: Թեպետ երկար ժամանակ է անցել, բայց այդ հնչյունները, տատիկիս ձայնը չեմ մոռացել: Եկա այստեղ, որպեսզի խոնարհվեմ 1.5 միլիոն հայերի առջեւ, ովքեր զոհ են դարձել մարդկային դաժանության ու վայրագության: Սա ինձ համար մեծ փորձություն էր:
- Ի՞նչ նպատակով ես եկել Երեւան:
- Որպեսզի ծանոթանամ հայկական մշակույթին, մտածելակերպին, շփվեմ հայերի հետ, ծանոթանամ մտահոգություններին ու խնդիրներին: Ապագայում ծրագրում եմ գալ Հայաստան, ապրել Երեւանում, գուցե զբաղվեմ լրագրությամբ: Դեռ ոչինչ չեմ որոշել, սրանք ուղղակի ապագայի ծրագրեր են: Այցիս նպատակը ճանաչողական է: Թուրքիայում հայերի մասին կարծիքները հակասական են: Բացի նրանից, որ թուրքերի գերակշռող հատվածը հայերի հանդեպ թշնամական վերաբերմունք ունի, ստամբուլահայերն էլ չեն սիրում Թուրքիայում աշխատող հայաստանցիներին: Թուրքիայում հայերի միջեւ կարծես պատնեշ է ստեղծվել` մենք ու դուք: Դա սխալ է: Ստամբուլահայերն ասում են` Թուրքիայում խայտառակում են հայերի անունը, հաճախ անվանում են տգետներ: Չգիտեմՙ կարծիքները տարբեր են, դրա համար էլ եկել եմ, որ ծանոթանամ, շփվեմ ու կարծիք կազմեմ:
- Հասցրեցի՞ր երկու շաբաթում ճանաչել հայերին:
- Մասամբ, երբ ինքնաթիռը վայրէջք էր կատարում` անհանգստություն կար, թե ինչպիսի մարդկանց կհանդիպեմ, ինչպիսին կլինի վերաբերմունքը: Տեսա գեղեցիկ վայրեր, շատ հավանեցի Երեւանը, հսկայական ազդեցություն թողեց Գառնու տաճարը: Չեմ կարող ասել, որ լիովին բացահայտել եմ հայերին, լավն էլ տեսա, վատն էլ, բայց հիմա չհարցնես, չեմ կարող ասել: Մի տեսակ ջերմություն էլ զգացի, երեւի նրանից է, որ վաղուց էի ծրագրել այս այցելությունը:
- Ծրագրում ես ապագայում ապրել Երեւանում: Ինչո՞ւ: Դժվա՞ր է ապրել Թուրքիայում:
- Չէ, դժվար չէ, իհարկեՙ որոշակի խնդիրներ կան, որոշակի արտոնություններից զրկված ես, բայց... Ես սիրում եմ Թուրքիան, հայերը կարծում են, որ այս Թուրքիան դարասկզբինից ոչնչով չի տարբերվում, բայց դա այդպես չէ: Շատ բան է փոխվել: Այժմ հասարակությունը բազմաթիվ հարցեր այլ կերպ է ընկալում, նախկին մոտեցումները փոխվել են: Իհարկե, սա չի նշանակում, որ Թուրքիայում խնդիրներ չկան, բայց առաջընթացն էլ ակնհայտ է: Երեւանում ապրելու իմ որոշման վրա ազդեցությունները բազմաթիվ են, նախ շատ կապված էի տատիկիս հետ, նրա պատմությունները, նրա հիշողությունները ինձ վրա հսկայական ազդեցություն են թողել: Հետո տարիների ընթացքում տարբեր դեպքեր են պատահել ու դրանք էլ իրենց ազդեցությունն են ունեցել:
- Մի այդպիսի դեպք ներկայացրու:
- Մի քանի տարի սովորել եմ հայկական դպրոցում, հետո տեղափոխվեցի թուրքական: Եթե քաղաքական առումով չեզոք դիրք ունես, կարծիքներ չես արտահայտում, ապա քեզ լավ են վերաբերվում: Տարիներ առաջ, երբ ադրբեջանցի զինվորը սպանել էր քնած հայ զինվորին, Թուրքիայում դա քննարկվեց լայնորեն: Քանի որ խմբում կային բազմաթիվ ադրբեջանցիներ, հետեւաբար ոգեւորված էին խոսում Սաֆարովի մասին: Զայրացել էի, որ կարելի է մարդու մահով ուրախանալ, ու սկսեցի վիճել նրանց հետ: Այդ ժամանակ Ղարաբաղի մասին ոչինչ չգիտեի, բայց նրանց ասում էի, որ Ղարաբաղը հայկական տարածք է: Ի վերջո ադրբեջանցի տղաներից Արազն ինձ ասացՙ «սուտասան գյավուր», ու սենյակից դուրս եկավ: Այդ վարմունքն ինձ չզարմացրեց, բայց ընկերներս ապշեցրին: Նրանցից շատերը մոտեցան, թե «Լեյլա ի՞նչ է պատահել քեզ, դու մեր կողմից չե՞ս»: Նրանցից շատերը Արազի հետ դուրս եկան սենյակից: Այդ պատմությունը հետագայում հարթվեց, բայց հասկացա, որ թուրքերը միշտ էլ աջակցելու են ադրբեջանցիներին, որ ես այդ միջավայրում ավելորդ եմ:
- Հետագայում Ղարաբաղով հետաքրքրվեցի՞ր:
- Հետաքրքրվեցի, կարդացել եմ, որ Ստեփանակերտը դարձել է գեղեցիկ քաղաք: Ասում են` հրաշալի բնություն ու եկեղեցիներ ունի: Գուցե հաջորդ անգամ այցելեմ նաեւ Ղարաբաղ:
- Ի՞նչ կասես հայ-թուրքական հարաբերությունների մասին:
- Երկու երկրների հասարակությունները պետք է միմյանց ճանաչեն, գուցե շփման արդյունքում շատ հարցեր ստանան իրենց պատասխանները:
- Հնարավո՞ր ես համարում, որ կգա այն օրը, երբ Երեւանում կամ Ստամբուլում հայ եւ թուրք երիտասարդները կկարողանան շփվել, ընկերություն անել առանց ատելության:
- Շատ բարդ է: Ստամբուլահայ եմ, բայց այստեղ շատերն ինձ թուրք անվանեցին: Մի անգամ հյուրանոցի աշխատակցուհին մտավ իմ սենյակ, կարծեցՙ հայերեն չգիտեմ ու խոսքի մեջ թուրք անվանեց: Երբ ասացի, որ ստամբուլահայ եմ, պատախանեց` «միեւնույնն է»: Հասարակությունների միջեւ ատելությունը ամենասարափելին է: Վստահ եմ, որ նույն բանը կկատարվի նաեւ Թուրքիայում:
Կգա այն օրը, երբ հայ եւ թուրք երիտասարդները կկարողանան առանց ատելության զրուցել, դրա համար շատ ջանք պետք է թափել:
- Ի՞նչ ես տանում Հայաստանից:
- Նուռ եմ գնել, վաճառողն ասաց, որ նուռը Հայաստանի խորհրդանիշներից է: Տանում եմ լավ տպավորություններ, հետաքրքրական ակնթարթներ, այս հարցազրուցը: Ընկերացել եմ մի աղջկա հետ` Արաքսյա, տպավորությունները շատ են: Ի դեպ, անվան մասին, ինչո՞ւ չես հարցնում իմ անվան մասին:
- Հարցնում եմ:
- Լեյլան այն կինն է, որ 1915-ին փրկել է տատիկիս կյանքը: Երկար ժամանակ իրենց տանն է պահել: Հետագայում տատիկս խոստացել է, որ եթե դուստր ունենա, աղջկա անունը Լեյլա կդնի, բայց ունեցավ երկու որդի ու թոռնուհուն անվանեց Լեյլաՙի պատիվ խիզախ թրքուհու:
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ