«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#225, 2009-12-09 | #226, 2009-12-10 | #227, 2009-12-11


«ԹՈՒՐՔԵՐԻՆ ՀԱՋՈՂՎԵԼ Է ԱՄՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ԻՐԵՆՑ ՄՈՏԵՑՈՒՄԸ»

«Դատելով Օբամա-Էրդողան հանդիպումից, այն Թուրքիայի համար եղել է շահավետ, եւ թուրքերին հաջողվել է ԱՄՆ նախագահին ներկայացնել իրենց մոտեցումը հայ-թուրքական հարաբերության կարգավորման կապակցությամբ», երեկ «Փաստարկ» ակումբում ասաց ՀՅԴ բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը: «Թուրքիան այս անգամ էլ կարողացավ իր տեսակետը ներկայացնել եւ ինչ-որ տեղ ընդունելի դարձնել Ամերիկայի նախագահի համար», ասում է Կիրո Մանոյանը, դատելով հանդիպումից հետո արված արտահայտություններից եւ տեղեկատվական հոսքերից:

Ըստ Կիրո Մանոյանիՙ դա եւս մի պատճառ է, որ Հայաստանը իշխանությունը հայտարարի, որ Թուրքիան խախտել է ֆուտբոլային դիվանագիտության կանոնները, եւ դուրս գա բանակցային գործընթացից: Կիրո Մանոյանն այդ համատեքստում հատկանշական է համարում, որ դեկտեմբերի 7-ին Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը չտվեց հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ իր եզրակացությունը, երբ, Թուրքիայի օրենսդրության համաձայն, դեկտեմբերի 7-ը հանձնաժողովի եզրակացության վերջնաժամկետն է:

«Մենք ինչքան ուշացնենք գործընթացից դուրս գալը, այնքան կխրվենք, եւ կնվազի մեր վնասները կրճատելու հնարավորությունը», հայտարարեց Կիրո Մանոյանը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4