Երեկ Չարենցի անվան գրականության թանգարանում կայացավ մեծ բանաստեղծ. եղեռնազոհ Դանիել Վարուժանի 125-ամյակին նվիրված ցերեկույթ, որի ընթացքում բացվեց գրողի 1000-ից ավելի արխիվային փաստաթղթերի, ձեռագրերի, լուսանկարների ցուցահանդեսը: Թանգարանի տնօրեն Հենրիկ Բախչինյանը բացելով միջոցառումը Կոմիտասի անվան դահլիճում, բարձր գնահատեց Դ. Վարուժանի գրական բարձրարժեք ժառանգությունը եւ նշեց, որ հենց թանգարանում է պահվում գրողի ֆոնդը: Անդրադառնալով Դ. Վարուժանի «Քառաձայն պատարագին», նշեց, որ ցավոք, գրողն իր կենդանության օրոք չտեսավ «Հացին երգը» տպագրված: ՀՀ մշակույթի փոխնախարար Դավիթ Մուրադյանը տեղեկացրեց, որ ողջ տարվա ընթացքում հոբելյանական հանձնաժողովը բազմաթիվ միջոցառումներ է նվիրել Դանիել Վարուժանի 125-ամյակին եւ դրանք դեռ շարունակվում են: Իսկ դրանց թվից առանձնացրեց պրոֆեսոր Վազգեն Գաբրիելյանի «Դանիել Վարուժան. կյանքը եւ գործը» գրքի վերահրատարակությունը (30 տարի անց), որը «Զանգակ» հրատարակչությունը տպագրել է պետպատվերի շրջանակում: Իսկ օրեր անց թողարկվեց նաեւ գրողի դիմանկարով նամականիշը: ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանն անդրադարձավ գրողի արժանիքներին ու ուսանելի գաղափարախոսությանը:
Դանիել Վարուժանի «Սարսուռները», «Ցեղին սիրտը», «Գողգոթայի ծաղիկներ» եւ «Հացին երգը» ժողովածուները վերլուծականորեն ներկայացրեց պրոֆեսոր Վազգեն Գաբրիելյանն ու նշեց, որ 1909 թ. առաջին անգամ լույս տեսած «Ցեղին սիրտը» գրքի 100-ամյակը նույնպես պետք է նշելՙ որպես լավագույն գործի ծնունդ:
Հոբելյանական ցերեկույթը իրենց գեղեցիկ երգեցողությամբ զարդարեցին երիտասարդ երգչուհիներ Ստեփանուհի Քոչարյանը եւ Լիլիթ Զինճերճյանըՙ կատարելով անմահ Կոմիտասի երգերից: Իսկ սիրված դերասան Ազատ Գասպարյանի վարուժանական ընթերցումները արժանացան երկարատեւ ծափերի:
Մ. Մ.