«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#224, 2009-12-08 | #225, 2009-12-09 | #226, 2009-12-10


ՕԲԱՄԱՆ ՊԵՏՔ Է ԶՐԿՎԻ ՆՈԲԵԼՅԱՆ ՄՐՑԱՆԱԿԻՑՙ ՄԻՆՉԵՎ ՉԱՐՏԱՍԱՆԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԲԱՌԸ

Նախագահ Օբամայի խոստումների դրժմանն է անդրադառնում «Կալիֆոռնիա կուրիեր» շաբաթաթերթի հրատարակիչ եւ խմբագիր Հարութ Սասունյանն իր ստորեւ թարգմանաբար ներկայացվող հոդվածում:

Ամերիկահայ կազմակերպություններին ուղղված իր նոյեմբերի 20-ի նամակում նախագահ Օբաման դարձյալ ամոթալի բառախաղ կատարեցՙ չօգտագործելով «Ցեղասպանություն» եզրը: Ներկա դրությամբ, մարդ չափազանց միամիտ պետք է լինի հավատալու համար, որ ԱՄՆ նախագահը երբեւէ կօգտագործի այդ եզրը եւ կճանաչի Հայոց ցեղասպանությունը իր պաշտոնավարության ընթացքում:

Իր նախընտրական քարոզարշավի ժամանակ, երբ սենատոր Օբաման բազմիցս խոստանում էր ճանաչել հայերի ցեղասպանությունը, հայ ակտիվիստները նյարդային իրավիճակում հետեւում էին, թե ինչպես են թուրքերը Հայաստանի հետ երկխոսության կեղծ պատրվակն օգտագործում խափանելու համար այդ խոստումների կատարումը ընտրություններից հետո:

Ապրիլի սկզբներին Անկարայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, երբ Օբամային խնդրեցին իր տեսակետն արտահայտել հայերի ցեղասպանության վերաբերյալ, նա ճարպկորեն խուսափեց պատասխանելուց, ասելով. «Իմ տեսակետները հայտնի են եւ ես չեմ փոխել դրանք: Ինչն ինձ շատ է ոգեւորում, դա այն է, որ նախագահ Գյուլի ղեկավարությամբ դուք ականատես եք լինում բանակցությունների մի գործընթացի, որը պետք է լուծի երկարամյա խնդիրների մի ամբողջ շարք, ներառյալ այս մեկը»:

Պարզ էր, որ նախագահներ Օբաման եւ Գյուլը, յուրաքանչյուրն իր դրդապատճառներով, ծրագրում էին նսեմացնել հայերի ցեղասպանության ճանաչումնՙ առաջ տանելով Հայաստան-Թուրքիա բանակցությունների խնդիրը: Նրանք փաստորեն միանում էին Ռուսաստանի եւ Եվրոմիության պիղծ դաշինքինՙ ճնշում գործադրելու Հայաստանի ղեկավարների վրա, որոնք ստիպված էին տեղի տալ: Այս չարագուշակ գործարքը կնքվեց, երբ ապրիլի 24-ի նախօրյակին Հայաստանն ու Թուրքիան հրապարակեցին հաշտեցման ճանապարհային քարտեզը:

Իր ապրիլքսանչորսյան առաջին ելույթի ժամանակ նախագահ Օբաման օգտագործեց այն բոլոր էվֆեմիզմները, որ իրենից առաջ նախագահ Բուշն էր օգտագործել, եւ ինքն էլ խիստ քննադատության էր ենթարկել նրան: Նա կրկնեց իրենՙ ասելով, որ չէր փոխել իր տեսակետներն այդ հարցի վերաբերյալ, բայց այդպես էլ համառորեն չնշեց, թե որոնք էին իր տեսակետները:

Ավելին, նա դրդեց հայերին եւ թուրքերին, որ «անցյալի փաստերի ճանաչումը դարձնեն առաջ գնալու իրենց ջանքերի անբաժանելի մասը»: Նա իր աջակցությունն առաջարկեց նրանց «կարեւոր եւ խիզախ երկխոսության քայլերին» եւ ողջունեց հարցերի կարգավորման «ճանապարհային քարտեզի» ընդունումը:

Հետեւապես, նախագահ Օբաման կասկած չթողեց, որ ինքը եւս զոհաբերելու էր Հայոց ցեղասպանության ճշմարտությունը հայ-թուրքական խաբուսիկ հաշտեցման մատուռի առաջ:

Անցյալ ամիս ամերիկահայ կազմակերպություններին ուղղված իր նամակում նա դարձյալ հաստատեց, որ իր տեսակետները «20-րդ դարի ամենամեծ գազանություններից մեկի վերաբերյալ» չեն փոխվել: Նա դարձյալ չճշգրտեց իր այդ տեսակետները: Այդ նամակը պատասխանն էր Ամերիկայի հայկական համագումարի, Հայկական բարեգործական ընդհանուր միության եւ ԱՄՆ Հայկական առաքելական եկեղեցու նամակին, որոնցում հայկական այդ երեք կազմակերպություններն իրենց աջակցությունն էին արտահայտել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ստորագրված արձանագրություններին եւ խնդրել, որ Սպիտակ տունը ճանաչի Հայոց ցեղասպանությունը:

Նախագահ Օբաման խելամտորեն շահագործեց հայկական կազմակերպությունների «աջակցություն» արտահայտությունը, բայց միաժամանակ չկատարեց Հայոց ցեղասպանությունը ճանաչելու իր նախընտրական քարոզարշավի խոստումը:

Խոստումը պահելը բխում է նախագահ Օբամայի շահերից, քանի որ դրանով նա կվերականգնի իր արժանահավատությունը բարոյական եւ քաղաքական տեսակետներից եւ կմիանա նախագահ Ռեյգանի, տարբեր երկրների ազգային խորհրդարանների, միջազգային կազմակերպությունների եւ Հոլոքոսթի ու ցեղասպանության մասնագետների այն մեծ փաղանգին, որոնք արդեն իսկ ճանաչել են Հայոց ցեղասպանության փաստը:

Նախագահ Օբաման չպետք է զարմանա, եթե ամերիկահայերը դադարեն նրան վստահելուց եւ չաջակցեն նրան երկրորդ անգամ ընտրվելու գործում: Նրանք, ովքեր խաղ են անում Ցեղասպանության հետ, չպետք է պարգեւատրվեն: Իսկ ովքեր խիզախություն չունեն ճշմարտությունն ասելու, արժանի չեն խաղաղության Նոբելյան մրցանակին:

Թարգմ. Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4