Օրերս Կամերային երաժշտության տանը բարոկկո դարաշրջանի երաժշտության սիրահարները հնարավորություն ունեցան ունկնդրելու մի բացառիկ համերգ: Երեկոն կազմակերպել էր Մշակույթի նախարարությանը կից Հոգեւոր երաժշտության պետական կենտրոնը, նրա գիտաշխատակից եւ կոնսերվատորիայի դոցենտ Գրիգոր Դանիելյանը, որն ավելի հայտնի է իր բեմական կեղծանվամբ իբրեւ Դանիել Երաժիշտ: Նա ներկայացրեց Հայաստանում առաջին անգամ հնչող ավստրիացի կոմպոզիտոր եւ ջութակահար Հայնրիխ Իգնաց Ֆրանց Բիբերի (1644-1704) «15 միստերիաներ Մարիամ Աստվածածնի կյանքից» գործիքային սոնատների շարքից վեց սոնատ:
Բիբերի ստեղծագործությունը, որն ընդգրկում է օպերաներ, բալետներ, հոգեւոր եւ աշխարհիկ տարբեր ժանրերի երկեր, ժամանակին առաջադեմ դեր է խաղացել, նպաստելով երաժշտության հետագա զարգացմանը: Բիբերի երաժշտությունն ազդել է Մոցարտի ոճի ձեւավորման վրա: Իսկ Յ. Հայդնի «Փրկչի յոթ խոսքը խաչի վրա» հայտնի ստեղծագործությունը, պարզապես, շարունակում է Բիբերի 15 միստերիաների գիծը` թե ծրագրայնության, եւ թե երաժշտական լեզվամտածողության առումով: Ակնհայտ է Բիբերի Պասակալյայի ազդեցությունը Ի. Ս. Բախի ջութակի հանրաճանաչ Չակոնայի վրա: Այս ամենի մասին հնարավոր էր կարդալ Ռաֆայելի չքնաղ Մադոննաներից մեկի վերարտադրությամբ զարդարված համերգի գունագեղ բուկլետում, որի տեքստը մանրակրկիտ ուսումնասիրության հիման վրա կազմել էր Դանիել Երաժիշտը: Համերգն, ըստ էության, համերգ-դասախոսություն էր, որի հաջողությանը մեծապես նպաստեց Գր. Դանիելյանի բովանդակալից խոսքը, որով նախադասվում էր յուրաքանչյուր միստերիայի կատարումը:
Տասնհինգ մասանի շարքից հնչեցին 1-ին, 3-րդ, 10-րդ, 12-րդ, 14-րդ եւ 15-րդ սոնատները, գրված ջութակի եւ թվագիր բասի, այսինքն` թավջութակի, երգեհոնի եւ կլավեսինի համար: Երաժշտությունը աչքի էր ընկնում բարոկկո շրջանին հատուկ զգացմունքների վեհությամբ եւ պաթոսով, մեղեդիական ազնվազարմ եւ նրբակերտ ոճով, կրոնական ապրումի խորունկ անկեղծությամբ:
Բիբերի յուրաքանչյուր միստերիա-սոնատը համապատասխանում է Մարիամ Աստվածածնի կյանքի որոշակի դրվագին: Այդ է պատճառը, որ տվյալ սոնատները անվանվում էին նաեւ «աստվածաշնչային սոնատներ»: Համապատասխանաբար, համերգային ծրագրում հնչեցին 1-ին` «Ավետում», 3-րդ` «Յիսուսի ծնունդը», 10-րդ` «Խաչելություն», 12-րդ` «Համբարձում», 14-րդ` «Աստվածածնի վերափոխումը» եւ 15-րդ` «Տիրամոր թագադրությունը» վերնագրված սոնատները:
Ի պատիվ կատարողների պետք է նշել, որ նրանք ցուցադրեցին մեկնաբանման հիրավի բարձր մակարդակ: Գոհար Դանիելյանը, Ֆելիքս Հարությունյանը (ջութակ), Ռուզան Հովսեփյանը (երգեհոն, կլավեսին) եւ Սուսաննա Մուրադյանը (թավջութակ) համարժեք կերպով վերարտադրեցին դարաշրջանի եւ կոմպոզիտորի ոճը: Փակագծերը բացելով ասենք, որ այդ երեկո Կամերային երաժշտության տան բեմում ելույթ էին ունենում (բացի Ս. Մուրադյանից) Դանիելյանների ընտանիքի երեք սերունդների շնորհալի ներկայացուցիչները, ընտանիքի հոր` Գր. Դանիելյանի գլխավորությամբ: Սակայն համերգը ոչ մի րոպե չանցավ ակադեմիզմի (բառիս լավ իմաստով) սահմանները յօգուտ ընտանեկան երաժշտական երեկոյի: Հատկապես նշելի է նվագի եւ հնչյունարտաբերման որակը ջութակահարուհի Գ. Դանիելյանի եւ տակավին պատանի, իր առաջին քայլերը բեմում կատարող Ֆ. Հարությունյանի մեկնաբանման մեջ, որը բնորոշվում էր այսպես կոչված ավտենտիկ կամ պատմական կատարողականության ոճով: Մի ուղղություն, որն անցած դարի 30-ական թվականներից սկսած դարձավ հզոր եւ ինքնատիպ մի երեւույթ` հնագույն երաժշտության եւ գործիքների, մասնավորապես, բարոկկո դարաշրջանի հայտնի եւ անհայտ հեղինակների ձեռագրերի որոնման եւ ուսումնասիրման, հնագույն գործիքների նվագին հատուկ ձայնակորզման հնարանքների վերակոչման, այսինքն, այն ամենին, ինչը հետագայում ստացավ պատմական կատարողականության կամ ավտենտիկ ոճի անվանումը եւ, որը աշխարհին նվիրեց Վերածննդի եւ Բարոկկոյի երաժշտության մեկնաբանման ասպարեզում մասնագիտացած ականավոր դիրիժորների, վոկալիստների, գործիքային կատարողների եւ ամբողջական համույթների փառահեղ մի բույլ: Գրախոսվող համերգի ընթացքում հայ երաժիշտները ցուցադրեցին գեղարվեստական այնպիսի մակարդակ, որը ոչնչով չէր զիջում միջազգային չափանիշներին:
Համերգի ավարտին մատուցվեց եւս մի անակնկալ: Առաջին անգամ հնչեց Մ. Եկմալյանի վաղ շրջանի գործերից ըստ 137 սաղմոսի գրված «Առ գետս բաբելացւոց» խմբերգը, որը ռուսերենից հայերեն էր փոխադրել եւ գործիքային նվագակցությամբ օժտել Դանիել Երաժիշտը: Խմբերգը կատարեց Կոմիտասի անվան կոնսերվատորիայի «Գուսան» երկսեռ երգչախումբը (գեղ. ղեկ. Ռաֆֆի Միքայելյան) Դանիել Երաժշտի ղեկավարությամբ:
Բիբերի Աստվածամոր կյանքից վեց միստերիա-սոնատների կատարումը թողեց անջնջելի տպավորություն: Հուսով ենք, որ շուտով նույն երաժիշտները կներկայացնեն երաժշտասերների ուշադրությանը հնագույն սոնատների այդ ուշագրավ շարքն ամբողջությամբ:
ԱՆՆԱ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր