Լուր-1. Երեկ անգամ քվեարկությունների միջակայքում ԱԺ նիստերի դահլիճը կիսով չափ լիքն էր, այնպես չէր, ինչպես նախորդ օրերին, երբ որոշ պահերի երկու-երեք պատգամավոր էր ներկա քննարկումներին: Պատճառն ավելի քան տեսանելի էր` կորեական այցից վերադարձել էր ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, որի ներկայությամբ պատգամավորներն աշխատում են առանձնապես բացակայություններով շատ աչքի չընկնել:
Լուր-2. Երեկ Ազգային ժողովում տեղի ունեցավ այն փակ, գաղտնի քվեարկությունը, որի արդյունքը ՀՌԱՀ-ը 4 անդամով լիցքավորելն է: Ինչպես եւ վստահ էինք` ոչ մի անակնկալ, այդ 4-ը դարձան Կորյուն Առաքելյանը, Արամ Մելքոնյանը, Արմեն Մկրտչյանը, Հայկ Քոթանյանը, այնպես որ հենց այս պատկերն էինք կանխատեսել երեկ, ոլորտի մասնագետների ականջը կանչի:
Լուր-3. Երեկ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանի ներկայացմամբ քննարկվում էր մի նախագիծ, որով նույն հանձնաժողովին հանձնարարվելու է դիտարկել 2008 թվականի մարտի 1-2-ին Երեւանում տեղի ունեցած իրադարձություններն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի եզրափակիչ զեկույցի առաջարկների կատարման ընթացքը: Ավելի վաղ ՀՅԴ-ն եւ «Ժառանգությունը» այս նույն խնդիրն իրականացնելու համար առաջարկում էին մի նոր ժամանակավոր հանձնաժողով ստեղծել, որը մեծամասնությունն ընդունելի չէր համարում: Բաց է մնում, սակայն, այն հարցի պատասխանը, թե ինչպե՞ս պիտի իշխանությունն իշխանությանը վերահսկի: