«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#223, 2009-12-05 | #224, 2009-12-08 | #225, 2009-12-09


ՄԱՅԻՍ ՌԱՖԱՅԵԼՅԱՆ

Ականավոր բեմադրիչ, ազգային ռեժիսուրայի նահապետ Վարդան Աճեմյանը թատերական ինտիտուտում ընդամենը մեկ ռեժիսորական արվեստանոց է ղեկավարել` 1964-ի իր շրջանավարտների միջոցով փորձելով ձեւավորել հայ նորագույն ռեժիսուրայի երկրորդ սերունդը, այն սերունդը, որը եկավ Մարատ Մարինոսյանից, Կիմ Արզումանյանից, Սոկրատ Աքմաքչյանից, Ռաֆայել Ջրբաշյանից եւ մյուսներից հետո, որպեսզի շարունակեր նորարարական այն հաստատումները, որոնք արդեն ազգային թատրոնում գերակայող էին դարձել: Մայիս Ռաֆայելյանն այս սերնդի ներկայացուցիչ է, սերնդի ամենաճանաչված ու վաստակաշատ անուններից մեկը, ում ստեղծագործական կենսագրության շառավիղները չափազանց լայն եւ ընդգրկուն են: Իր դիպլոմային բեմադրությունն իրականացնելով Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան թատրոնում եւ առաջին իսկ աշխատանքով ճանաչվելով որպես սեփական ստեղծագործական թեմա եւ բեմադրական առանձնահատկություններ ունեցող արվեստագետ, նա 7 տարի աշխատեց իր հայրենի բնաշխարհի թատրոնում` այստեղ իրականացնելով Է. Վոյնիչի «Բոռ», Հ. Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ», Ռ. Թոմայի «Ութ սիրագորով կանայք», Ա. Օստրովսկու «Ուշահաս սեր», Գ. Ֆիգեյրեդուի «Աղվեսն ու խաղողը» եւ այլ ստեղծագործությունների բեմադրություններ, որոնք աճեմյանական ռեժիսուրայի տարրերն իրենց մեջ պարունակելով, այնուհանդերձ, նոր եւ ուշագրավ իրողություններ էին մեր թատրոնում: Սիրելով այս թատրոնը, այստեղ ձեւավորելով սեփական արտահայտչականության հիմնատարրերը, Մայիս Ռաֆայելյանն, այնուամենայնիվ, մղվեց սեփական ծրագրերի իրականացման նոր հանգրվանների, աշխատեց Երեւանի պատանի հանդիսատեսի թատրոնում` այստեղ հեղինակելով ճշմարիտ ծրագրային բեմադրություններ, ապա մոտ երկու տասնամյակ գլխավորեց Արտաշատի Ամո Խարազյանի անվան թատրոնը` ձեւավորելով կայուն դերասանախումբ, համարձակ եւ գեղարվեստական որոշակի ելակետերի վրա հենվող խաղացանկ: Արվեստագետն արդեն ստեղծել է մնայուն արժեքներ ինչպես իր կենսագրության, այնպես էլ մի շարք թատրոնների պատմության մեջ, իր տեղն է հաստատել հայ նորագույն թատրոնի ընթացքում` որպես 1960-ականներին ասպարեզ եկած ինքնատիպ ու սեփական նկարագիրն ունեցող բեմադրիչ, որպես մի սերնդի ներկայացուցիչ, որը կոչված էր կամրջելու ռեժիսուրայի ավագ եւ երիտասարդ սերունդներին, հիմնավորելու այն բարեփոխումները, որոնք արդեն 1980-ականներից ի վեր դիմորոշ դարձան մեր թատրոնի եւ ռեժիսուրայի համար: Մայիս Ռաֆայելյանն այսօր իր ուշադրությունը սեւեռել է ռեժիսորական կադրերի պատրաստմանը` հենց նրանց հետ էլ իրականացնելով մի շարք բեմադրություններ, որոնք դասականի ու արդիականի յուրատեսակ ներհյուսումն են, դպրոցի արժեք ձեռք բերած սկզբունքների եւ նոր որոնումների միատեղումը: Նշանակում է` բեմադրիչ-մանկավարժը շարունակում է ստեղծագործել` իր ստեղծագործության մեջ շատ ավելի կարեւորելով ստուդիականությունն ու փորձարարությունը` այսպես նաեւ իր դիրքորոշումն արտահայտելով այսօրվա եւ վաղվա թատրոնի նկատմամբ: Դիտելով ուսանողական բեմում նրա հեղինակած մի քանի տասնյակի հասնող բեմադրությունները, կարելի է վստահորեն ասել, որ նա ժամանակի հետ է եւ ժամանակի մեջ, այլեւ ձգտում է իր ուսանողների հետ գնալ դեպի նոր թատրոնը, արտահայտչական ու ոճական այն տիրույթները, որոնք արդեն արդիական թատրոնի ձեռքբերումներն ու ուղղորդիչներն են եւ, որոնք նախանշում են մի նոր սկիզբ ազգային թատրոնի պատմության մեջ:

Իր քառասունհինգ տարիների ստեղծագործական կյանքում մի քանի տասնյակ բեմադրություններ է իրականացրել Մայիս Ռաֆայելյանը Երեւանի պատանի հանդիսատեսի եւ Վանաձորի Հ. Աբելյանի անվան, Արտաշատի Ամո Խարազյանի անվան, Գյումրու Վարդան Աճեմյանի եւ Գավառի Լ. Քալանթարի ավնան թատրոններում, հայկական ռադիոթատրոնում... Դիմելով յուրատեսակ ստեղծագործական խիզախման, նա ռադիոթատրոնում իրականացրեց ազգային «Սասնա ծռեր» դյուցազնավեպի քառամաս բեմադրությունը, որը ներկայացվեց ՀԽՍՀ պետական մրցանակի: Բեմադրել է հայ, ռուս եւ համաշխարհային դասական եւ ժամանակակից հեղինակների երկեր, շահախնդիր ջանասիրությամբ բեմականացրել Րաֆֆու, Պերճ Պռոշյանի, Եղիշե Չարենցի, Նար-Դոսի, Մուրացանի վիպական ստեղծագործությունները, հայ իրականության մեջ առաջինը` ստեղծել ազգային «Սասնա ծռեր» դյուցազնավեպի քառամաս ռադիոբեմադրությունը, որն իրապես խոշոր իրադարձություն հանդիսացավ ազգային մշակույթի եւ ռադիոթատրոնի պատմության մեջ...Սա պատկառելի ներդրում է մեր թատերարվեստում, որը հնարավորություն է տալիս գնալու դեպի հանրագումարը, դեպի բեմադրիչի ստեղծածի արժեւորումը: Մայիս Ռաֆայելյանը զերծ մնալով հատկապես ոչմայրաքաղաքային թատրոններում գերակայող միտումներից ու հոռի բարքերից, մշտապես մղվեց դեպի կատարելագործում, դեպի աճեմյանական դասականությունը` համոզվելով, որ դա է միակ ճանապարհը: Իսկ «գայթակղություններին», ազդեցություններին նա կարող էր ենթարկվել, քանզի մայրաքաղաքից դուրս գործող թատրոնները, ուր աշխատեց նա մի զգալի ժամանակաշրջան, ռիթմի, գեղարվեստականության իրենց դրույթներն ունեին, իրենց չափորոշիչներն ու գործունեության ձեւերը: Մեծ մասամբ գտնվելով «անիվների վրա», հեռու թատերագիտական մտքից` այս թատրոններից շատերն ապրում էին ինքնաբավ կյանքով` հեռու մնալով ստեղծագործական բարդ խնդիրներից, թատերական նորացումներից, մինչդեռ Ռաֆայելյանը խույս տվեց այդ ամենից, իբրեւ գլխավոր հենարան` ընտրեց Աճեմյանի հաստատած բարձր պրոֆեսիոնալիզմին հավատարիմ լինելու համոզմունքը: Իր ստեղծագործամանկավարժական գործունեության 45 տարիների ընթացքում Մայիս Ռաֆայելյանն ապրել է հենց այդ համոզմամբ, միշտ ձգտել է նորի ու առաջավորի աճեմյանական ըմբռնումը դարձնել իր համար հավատամք եւ ընթացքի փիլիսոփայություն:

ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Մայիս Ռաֆայելյանը այս օրերին նշում է իր ծննդյան 70-ամյակը: Իսկապես վաստակած հոբելյան է սա, որի շրջագծերում մեծ ու իմաստավորված կենսագրությունն է, նշանավոր արվեստագետի ստեղծագործական տքնանքի ու նվիրումների, մարդկային երջանկության ու նաեւ մեծ ողբերգությունների հանրագումարը:

ԼԵՎՈՆ ՄՈՒԹԱՖՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4