«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#225, 2009-12-09 | #226, 2009-12-10 | #227, 2009-12-11


ՉՊԻՏԻ՞ ԼԻՆԵՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԴԱՇՏԻ ԱՐՏՈՆՅԱԼՆԵՐ. ԱՅԴ ԵՐԲՎԱՆԻ՞Ց

Ազգային ժողովի նախագահն ու վարչապետը ջան ասում, ջան լսում էին

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Երեկ Ազգային ժողովի աշնանանային նստաշրջանի վերջին օրվա վերջին րոպեներին 82 կողմ, 16 դեմ եւ 1 ձեռնպահ ձայներով ընդունվեց 2010 թվականի բյուջեի փաստաթուղթը: Բայց ողջ ինտրիգն այն էր, որ բյուջեի առիթով իրար ասելիք ուղղեցին ե՛ւ ընդդիմախոս ու իշխանական պատգամավորները, ե՛ւ ԱԺ նախագահն ու երկրի վարչապետը, այսինքնՙ ՀՀԿ համագումարին հնչած ուղերձներից հետո այս առաջին տեղն էր, որ իրար հետ հրապարակավ «աշխատում էին» երկրի առանցքային դերակատարները, եւ միայն երկրի նախագահն էր պակաս այս համապատկերում:

Հիշեցնելով ՀՀԿ համագումարում Սերժ Սարգսյանի ասած այն խոսքը, թե կառավարությունն այսուհետեւ ինքն է բացահայտելու իր թերությունները եւ դրանց մասին խոսելու է բաց եւ թափանցիկ, վարչապետ Տիգրան Սարգսյանը 2010 թվականի բյուջեի վերաբերյալ իր ավարտական խոսքում նկատեց. «Բայց մեր ընդդիմախոսները պատրաստ չեն կառավարության այս նոր աշխատաոճին, որովհետեւ այն պրոբլեմները, որ մենք բացահայտում ենք, եւ որոնց մասին խոսում ենք, նրանց թվում են անբավարար, եւ շատ հաճախ մեզ վերագրում են այնպիսի բաներ, որոնք գոյություն չունեն». եւ տեղում էլ անդրադարձավ Անահիտ Բախշյանի եւ Վահան Հովհաննիսյանի գնահատականներին` ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանի` իրենց հարցադրումներին պատասխանների առումով: Վարչապետը նկատեցՙ Տիգրան Դավթյանը բոլոր պատասխանները տվել է հարգալից` ոչ մի թշնամական վերաբերմունք չի դրսեւորել` ասելով, որ կարդացել է ելույթի սղագրությունը. «Եթե այդպիսի տպավորություն է թողել Տիգրան Դավթյանը, ապա նա ամենեւին էլ չի ցանկացել այդպիսի արտահայտություն թույլ տալ», իր նախարարին պաշտպանեց վարչապետը:

Իսկ խոսքը վերաբերում էր ահա թե ինչին. երբ «Ժառանգության» Ստեփան Սաֆարյանը , հարց ուղղելով ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանին, ասել էր, թե իրենց բոլոր առաջարկները մերժվել են, եւ փաստորեն ընդդիմության հանդեպ վերաբերմունքը բյուջեում տարածվել է հասարակության այն շերտերի վրա, որոնց վերաբերյալ առաջարկներ էին արվել: Տ. Դավթյանն ի պատասխան ասել էր, թե «ժառանգություն» խմբակցությունն ընդհանրապես դեմ է բյուջեին, այնպես որ առաջարկները (առաջարկ անելը) խմբակցության` ընդհանրապես բյուջեին դեմ լինելու առաջարկի հետ չեն բռնում:

Սրան Անահիտ Բախշյանն արձագանքել էր` «Կրթված մարդ եք, գոնե բացահայտ կերպով ընդդիմություն չընդունելը թաքցրեք», ելույթում էլ նշել էր, թե կոալիցիայի առաջարկներն ընդունվել են բյուջեի վերջնական տարբերակում, ընդդիմության առաջարկները` ոչ. «Թիվ 11 դպրոցը մնում է ոսկեզօծել», իր օրինակների թվում նշեց նա` նկատելով, որ շատ ավելի ֆինանսի կարոտ դպրոցներ եւ հիմնարկներ են մնացել առանց ֆինանսավորման: Իսկ Վահան Հովհաննիսյանն ավելի էր խտացրել, թե ընդդիմության հանդեպ նման թշնամական վերաբերմունք մինչեւ հիմա չի եղել ոչ մի կառավարության կողմից` պատժվում են այն մարդիկ եւ գյուղերը, որոնք համարձակվել են իրենց պրոբլեմների լուծումը կապել ընդդիմության հետ:

Բայց վարչապետ Սարգսյանն աշխատեց հարթել այդ միջադեպը. «Չկա թշնամական վերաբերմունք, եւ մի փորձեք մեր հարգալից վերաբերմունքն ընդդիմության նկատմամբ տեղափոխել այլ դաշտ», ասաց`ավելացնելով, որ չի հաջողվի կառավարությանը դրդել` թշնամական վերաբերմունք դրսեւորել ընդդիմախոսների նկատմամբ եւ բարձրացված բոլոր հարցադրումները գտնվելու են կառավարության ուշադրության կենտրոնում, ընդդիմախոսների հանդեպ էլ ընդգծված հարգալիր են վերաբերվելու` խնդրելով, որ դա փոխադարձ լինի:

Վերադառնալով 2010 թվականի բյուջեւ վերջնական տարբերակին, որ ներկայացվեց երեկ, նշենք Տ. Դավթյանի բերած ընդհանուր թվային պատկերը:

Խմբակցությունների ներկայացրած 525 առաջարկից 210 ընդունվել են` մոտ 6,8 մլրդ դրամի սահմաններում: Փոփոխված բյուջեի եկամտային մասը 742 մլրդ դրամ է, որը 65,5 մլրդ դրամով ավելի է, քան նախնական տարբերակը, ծախսերը կազմելու են 935,5 մլրդ դրամ (75 մլրդ-ով ավելի, քան նախնական տարբերակը), բյուջեի դեֆիցիտը մի փոքր ավելացել է` կազմելով 193,4 մրդ դրամ: Ավելացել են փաստորեն հարկային եկամուտների թվերը: Բյուջեում ներառվել է ավանդների փոխհատուցման համար գումար` 1,7 մլրդ դրամ, ինչը չկար նախնական տարբերակում, էապես ավելացել են պաշտպանության ոլորտի ծախսերը` 19, 4 մլրդ դրամով` ընդհանուր գումարը կազմելով 131 մլրդ դրամ: 108 մլն եւրո վարկերը ԵՄ-ից նույնպես բյուջեի ծախսերին են ուղղվելու (համենայն դեպս` այդ գումարի ոչ դրամաշնորհային մասը), 1 տրիլիոն դրամ հասցնելով բյուջեն, ինչի մասին Սերժ Սարգսյանը հայտարարել էր ՀՀԿ համագումարում: ՕԵԿ-ի առաջարկների մեծամասնությունն, ըստ Հովհաննես Մարգարյանի , ներառվել էր, այնպես որ ՕԵԿ-ը կողմ է բյուջեին: ԲՀԿ-ն նույնպես կողմ էր, բայց ոչ այն պատճառով, ինչպես նշեց Արամ Սաֆարյանը , որ քննադատելի բան չկա, այլ որ պաշտպանության եւ ԼՂ բաժին ֆինանսավորումները չէին կրճատվել-ավելացել էին, կառավարությունը սոցիալական ոլորտում հիմնական պարտավորությունները կատարելու է, եւ որ վերջապես գուցե դուրս գանք ճգնաժամից: Ֆինանսական եւ բյուջետային հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը «էականարեն եւ դրականորեն տարբերվող» անվանեց բյուջեի վերջնական տարբերակը նախնականից: Նշելով, թե վերջնական տարբերակն արձագանքել է պատգամավորների մտահոգություններին, վարչապետը առանձնապես դրանք` պաշտպանական ծախսերի, ԼՂ ներարկման ավելացումները, ավանդների փոխհատուցումը եւ արտաբյուջետային միջոցների օգտագորման վերաբերյալ պատգամավորների մտահոգությունները, վստահեցնելով, թե վերջին խնդրում կառավարության գործելակերպը լինելու է այդ միջոցները ծախսման թափանցիկությունը, եւ եթե հարկ լինի` դրա օրենսդրորեն կարգավորումը: Ապա իր ելույթում խոսեց ԱԺ-կառավարություն համագործակցության մասին. երբ կառավարությունը օրենք է ներկայացնում ԱԺ` ունենալով մեծամասնություն, չպե՞տք է քննարկվեն դրանք ԱԺ-ում, չպե՞տք է վերախմբագրվեն` ընդունելով պատգամավորների առաջարկները, այլ պարտադրվե՞ն պատգամավորներին. «Իհարկե ոչ, եւ դա ամենեւին չի նշանակում կառավարության հրաժարում սկզբունքային դիրքերից: Եթե խոցելի կետեր կան օրենքներում` կառավարությունը խմբագրում է դրանք: Նույն էլ պատգամավորների օրենսդրական նախաձեռնություններին է վերաբերում, երբ բերվում են կառավարություն (հարկային փաթեթն օրինակ բերեց-Մ.Խ.)»: Եվ ասաց, թե փոխադարձ համաձայնությամբ են հանգում որոշումներին. «Եթե կառավարությունը չընդունի պատգամավորների առաջարկները, այդ գործելաոճը վտանգավոր է եւ բերում է կոնֆլիկտի, կամ եթե պատգամավորները չընդունեն կառավարության դիտողություններն իրենց նախաձեռնությունների վերաբերյալ. փառք աստծո, այսօր այդ հարաբերություները չափազանց կոնստրուկտիվ հարաբերություններ են, եւ ես համոզված եմ, որ այս մթնոլորտը կկարողանանք պահպանել նաեւ ապագայում, այդպիսի երկխոսության արդյունքում օրենսդրական նախաձեռնություններ շահում են»:

Իսկ մինչ այդ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ասել էր. «Մեր երկրի խնդիրների լուծման ճանապարհին կառավարությունը միայնակ չէ»: ԱԺ նախագահը հիշեց, որ վարչապետն ԱԺ ամբիոնից մի քանի անգամ անդրադարձել է տնտեսական օլիգոպոլիաների խնդրին` սոցիալական արդարության վերականգնման համատեքստում կարեւորելով օլիգոպոլիաների դեմ պայքարը. «Այո, մրցունակ եւ զարգացող տնտեսություն ունենալու ճանապարհին լուրջ խոչընդոտ են տնտեսական մոնոպոլիաները, եւ ես որպես խորհրդարանի ղեկավար բազմիցս ասել եւ հիմա կրկնում եմ, որ տնտեսական դաշտում պիտի լինեն մրցակցային հավասար պայմաններ, այսինքն` պիտի գործի մեկ ընդհանուր խաղի կանոն` բոլորի համար: Եվ չպիտի լինեն տնտեսական դաշտի արտոնյալներ, այլ խոսքով` տնտեսական մոնոպոլիստներ», ասաց` դիմելով երեւի վարչապետին. «Որպես օրենսդիր մարմնի ղեկավար ես ուզում եմ լսել` արդյոք գործող օրենսդրությունը չի՞ տալիս անհրաժեշտ մեխանիզմներ եւ լծակներ` տնտեսական դաշտի այդ կարեւորագույն խնդիրը լուծելու համար: Եվ եթե կա լրացուցիչ գործիքի անհրաժեշտություն, արդյո՞ք խորհրդարանը որեւէ անգամ մերժել է կառավարությանն ու օրենքով չի ամրագրել այն լրացուցիչ գործիքները, որոնք անհրաժեշտ են եղել կառավարությանը` տնտեսական դաշտը կարգավորելու համար», ասաց` ավելացնելով. «Ես այդպիսի դեպք չեմ հիշում»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4