«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#225, 2009-12-09 | #226, 2009-12-10 | #227, 2009-12-11


ՆՎԻՐՈՒՄ ԱԼԲԵՐՏ ՅԱՎՈՒՐՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Շատ քիչ ժամանակ է անցել այն օրից, երբ կյանքից հեռացավ սիրված ու հարգված, ազնիվ ու նվիրյալ արվեստագետը, բազմաթիվ ֆիլմերի օպերատոր, լուսանկարի վարպետ, ՀՀ ժողովրդական արտիստ Ալբերտ Յավուրյանը: Դեռ շատերի հուշերում թարմ է այն օրը, երբ Հայաստանի Թեքեյան մշակութային միությունը նշեց Յավուրյանի 70-ամյակը: Այդ օրը նա իր պապենական տան գորգին բազմած շատ հետաքրքրական հուշեր ու դրվագներ էր պատմում: Եվ ահա, կրկին, Հայաստանի Թեքեյան մշակութային միությունը երեկ բացեց մի հրաշալի լուսանկարչության ցուցահանդես, որը նվիրում էր Ալբերտ Յավուրյանի հիշատակին: Շուրջ 200 լուսանկարների շարքում տեղ էին գտել ե՛ւ Յավուրյանի, ե՛ւ նրա տարբեր տարիների ուսանողների աշխատանքները:

Ալբերտ Յավուրյանը երկու տասնյակից ավելի տարիներ աշխատել է Երեւանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական պետական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի կինոյի եւ հեռուստատեսության ամբիոնում: Տարիներ անց Յավուրյանին վստահվեց այդ ամբիոնի ղեկավարի պաշտոնը: Ալբերտ Յավուրյանն իր մասնագիտական փորձն ու հմտությունները սիրահոժար փոխանցել է իր ուսանողներին, եւ այսօր իրենց սիրելի դասախոսի հիշատակին նվիրված ցուցահանդեսին վերջիններս ներկայացել էին իրենց լավագույն աշխատանքներով:

Թեքեյան կենտրոնի ցուցասրահը մարդաշատ էր: Յավուրյանին մեկ անգամ եւս հիշելու, հարգանքի տուրք մատուցելու էին եկել արվեստագետներ, գրողներ, ընկերներ, ուսանողներ: Միջոցառումը բացեց ՀԹՄՄ մրցանակակիր, լուսանկարիչ Զավեն Սարգսյանն ու խոսեց Յավուրյան անհատի գործունեության մասին, նրա պրոֆեսիոնալիզմի ու իր սիրած գործին անմնացորդ նվիրումի մասին: Յավուրյանի կինըՙ տկն Մայան իր շնորհակալությունը հայտնեց կազմակերպիչներից ու նշեց. «Այս օրը շատ հիշարժան է մեզ համար, քանզի Ալբերտը մշտապես երազում էր իր ուսանողների հետ ցուցադրվել: Իր կյանքի վերջին երեք տարիներին նա կարծես ամբողջովին տրվեց ու սիրահարվեց լուսանկարչությանը: Երբ ես հարցնում էիՙ մի՞թե լուսանկարչությամբ զբաղվելն ավելի լավ է, քան կինոն, նա պնդում էր. «Լուսանկարն ինձ համար այժմ ավելի գերադասելի է...»: Նա այնքան կապված էր ԹՄՄ-ի հետ ու ոչ մի միջոցառում բաց չէր թողնում եւ, ես կարծում եմ, որ հիմա, այս պահին նրա հոգին մեզ հետ է ու թեւածում է այս մշակութային օջախի կամարների ներքո:

Նշենք, որ բացի ուսանողներից, ցուցահանդեսին մասնակցում էին նաեւ վաստակաշատ լուսանկարիչներ Բաբկեն Արզումանյանը, Վահագն Եգանյանը, Տաթեւիկը, Գոհար Լալայանը, Բորիս Հովսեփյանը եւ այլք:

Հիշեցնենք, որ ցուցահանդեսը, որ նվիրվում է Ալբերտ Յավուրյանի հիշատակին, կգործի մեկ շաբաթ Թեքեյան կենտրոնի մեծ դահլիճում:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4