Երկրորդ միջին քաշային կարգի 6 ուժեղագույն բռնցքամարտիկների մրցաշարի կազմակերպիչները որոշել են 2-րդ փուլի հանդիպումների անցկացման վայրերն ու ժամկետները: Երկրորդ փուլը կսկսվի Արթուր Աբրահամի եւ ամերիկացի Անդրե Դիրելի մենամարտով, որը կկայանա 2010-ի մարտի 6-ին Կալիֆոռնիայի Ռանչո Միրաժ քաղաքում: Մյուս երկու մենամարտերը կանցկացվեն ապրիլի 17-ին: Երկրորդ միջին քաշային կարգում WBC-ի վարկածով աշխարհի չեմպիոն, բրիտանացի Կառլ Ֆրոհի եւ աշխարհի նախկին չեմպիոն Միկել Կեսլերի մենամարտը կանցկացվի Եվրոպայում, մրցակիցներից մեկի հայրենիքումՙ Անգլիայում կամ Դանիայում: Իսկ WBA-ի վարկածով 2-րդ միջին քաշային կարգի աշխարհի չեմպիոն Անդրե Ուորդի եւ ամերիկացի Ջերմեն Թեյլորի մենամարտը կկայանա Կալիֆոռնիայի Օքլենդ քաղաքում:
Մրցաշարի առաջատարն Արթուր Աբրահամն է, որը վաստակել է 3 միավոր: 2 միավոր նրան շնորհվել էր Թեյլորին հաղթելու, 1 միավոր էլՙ մրցակցին նոկաուտի ենթարկելու համար: Ուորդն ու Ֆրոհն ունեն 2-ական միավոր, Կեսլերը, Թեյլորն ու Դիրելն առայժմ միավոր չեն վաստակել: