Հունվարի 12-ին, ժամը 11-ին ՀՀ Սահմանադրական դատարանը կքննի Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների հաստատման վերաբերյալ հայ-թուրքական արձանագրությունները: Փաստաթուղթը քննարկման կներկայացնի արձանագրություններն ուսումնասիրող դատավոր Վլադիմիր Հովհաննիսյանը :
Հայ-թուրքական արձանագրությունների վավերացման ընթացակարգը հետեւյալն է.
ՀՀ ԱԳՆ-ն նախաձեռնում է ստորագրված փաստաթղթերի միջգերատեսչական ընթացակարգը, ինչից հետո դրանք ուղարկում են ՀՀ նախագահին: Երկրի ղեկավարն արձանագրություններն ուղարկում է ՍԴ, որտեղ որոշում է կայացվում արձանագրություններում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի սահմանադրությանը համապատասխանության հարցը: Համապատասխանության մասին որոշում կայացնելու պարագայում ՀՀ նախագահը արձանագրությունները կուղարկի ԱԺ` քննարկման եւ վավերացման, որտեղ սահմանված կարգով վավերացվելուց հետո ԱԳՆ-ն արձանագրությունների վերաբերյալ կկազմի վավերագիր եւ կներկայացնի նախագահի ստորագրմանը: Վավերագիրը կամրագրվի ՀՀ կնիքով եւ ԱԳ նախարարի ստորագրությամբ: Ավարտական փուլում տեղի կունենա վավերագրերի փոխանակում, որից հետո դրանք մտնում են ուժի մեջ:
Եթե ՍԴ-ն որոշում կայացնի արձանագրություններում ամրագրված պարտավորությունների անհամապատասխանության մասին, ապա գործընթացը կկասեցվի: Հայ-թուրքական հարաբերությունների գործընթացը կարող է կասեցվել նաեւ ԱԺ-ում, երբ խորհրդարանականները քննարկման ժամանակ չվավերացնեն արձանագրությունները:
Հ. Հ.