«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#223, 2009-12-05 | #224, 2009-12-08 | #225, 2009-12-09


ԴԱՐՉԻՆՅԱՆԸ ՀԶՈՐԱՑՆՈՒՄ Է ՀԱՐՎԱԾԸ

Դեկտեմբերի 12-ին Կալիֆոռնիայում WBC-ի եւ WBA-ի վարկածներով առաջին թեթեւագույն քաշային կարգի աշխարհի չեմպիոն Վախթանգ Դարչինյանը հերթական մենամարտը կանցկացնի WBC-ի վարկածով աշխարհի ժամանակավոր չեմպիոն, 29-ամյա մեքսիկացի բռնցքամարտիկ Թոմաս Ռոխասի հետ: Այս օրերին Դարչինյանը վերջին մարզումներն է անցկացնումՙ մեծ ուշադրություն դարձնելով ֆիզիկական պատրաստությանը: Դարչինյանը նաեւ մարզումային 6-ռաունդանոց մենամարտ անցկացրեց կիսամիջին քաշային կարգում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Զաբ Ջուդայի հետ: «Դա լավ մենամարտ էր ինձ համար: Ես նրան մի քանի ուժգին հարվածներ հասցրի: Եվ թեեւ նա 15 կգ-ով ծանր էր ինձանից, սակայն զգաց իմ հարվածների ուժը: Ես արդեն գրեթե ամբողջությամբ գցել եմ քաշս եւ հիանալի եմ ինձ զգում: Նախկինում մրցել եմ հասակով ինձանից բարձր, ձախլիկ բռնցքամարտիկների հետ, որոնցից մեկն էլ Իրեն Պաչեկոն էր: Այնպես որ Ռոխասի հետ մենամարտում ոչ մի հիմնախնդիր չի ծագի», նշել է Վախթանգը:

Հուլիսին գանացի բռնցքամարտիկ Ժոզեֆ Ագբեկոյից կրած պարտության հետեւանքով Դարչինյանը ոչ միայն զրկվեց թեթեւագույն քաշային կարգում (53,5 կգ) IBF-ի վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճելու հնարավորությունից, այլեւ մրցակցի հետ բախվելու պատճառով գլխին 44 կար էր դրվել: Վախթանգն ամբողջովին ապաքինվել է եւ պատրաստ է կրկին պայքարել չեմպիոնական գոտու համար:

Ֆիզպատրաստության մարզիչ Հեյդեն Նոուլզի գլխավորությամբ Դարչինյանն աշխատում է իր հարվածների ուժն ավելի մեծացնելու վրա: «Երբ ռինգ ես դուրս գալիս ուժեղ հարվածի տիրապետող մրցակցի դեմ, դու պետք է գերազանցես նրան: 57 կգ անձնական քաշի դեպքում պառկած դիրքից 120 կգ եմ բարձրացնում: Սակայն մարզիչս հարվածիս ուժն ավելացնելու համար ուժային վարժությունների օգնությանը չի դիմել: Նա հատուկ մեթոդ է մշակել: Հասկանում եմ, որ ոտքերս ինչպես հարկն է, չեմ օգտագործում: Դեռեւս 8 տարեկանից, երբ սկսեցի զբաղվել բռնցքամարտով, գիտեի, որ ձեռքի հարվածի ուժը սկսվում է ոտքից: Սակայն հնարավորություն չէի ունեցել հատուկ մշակել այդ տեխնիկան: Գիտեմ, որ եթե ոտքերս եւս ներգրավեմ հարվածի ուժն ավելացնելու համար, ինձ կանգնեցնել այլեւս ոչ ոք չի կարող», նշել է Դարչինյանը:

29-ամյա մեքսիկացի Թոմաս Ռոխասը լավ է ճանաչում Վախթանգ Դարչինյանին եւ գիտի նրա հնարավորությունները: Նա լավ է հասկանում, որ դժվարին մենամարտ է իրեն սպասում:

«Շատ երջանիկ եմ եւ մեծ պատասխանատվությամբ եմ նախապատրաստվում Վախթանգ Դարչինյանի հետ կայանալիք առաջիկա մենամարտին: Հավատացեք, ինձ բնավ էլ չի վախեցնում, որ նա է լինելու մրցակիցս: Ինձ հարկավոր է խելացի մարտ վարել, օգտագործել ձեռքերիս երկարությունը եւ արագաշարժությունս: Ես նրանից բարձրահասակ եմ եւ պետք է դա օգտագործեմ: Նա անսանձ կռվարար է, շատ վտանգավոր է իր հարվածների հզորության պատճառով: Սակայն կարծում եմ բավարար փորձ ու վարպետություն ունեմ, որպեսզի հաղթեմ նրան: Անկասկած, դա կլինի իմ կյանքի ամենակարեւոր մենամարտը», նշել է Ռոխասը:

Ռոխասը Դարչինյանի հետ մենամարտին նախապատրաստվել է իր հարազատ Վերակրուս քաղաքում, հոկտեմբերի 24-ին Էվանս Մբամբայի հետ հանդիպումից ընդամենը 3 օր անց սկսելով մարզումները: Այդ մենամարտում նա մրցակցին երկու անգամ նոկդաունի է ենթարկել եւ մրցավարների միաձայն որոշմամբ հաղթող է ճանաչվել:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4