Գեղանկարիչ, քանդակագործ Գեւորգ Մշեցին իր հերթական անհատական ցուցահանդեսը, որը դեկտեմբերի 4-ին բացվեց Ստեփանակերտի պետական պատկերասրահում, նվիրել է «Մարդու իրավունքների պաշտպանության», նաեւ Արցախի ինքնորոշման անկախության հռչակագրի օրերինՙ դեկտեմբերի 10-ին: Ցուցահանդեսի բացմանը ներկա են եղել Արցախի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, Ստեփանակերտի փոխքաղաքապետը, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր: Ցուցահանդեսին Գեւորգ Մշեցին ներկայացրել է 42 աշխատանք, որոնցից 12-ը քանդակ եւ 30-ը գեղանկար:
«Ազգը» զրուցեց արմատներով Մուշից Գեւորգ Մշեցու հետ ու խնդրեց պարզաբանել, թե ինչո՞ւ է ցուցահանդեսը կրում «21 տարի անց Արցախ» խորագիրը: «21 տարի առաջ Հայաստանի նկարիչների միությունից մի խումբ նկարիչներ Արցախում ցուցահանդես էին բացել, եւ մենք մեծ դժվարությամբ Իջեւանից-Ղազախ ճանապարհով հասանք Ստեփանակերտ եւ փետրվարի 12-14-ը ներկա գտնվեցինք այդ ցուցահանդեսի բացմանը, հետո մեկական գործ նվիրեցինք պատկերասրահին: Իսկ հետո մեզ պարզապես դուրս քշեցին Լաչինով մինչեւ Գորիս: Այդ օրերին արցախյան շարժումը դեռ նոր էր սկսվել: Եվ ահա 21 տարի անց ես իմ անհատական ցուցահանդեսն են բացում Արցախում, որն էլ հիմք հանդիսացավ նման խորագիրը ընտրելուն»:
Գեւորգ Մշեցին պատմում էր, որ Շուշին ազատագրելուց մեկ տարի անց, մեկ ուրիշ նկարիչների խմբի հետ Շուշիի վարժարանում բացել են ցուցահանդես, ու կրկին պատկերասրահի հավաքածուները համալրել եւս 10 նվիրատվությամբ: «Եթե մեր քաջարի հայորդիները զենքով էին պաշտպանում հայրենի հողը, մենք էլՙ արվեստագետներս զենքի փոխարեն վրձնով էինք մեր պարտքը կատարում հայրենիքի առջեւ ու մեր խոսքն ասում սերունդներինՙ թողնելով մեր մնայուն արժեքները», ահա այսպես էր արտահայտվում մշեցու թոռը, որը հիանալով Արցախ աշխարհի բնությամբ, մշակույթով ու պարզ, սովորական հյուրասեր ղարաբաղցիներով, սկսել է հաճախակի այցելել: Ու ամեն այցից հետո նոր գործեր են ծնվել: 2006-ին, երբ Բերձորում հիմնվում է պատկերասրահ, կրկին մի խումբ նկարիչներ գնում են Արցախ, մասնակցում այդ կարեւոր իրադարձությանը եւ կրկին քանդակ ու կտավներ նվիրում նորաստեղծ պատկերասրահին:
«Արցախը մեր հողն է, մեր ջուրը, եւ ես գնացել եմ Արցախ աշխարհում իմ ցուցահանդեսը բացելու, որպեսզի ի լուր աշխարհի ասեմ. ես մի բուռն եմ այդ հողի, ես մի զարկն եմ այդ բազկիՙ Արցախ», հպարտորեն ասում էր Գեւորգ Մշեցին: Ստեփանակերտում ցուցահանդեսը բացելուն աջակցել է ԼՂՀ-ի մշակույթի նախարար Նարինե Աղաբալյանը: Ցուցահանդեսին ներկայացված 12 քանդակներն ունեն իրենց խորագիրըՙ «Ոչ պատերազմին»: Ուշագրավ են «Լուսանկար ճակատ մեկնելուց առաջ», «Խաղաղության առագաստանավը», «Խաղաղության սանդերք», «Հավերժ պայքար» եւ այլ գործերը: Իսկ «Խաղաղություն ամենեցուն» քանդակը կազմված է կրակված փամփուշտներից, այն արկերի բեկորներից, որոնցից ամեն մեկից մի քաջազուն է զոհվել ու այսօր այդ փամփուշտները մի ծաղկեփնջի պես զարդարված պարկուճներով, մի չքնաղ գործ է, որը նվիրվել է ազատամարտիկների հիշատակին: Գեւորգ Մշեցու կտավների գույներն այնքան արտահայտիչ են, այնքան հստակ, որ անմիջապես կարողանում ես ըմբռնել ավանգարդ-ժամանակակից ոճը, որը գալիս է նկարիչ-քանդակագործի երակներից ու հասնելով սրտինՙ դառնում յուրօրինակ ստեղծագործություն: Ազատ մտածող, ազատ ստեղծագործող արվեստագետը, իր գույներով է արտահայտում իր զգացողությունները:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ