Եվրոպական հաղորդակցողների միությունը դրամական տուգանք է սահմանել Ադրբեջանի եւ Իսպանիայի համար, իրազեկ ենք դառնում դեկտեմբերի 8-ին ԵՀՄ գլխավոր քարտուղարության հաղորդագրությունից: 2009-ի մայիսին Մոսկվայից «Եվրոտեսիլ» մրցույթը հեռարձակելիս իսպանական RTVE եւ ադրբեջանական Ictimai TV-ն խախտել են օրենքը: Իսպանական հիշյալ հեռուստաալիքը կիսաեզրափակիչ փուլը ցուցադրել է կրճատումներովՙ հնարավորություն չընձեռելով իսպանացի հեռուստադիտողներին քվեարկելու կիսաեզրափակիչ փուլի ժամանակ:
Ադրբեջանի հարցն այլ է. ԵՀՄ-ի գնահատմամբՙ այստեղ քաղաքական ենթատեքստ կա: Ադրբեջանական Ictimai TV-ն խլացրել է հեռուստաազդանշանը այն ժամանակ, երբ հայերն են ելույթ ունեցել: Ինգա եւ Անուշ Արշակյան քույրերին քվե տալու թվահամարը էկրանին չի երեւացել: Իսկ այն 43 հեռուստադիտողները, որոնք այդուհանդերձ ձայն են տվել Հայաստանի մասնակիցների օգտին, ոստիկանությունում հարցաքննվել են:
Իսպանիայի նման Ադրբեջանն էլ դրամական տուգանք պիտի վճարի (ըստ դեկտեմբերի 9-ին լրատու աղբյուրներից մեկի հրապարակմանՙ 2700 եվրո) , իսկ կանոնների հետագա խախտման դեպքում երկրին սպառնում է 3 տարով դուրս թողնել մրցույթից: ԵՀՄ-ն ընդգծել է, թե չի հանդուրժելու կանոնների խախտումը, հատկապես, եթե դրանք քաղաքական բնույթի են:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա