Ծննդյան 100-ամյակը
Այս տարվա օգոստոսին լրացավ միկրոէլեկտրոնիկայի հիմնադիրներից մեկիՙ Էդուարդ Մկրտիչի Գյոնջյանի ծննդյան 100-ամյակը: Իր հիմնական գործունեությունը նա ծավալել է ԱՄՆ-ում, որտեղ ապրել է 1947-ից մինչեւ 1999ՙ իր կյանքի ավարտը: Մեծ գիտնականը հեղինակել է 100-ից ավելի աշխատություն, հրատարակել է մի քանի գիրք, ստացել 27 արտոնագիր եւ մի քանի մրցանակ: Ահա թե ինչ է գրել Intel ֆիրմայի հիմնադիրներից Գորդոն Է. Մուռը նրա մասին. «Դոկտոր Գյոնջյանը ԱՄՆ-ում է եղել տրանզիստորային ռադիոյի ստեղծման ժամանակ եւ դարձել առաջատար միկրոէլեկտրոնիկայի կիրառումներում: Նա կենտրոնացավ սակավահզոր տեխնիկայի մշակման վրաՙ հիմք դնելով այժմյան փոքրածավալ էլեկտրոնիկայի ստեղծմանը»: Իսկ ինչպե՞ս պատահեց, որ աշխարհում ճանաչված այդ գիտնականը փաստորեն անհայտ էր մեզ մոտ: Ընթերցելով այս հոդվածը, հուսով եմ, պարզ կլինի դրա պատճառը:
Գյոնջյանը ծնվել է Թիֆլիսում, սովորել հայկական դպրոցում եւ փոքր տարիքից հետաքրքրվել է տեխնիկայով: Նա հաճախ էր այցելում իր սիրելի բարեկամինՙ Համազասպ Համբարձումյանին (Վիկտոր Համբարձումյանի հորը) եւ օգտվում նրա հարուստ գրադարանից: Երբ Թիֆլիսում 1922 թ. աշխատեց ռադիոկայանը, Գյոնջյանը քաղաքում առաջինը պատրաստեց դետեկտորային ընդունիչ: Դպրոցն ավարտելուց հետո 1927 թ. ընդունվեց Պոլիտեխնիկական ինստիտուտ, իսկ մեկ տարի անց տեղափոխվեց Լենինգրադի էլեկտրատեխնիկական ինստիտուտ: Ավարտելուց հետո աշխատեց շատ լարված ու արդյունավետ, 1935 թ. հրատարակեց իր Автоматическая регулировка громкости в приемника գիրքը, որը նրան ճանաչում բերեց: Այնուհետեւ պաշտպանեց թեկնածուական թեզ: 1936 թ. ամուսնացավ ռոստովահայ Վերգինե Մեգերյանի հետ: Այդ տարիներին կյանքը շատ ծանր էր. նրանք վերապրեցին ստալինյան տեռորըՙ ենթարկվելով 14-ամյա տնային կալանքի: Այդ ժամանակ ծնվեց նրանց որդին: Չունենալով աշխատելու իրավունք, սովամահ չլինելու համար ստիպված էին վաճառել ամեն ինչ...
1941 թ. ամռան սկզբին Գյոնջյանը կնոջը եւ տղային ուղարկեց Անապա եւ հունիսի վերջին պետք է միանար նրանց: Սակայն սկսվեց պատերազմը: Նա մնաց Լենինգրադում եւ շրջափակման առաջին ինը ամիսն անցկացրեց այնտեղ: Սովից աստիճանաբար հյուծվեց եւ հիվանդացավ դիզենտերիայով: Այդ մասին հայտնեցին նրա բարի ընկեր Կլարա Հոլմկվիստին: Երբ վերջինս եկավ ԼԷՏԻ, ասացին, որ Գյոնջյանը մահացել է եւ թաղված է Կլարայի տան մոտակայքում: Վերադառնալու ճանապարհին իր տան մոտ տեսավ ձյան տակից ցցված մի ձեռք, որի մատները շարժվում էին: Պարզվեց, որ Գյոնջյանի ձեռքն էր: Այսպիսովՙ նա հրաշքով փրկվեց:
Որոշ ժամանակ անց էվակուացվեց Մինվոդի եւ վերագտավ իր ընտանիքը: 1942 թ. հունիսին գերմանացիները մտան Մինվոդի, իսկ հաջորդ տարվա սկզբին, նահանջելիս, աշխատունակ բնակչությանը բռնի տեղափոխեցին Արեւմուտք: Գյոնջյանի ընտանիքը հայտնվեց աշխատանքային ճամբարում, ք. Կոբլենց, Չեխոսլովակիա: 1945 թ. սկզբին ընտանիքով դիմեց փախուստի դեպի Շվարցվալդ: Պատերազմի ավարտից հետո նրանք ստացան թույլտվություն տեղափոխվելու ԱՄՆ եւ 1947 թ. փետրվարի 18-ին հասան Նյու Յորք, որտեղ եւ բնակվեցին: Չիմանալով անգլերեն, Գյոնջյանը նախ աշխատեց որպես բանվոր ավտոարհեստանոցում, հետոՙ գծագրող: Դեռեւս լիարժեք չտիրապետելով անգլերենին, ընդունվեց City College of New York որպես էլեկտրատեխնիկայի դասախոս: Երկու տարի անց General Electric ֆիրմայի Սիրակուզ քաղաքում նոր կազմակերպված էլեկտրոնիկայի լաբորատորիան փնտրում էր մասնագետներ: Գյոնջյանը դիմեց եւ մի քանի ամիս անց ընդունվեց «սխեմատեխնիկների խումբը»: Խումբն աշխատեց շատ արդյունավետ եւ մի քանի տարվա ընթացքում հրատարակեց երկու գիրքՙ Principles of Transistor Circuits (1953 թ.) եւ Transistor Circuit Engineering (1957 թ.): Այդ գրքերն առաջինն էին տվյալ ասպարեզում եւ բազմիցս հրատարակվեցին մեծ տպաքանակով: 1954 թ. Գյոնջյանը ստեղծեց աշխարհում առաջին փոքրածավալ ռադիոհաղորդիչը, որը սնուցվում էր արեւամարտկոցից: 1986-ից այն ցուցադրվեց Ամերիկայի պատմության Սմիթսոնյան թանգարանում (ք. Վաշինգտոն), ուրիշ առաջնային գիտատեխնիկական նվաճումների շարքում: Գյոնջյանը առաջինը ուշադրություն դարձրեց այն փաստին, որ տարբեր ֆիրմաների արտադրած տրանզիստորները տարբերվում են իրենց բնութագրերով, եւ առաջարկեց ստանդարտացնել դրանք: Նրան առաջարկեցին կազմել եւ ղեկավարել ստանդարտացման կոմիտեն: Աշխատեց երեք տարի, այդ ընթացքում ստեղծվեցին բազմաթիվ կարեւոր ստանդարտներ, որոնց թվում նաեւ հանրաճանաչ ռազմական MIL STD #883 ստանդարտը եւ NASA-ի համար մի քանի ստանդարտներ:
Գյոնջյանն անցնում է աշխատանքի American Bosh Arma ֆիրմայում, որտեղ պետք է զբաղվեր «Ատլաս» հրթիռի համակարգիչների միկրոմինիատյուրացմամբ: 1959 թ. նա մշակում է գումարիչի ինտեգրալային սխեման, որն իրագործվեց Texas Instrument ֆիրմայում:
Դա իսկական թռիչք էր տեխնիկայում: 1959-ի հոկտեմբերին Վաշինգտոնում կայացած կոնֆերանսում միկրոսխեմայի մասին նրա զեկուցումը ինտեգրալային սխեմաներին նվիրված երեք զեկուցումներից գնահատվեց որպես ամենակարեւորը: Ավելի ուշ, Ամերիկայի հրթիռային միության 14-րդ նիստին Գյոնջյանն այդ միկրոսխեման ներկայացրեց սովետական գիտնականներին: Թեեւ ԽՍՀՄ-ում նրան համարում էին «դավաճան», այդ գիտնականները չվախեցան զրուցել նրա հետ: Գյոնջյանն արժանացավ Օդատիեզերային արդյունաբերության ասոցիացիայի շատ պատվավոր մրցանակին:
Գյոնջյանը մասնակցում եւ ինքն է կազմակերպում շատ գիտաժողովներ, հաճախ գլխավորելով ԱՄՆ-ի պատվիրակությունը: 12 տարի նա աշխատեց ավիոնիկայի գծով ԱՄՆ-ի ներկայացուցիչ AGARD-ում (Advisory Group for Aeronautical Research @ Development for NATO):
1963 թ. Գյոնջյանը հրատարակեց Microelectronics: Theory, Design and Fabrication գիրքը, որը տպագրվեց ավելի քան մեկ միլիոն տպաքանակով: Նույն թվականին նա ընդունվեց աշխատանքի Grumman Sircraft Corp. ֆիրմայում, որը շահել էր Apollo ծրագրով Լուսնի հետազոտման մոդուլի (LEM) ստեղծման համար մրցույթում: Նա ղեկավարում էր էլեկտրոնային դետալների խափանման անալիզի լաբորատորիան: 1969 թ. հուլիսի 20-ին այդ մոդուլը, տեղափոխվելով Apollo-11 հրթիռով, վայրէջք կատարեց Լուսնի վրա:
Դեռ 1956 թ. Գյոնջյանն առաջինն ուսումնասիրեց տրանզիստորների աշխատանքը միկրոհզոր ռեժիմներում: Նա մեծ նշանակություն էր տալիս այդ ռեժիմներում էլեկտրոնային սարքերի օգտագործմանը, ինչը պիտի ապահովեր բարձրագույն հուսալիություն: Ելնելով դրանից, 1964 թ. հրատարակեց Micropower Electronics գիրքը: Այն, ինչպես եւ վերը նշված գրքերը, թարգմանվեցին տարբեր լեզուներով, այդ թվում ռուսերեն: 1968 թ. եւ 1970 թ. նա հրատարակեց եւս երկու գիրք, նվիրված ավիատիեզերային էլեկտրոնիկային. Application of Microelectronics to Aerospace Equipment եւ Air and Spaceborn Computers:
Գյոնջյանի գործունեությունն արժանացավ բարձր գնահատականի. 1965 թ. հունվարի 1-ին նա ստացավ պատվավոր IEEE-ի մրցանակը, որին տարեկան արժանանում է մեկ-երկու հոգի:
1966 թ. հոկտեմբերին Մյունխենում Գյոնջյանը նախագահում էր միկրոէլեկտրոնիկայի սիմպոզիումը, որտեղ տողերիս հեղինակին հաջողվեց ծանոթանալ նրա հետ: Մինչ այդ ես նրա մասին չէի լսել, բայց զրուցելիս հասկացա, որ նա ճանաչված գիտնական է: Ես նրան առաջարկեցի հրավերով գալ Երեւան: Նա համաձայնեց, բայց մի քանի ամիս անց ""ԼջՉպրՑՌÿ" թերթում տպվեց կեղծիքով եւ զրպարտանքով լի մի հոդված: Այնտեղ նույնիսկ Գյոնջյանի կինը ներկայացված էր որպես թեթեւաբարո մեկը, որը գայթակղում էր սովետական մասնագետներին, որ նրանք մնան ԱՄՆ-ում: Ցավոք, Վերգինեն վախճանվեց 1967 թ.:
Apollo ծրագիրն ավարտվեց, եւ Գյոնջյանը հեռացավ Grumman-ից: Նա աշխատեց որպես ՄԱԿ-ի փորձագետ Հնդկաստանում, իսկ ավելի ուշՙ Եգիպտոսում: Կահիրեի համալսարանում նա աշխատեց նաեւ որպես պրոֆեսոր: Ամեն տեղ գտնում էր հայերի եւ շփվում նրանց հետ:
Վերադառնալով Նյու Յորք, Գյոնջյանը որպես խորհրդատու աշխատեց մի քանի ֆիրմաներում: 1984 թ. ամուսնացավ ծագումով ֆրանսուհի Մարիա Սաֆարյանի հետ: Նրանք տեղափոխվեցին Արիզոնայի Գրին Վելլի փոքրիկ քաղաքը: Գյոնջյանը շատ տպավորված էր ակադեմիական աշխույժ կյանքով Արիզոնայի համալսարանում, ինչը նրան դրդեց հիմնել Է. Գյոնջյան դրամաշնորհը տարեկան մեկ-երկու մասնագետի աջակցելու հետազոտություններ իրականացնելու միկրոէլեկտրոնիկայի ոլորտում:
1999 թ. օգոստոսին ծննդյան 90-ամյակի առիթով հեռախոսով նրան անձամբ շնորհավորեց ԱՄՆ-ի նախագահը:
Գյոնջյանի հետ իմ հանդիպումից անցել էին շատ տարիներ եւ ես ոչինչ չգիտեի նրա մասին: «Ազգ» թերթի 02.05.1998-ի մի կարճ հաղորդագրության շնորհիվ ես իմացա, որ նա ողջ է եւ հրատարակել է մի ինքնակենսագրական գիրք Survived to tell («Վերապրեցի, որ պատմեմ»): Ես նրան գրեցի նամակ, որին պատասխանեց: Ցավոք, մեր կապը խզվեց նրա առողջության վատթարացման պատճառով, իսկ 1999 թ. սեպտեմբերի 6-ին նա մահացավ: Իմ խնդրանքով Մարիա Գյոնջյանն ինձ ուղարկեց Survived to tell գիրքը եւ մի քանի հոդված Գյոնջյանի մասին, ինչի համար ես շատ շնորհակալ եմ նրան: Ափսոսում եմ, որ այս հոդվածի ծավալը թույլ չի տալիս ավելի մանրամասն պատմել Գյոնջյանի ֆանտաստիկ կյանքի մասին: Հուսով եմ, որ ընթերցողն այս հոդվածը կարդալուց հետո պատկերացում կկազմի մեծ գիտնական եւ փայլուն ճարտարագետ, մեր հայրենակցիՙ Էդուարդ Գյոնջյանի մասին:
ԷԴՈՒԱՐԴ ՓԻԼԻՊՈՍՅԱՆ, Տեխնիկական գիտությունների թեկնածու