«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#225, 2009-12-09 | #226, 2009-12-10 | #227, 2009-12-11


ՌՈՒՍ-ՎՐԱՑԱԿԱՆ «ՎԵՐԻՆ ԼԱՐՍԸ» ՏՈՒՆ-ՏՈՒՆԻԿԸ

Ռուսաստան-Վրաստան հարաբերությունները բավականին կանխատեսելի են այն մոտեցմամբ, որ դրանցում փոփոխությունները բնավ էլ բանակցությունների, ինչ-որ տարաձայնությունների հաղթահարման կամ ընդհանրական գնահատականների հանգելուն ձգտող իրավիճակ չեն ենթադրում, այլ շատ դեպքերում տրամաբանությունից դուրս են:

Ռուս-վրացական սահմանի Վերին Լարսի անցակետի առնչությամբ վրացական կողմն այնպիսի հետաքրքրական հայտարարություններ է անում, որ ավելի հաճախ կարելի է մոռանալ Վրաստանում հակահայկական տրամադրությունների գոյության մասին ու կարծել, թե Վրաստանը սեփական խնդիրները Ռուսաստանի հետ մի կողմ թողածՙ անհանգստացած է Հայաստանի խնդիրներով:

Հայ-թուրքական հարաբերությունների առնչությամբ ակտիվացումները Վրաստանում զուգակցվեցին Վերին Լարսը բացելու հայտարարությունների հետ թերեւս այն դատողությամբ, որ Վրաստանը, տարբեր գնահատականների ու կարծիքների համաձայն, հայ-թուրքական սահմանի բացման պարագայում էլ լարախաղացի նման չի «հավասարակշռվի» Հայաստանի շահերով` երբ ու որտեղ ու ինչպես ուզենա:

Վրաց-ռուսական ցամաքային սահմանի վաղուց չգործող Վերին Լարսի անցակետը վերջերս նախ դարձավ Վրաստանի անվտանգության խորհրդի նիստի քննարկման առարկա, ինչն ինքնին հետաքրքրական փաստ էր, որին «Ազգն» անդրադարձել է: Անվտանգության խորհուրդը հարցը նախագահ Միխեիլ Սաակաշվիլու նախագահած նիստում քննարկեց ու ի դեմս խորհրդի քարտուղար Էկա Տկեշելաշվիլու տեղեկացրեց, թե Վերին Լարսի անցակետի բացման բանակցությունները ներկա դրությամբ շարունակվում են:

Մինչեւ Անվտանգության խորհրդի քարտուղարի հայտարարությունը, Վրաստանը, ի դեմս արտաքին գերատեսչության ղեկավար Գրիգոլ Վաշաձեի , արդեն իսկ հայտարարել էր, թե Լարսի բացման բանակցություններ, այնուամենայնիվ, անցկացվում են, սակայն տեխնիկական մակարդակով: Վաշաձեի խոսքերով, անցակետի բացումը կապված էր տեխնիկական հարցերի հետ, ընդ որում, անցակետի բացման առնչությամբ վրացական կողմը տեխնիկական բնույթի բանակցություններ էր վարում հայկական կողմի հետ:

Որքան էլ նախորդ հայտարարությունների համատեքստից դուրս լինի, բայց Անվտանգության խորհրդի վրաց քարտուղարը ասվածին հավելել էր, թե փորձ է արվում Վերին Լարսի անցակետի բացման բանակցություններում պաշտպանելու ինչպես Վրաստանի, այնպես էլ Հայաստանի շահերը: Այսինքնՙ Վերին Լարսը բացելու հարցում Վրաստանը ամենայն հեշտությամբ թաքնվում է հայկական շահի հետեւում` բանակցությունների թեկուզ տեխնիկական հարցերը, այնուամենայնիվ, թողնելով հայկական կողմին:

Անվտանգության խորհրդի փակ նիստից հետո պատգամավոր Ջոնդի Բագատուրիան հայտարարեց, թե Լարսի բացման հարցը լուծված է: Պատգամավորը չէր մանրամասնել, սակայն, թե իր ընկալմամբ ինչ է նշանակում լուծված լինելը` բացում, թեմայի քննարկման ավարտ, հաջողված բանակցություններ, թե՞ մեկ այլ վիճակ:

Ինչեւէ, ըստ «Ինտերֆաքսի», Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը երեկ հայտարարել է, թե «Վերին Լարսի» որեւէ անցակետի բացման թեման լիովին քննարկելի թեմա է, որի համար Մեդվեդեւը առանձնակի խոչընդոտներ չի տեսնում: ՌԴ նախագահը, պատասխանելով եվրոպական եւ ասիական ԶԼՄ-ների համաժողովի մասնակիցների հարցերին, նաեւ հայտարարել է, թե խոչընդոտ չի տեսնում Մոսկվայի եւ Թբիլիսիի միջեւ ուղիղ հաղորդակցության համար` նկատի ունենալով, որ դադարեցված է Վրաստան-Ռուսաստան հաղորդակցությունը:

Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունն էլ, իր հերթին, պատրաստակամություն է հայտնել քննարկելու Վրաստանի հետ օդային հաղորդակցության հարցը, եթե վրացական կողմը դիմի այդ գերատեսչությանը: «Ընդհանրապես Վրաստանի հետ օդային հաղորդակցության հարցը կարող է քննարկվել վրացական կողմից ՌԴ տրանսպորտի նախարարություն դիմելու դեպքում», հայտնել է ՌԴ տրանսպորտի նախարարության պաշտոնական ներկայացուցիչը:

Հասկանալի է, որ Ռուսաստանը, պատրաստակամությամբ հանդերձ, չի պատրաստվում ուղղակի վերցնել ու բացել անցակետը, հատկապես որ հայտարարում է, թե դրա համար նախ պետք է Վրաստանը դիմի: Իսկ թե Վրաստանը, Հայաստանին «թիկունք» լինելու մեծագույն «մղումով» այնուամենայնիվ կդիմի՞ Ռուսաստանին` դժվար է ասել: Դա ավելի շուտ կախված կարող է լինել Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլու այդ օրվա տրամադրութունից, քան այն ամենից, ինչ պայմանավորում է Լարսի բացումը կամ այդօրինակ գործընթացները:

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4