Բասկետբոլի Եվրոպայի գավաթի խաղարկության նախավերջին տուրում վաղը Երեւանի «Հատիսը» Վոլոգդայում ուժերը կչափի տեղի «Չեւակատայի» հետ: Հաղթանակի դեպքում «Հատիսը» ժամկետից շուտ կնվաճի հաջորդ փուլի ուղեգիրը: Երեկ «Հատիսն» ուղեւորվեց Վոլոգդա: Թիմի կազմում հայտավորված են 10 բասկետբոլիստուհիներՙ Բոյանա Վուլիչը, Իվա Սերդարը, Աննա Բաղդոյանը, Տաթեւիկ Ալեքսանյանը, Անի Պետրոսյանը, Գաննա Զարիցկան, Աննա Պոկոյովան, Ջուլիան Վիանին, Միլիցա Դաբովիչը եւ Մաուրիտա Ռեյդը: Բացակայում են թիմի վրացի լեգեոնականներ Նատիա Աբուլաձեն եւ Նատիա Փութկարաձեն: Առաջինը վնասվածք ունի, իսկ երկրորդին նպատակահարմար են գտել թողնել Երեւանում:
Armsport.am-ին տված հարցազրույցում «Հատիսի» գլխավոր մարզիչ Գիա Ղազանչյանը հետեւյալն է նշել. «Ընթացիկ առաջնությունում մենք արդեն ապացուցել ենք, որ կարող ենք հաղթել նաեւ հյուրընկալվելիս: Դրա վառ ապացույցը Ստամբուլում «Բեշիքթաշի» նկատմամբ տոնած համոզիչ հաղթանակն էր: Այն ժամանակ մեծ դժվարությամբ հասանք Ստամբուլ: Հույս ունեմ, որ այս անգամ ժամանակին կհասնենք Վոլոգդա: Թիմի մարտական ոգին բարձր է եւ մենք պատրաստ ենք նաեւ այս անգամ հաջողության հասնել»:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 19-ին Երեւանում «Հատիսը» չափազանց համառ մրցապայքարում 103-99 հաշվով պարտության էր մատնել «Չեւակատային»:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ