Մինչ ամփոփվում էին վարչապետ Էրդողանի Միացյալ Նահանգներ կատարած այցելության արդյունքները, հրաժարական տվեց ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Նաբի Շենսոյը: Թերեւս այս հրաժարականը կարելի է համարել այցի գլխավոր արդյունքը: Դեսպան Շենսոյի հրաժարականի մասին երեկվա համարում նշել է «Զամանը», տեղեկացնելով, որ նա Թուրքիայի վարչապետին ԱՄՆ-ից Մեքսիկա ուղեւորելուց հետո հրաժարականի դիմում է ներկայացրել Անկարա, եւ դիմումն ընդունվել է:
Ո՞րն է հրաժարականի պատճառը: Պարզվում է, Անկարան սպասում էր, որ Օբամա-Էրդողան երկկողմ հանդիպմանը կմասնակցեն նաեւ պետքարտուղար Քլինթոնն ու արտգործնախարար Դավութօղլուն: Սակայն, երբ Էրդողանը հայտնվում է Սպիտակ տանը, այնտեղ թուրքական կողմը կանգնում է փաստի առջեւ: Դրա հետ, ինչ խոսք, պարզվում է, որ նախագահ Օբամայի հետ վարչապետ Էրդողանի հանդիպումը արտգործնախարարների մասնակցությամբ կազմակերպելու թուրքական կողմի պահանջը չի հաղորդվել ամերիկյան կողմին:
Իմանալով այդ մասին, Ահմեդ Դավութօղլուն զայրացել է, իսկ դեսպան Շենսոյն, ի պատասխան, ասել. «Դուք կարող եք ինձ ազատել պաշտոնից»: Թուրքիայի արտգործնախարարության խոսնակը դեսպանի անակնկալ հրաժարականի առնչությամբ լրագրողներին արած հայտարարության մեջ ասել է, որ շուտով նոր նշանակում կկատարվի: Իսկ վարչապետ Էրդողանը Մեքսիկայում հրաժարականին արձագանքել է «թող բարի լինի» արտահայտությամբ:
Հ. Չ.