«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#225, 2009-12-09 | #226, 2009-12-10 | #227, 2009-12-11


A/H1N1 ՎԻՐՈՒՍԸ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԿՀԵՌԱՆԱ ՀՈՒՆՎԱՐԻ 12-ԻՑ ՀԵՏՈ

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Թեպետ հանրապետությունում A/H1N1 վիրուսով 54 դեպք է հաստատվել, սակայն հանրապետության գլխավոր վարակաբան Արա Ասոյանը խուճապի մատվելու պատճառներ չի տեսնում: «Խուճապի մատնվելու կարիք չկա, որովհետեւ սա նման է սեզոնային գրիպին, որեւէ արտառոց բան չկա, պետք է զգոն լինել, ախտանշանների դեպքում դիմել բժշկի, ապահովել հիգիենիկ, հակահամաճարակային պայմաններ»: Առողջապահության նախարարության հրամանով պոլիկլինիկաներում կիրականացնեն նաեւ տնային կանչեր, հանգստյան օրերին կսահմանվեն հերթապահություններ: Պոլիկլինիկաներին տրամադրվել է տամիֆլյու, որը բնակչությանը տրվելու է անվճար:

«Հիվանդանոցները պատրաստ են ընդունել ամեն տիպի ուղեգրված հիվանդի, որ կունենա գրիպի կամ դրանից բխող թոքաբորբի նշաններ: Երեւանի շտապ օգնության ծառայությանը հրահանգավորված է շուրջօրյա իրականացնել տեղափոխություններ մարզերից Երեւան: Համապատասխան ուղեցույցներ են ուղարկված բուժհաստատություններ, թե հիվանդներին ինչպես պետք է ընունել, ինչպես կազմակերպել բուժօգնությունը, քանի օր պահել, ինչ դեղորայք տալ եւ այլն: Նախարարությունում ստեղծված է օպերատիվ շտաբ: Նախարարությունն ունի նաեւ թեժ գիծ` 52-88-72 եւ 56-53-23», ասում է առողջապահության նախարարության բժշկական օգնության կազմակերպման վարչության պետ Վահան Պողոսյանը: Վերջինս նկատում է, որ պոլիկլինիկաներում հաճախումները, շտապ օգնության կանչերը եռակի ավելացել են, բայց պոլիկլինիկաները կարող են նորմալ հունով աշխատել: «Արտառոց ոչինչ չկա», ասաց Պողոսյանը:

«Եթե արտառոց որեւէ բան չկա, ապա ինչո՞ւ են արտառոց միջոցառումներ կազմակերպվում» հարցին ի պատասխան էլ Պողոսյանն ասաց. «Եթե ձեռքերս ծալած նստենք, կունենանք այլ արդյունք: Ցանկանում ենք իրավիճակը կայունացնել, որպեսզի կարողանանք կանխարգելել վարակի աճը»:

Առողջապահության նախարարության հիգիենիկ հակահամաճարակային տեսչության պետ Արտավազդ Վանյանն էլ փաստում է, որ վերջին մեկ ամսվա կտրվածքով սուր շնչառական վիրուսային հիվանդության 31.467 դեպք է գրանցվել, ինչը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, բավական բարձր ցուցանիշ է: Վանյանը նկատում է, որ հենց այդ պատճառով են իրականացրել կանխարգելիչ միջոցառումներ: «Խոցելի խմբեր են հատկապես մանկապարտեզներն ու դպրոցները»: Նա նկատում է, որ դպրոցների եւ մանկապարտեզների փակումից երկու օր անց արդեն լուրջ փոփոխություններ են նկատվում: Բայց դա չի նշանակում, որ վտանգն անցել է: Դրա համար դիմում եմ գործատուներին, որ հիվանդ աշխատողներին չստիպեն գալ աշխատանքի»: Վանյանը խորհուրդ է տալիս նաեւ գրիպով հիվանդներին խնամել դիմակով, եթե հնարավոր էՙ սենյակն առանձնացնել: «Կարիք չկա, որ ընտանիքի բոլոր անդամները շփվեն հիվանդի հետ»:

Անդրադառնալով տամիֆլյուի գործածմանը, Արտավազդ Վանյանն ասաց, որ պոլիկլինիկաներին, հիվանդանոցներին բաժանել են համապատասխան ուղեցույցներ, որտեղ մանրամասն նշված է, թե բժիշկները որ դեպքերում պետք է տրամադրեն դեղորայք: «Տամիֆլյուն հումանիտար օգնություն չէ, դա դեղ է: Հետեւաբար պետք է օգտագործել միայն բժշկի թույլտվությամբ: Մարդկանց 95%-ը հիվանդությունը թեթեւ է տանում: Հոնով կամ ելակով թեյ է խմել ու լավացել:

5 տոկոսն է, որ բուժման կարիք ունի: Բայց դա չի նշանակում, որ բոլորին պետք է տամիֆլյու բաժանել: Մեկ-մեկ գալիս են ասում` մեզ տամիֆլյու տվե՛ք, գնանք: Տամիֆլյուն բրինձ չէ, որ բոլորին տան», ասաց Ասոյանը:

Ինչ վերաբերում է բանակին տամիֆլյուի տրամադրմանը, Ասոյանն ասաց. «Ինչ-որ անհրաժեշտ է մեր բանակին` ունի, մի բան էլ շատ: Կրկնում եմ, ինչ որ անհրաժեշտ է, ուղարկվել է, տրվել է, կտրվի: Եկեք էդ թեման փակ թողնենք: Հավատացած եղեք` ինչ որ անում ենք, առաջին հերթին անում ենք բանակի համար, նոր գնում ենք առաջ»:

  «Ազգ» -ի հարցին` «Հիվանդանոցները հիգիենիկ առումով որքանո՞վ են բարենպաստ, որ հիվանդը դիմելուց չվախենա, որ բացի խոզի գրիպից մի քանի այլ համաճարկներով էլ չվարակվի», Արտավազդ Վանյանը պատասխանեց. «Ծննդատներում սահմանափակվել է այցելությունների թիվը: Դա շատ կարեւոր է հատկապես հղի կանանց առողջության համար: Մասնակի սահմանափակումներ են իրականացվել նաեւ հիվանդանոցներում: Աշխատանքներ տարվեցին վերակենդանացման բաժանմունքներում, որպեսզի սուր շնչառական հիվանդություններ ունեցողներն այլ սենյակներում բուժում ստանան` չվարակեն մյուսներին: Պոլիկլինիկաներում համապատասխան մեկուսարաններ են ստեղծվել»:

Վերջում Ասոյանը ներկաներին հանգստացրեց, որ հունվարի 12-13-ից հետո տեղի կունենա A/H1/N1 հիվանդության կտրուկ նվազում: Գլխավոր համաճարակաբանը դա հիմնավորեց մանկապարտեզների ու դպրոցների աշխատանքների դադարեցմամբ:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4