«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#225, 2009-12-09 | #226, 2009-12-10 | #227, 2009-12-11


«ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ, ՈՐԸ ՄԱՐԴՈՒՆ ԱՎԵԼԻ ՄԱՐԴ Է ԴԱՐՁՆՈՒՄ»

Կոմիտասյան օրերից` Մոնրեալում

2009-ի նոյեմբերի 7-ին, Մոնրեալի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու լեփ-լեցուն սրահում տոնում էինք մի քանի հոբելյաններ միաժամանակ. Ս. Գրիգոր Լուսավորիչ առաջնորդանիստ եկեղեցու «Կոմիտաս» դպրաց դաս երգչախմբի ոսկե 50 տարին եւ Կանադահայոց առաջնորդության հիմնադրման 25 տարին: Քաղաքիս հայ եւ ոչ հայ երաժշտասեր հասարակությունը այդ օրը եկել էր լսելու «Կոմիտաս» երգչախմբի երկու բաժնից բաղկացած համերգը: Չէ՞ որ այս տարի աշխարհի ամբողջ հայությունը նշում է Կոմիտաս վարդապետի ծննդյան 140-ամյակը, եւ երգչախումբըՙ գեղարվեստական ղեկավար Վարուժան Մարգարյանի ղեկավարությամբ հանդես էր գալու կոմիտասյան նոր ծրագրով: Մաեստրո Վարուժանը 2003-ին Կանադայի առաջնորդարանի հրավերով Հայաստանից եկել էր Մոնրեալ` որպես «Կոմիտաս» դպրաց դաս երգչախմբի նոր խմբավար-դպրապետ: Վեց տարիների ընթացքում երիտասարդ եւ տաղանդավոր խմբավարի ղեկավարության ներքո Մոնրեալի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում ներկայումս գործում են բացի հիշյալ երգչախմբից, եւս երեքը:

Մինչ այդ առանձին երգչախմբերից առաջին երեքը սպասարկում են եկեղեցական արարողություններին, չորրորդը իր երգացանկում ունի թե՛ հոգեւոր, թե՛ ժողովրդական եւ թե՛ ժամանակակից երաժշտության նմուշներ, որոնցով նա տարվա տոնական օրերին խնդություն է բերում հայ համայնքին, բայց եւ դուրս գալով եկեղեցու սահմաններից հայտնի է դարձել նաեւ Մոնրեալի մշակութային կյանքում: Ահա Կոմիտասի անվան այս երգչախումբն էր, որին եկել էին բոլորն ունկնդրելու:

Քար լռություն տիրեց դահլիճում, երբ երգչախմբի միատեսակ` սեւ-ու-սպիտակով զգեստավորված 44 անդամները հանդիսավորությամբ գրավեցին իրենց տեղերը եկեղեցու խորանի կարմիր վարագույրի առաջ: Ապա պարոն Մկրտիչ Քանոնճյանը եկեղեցու ծխական խորհրդի անունից կատարեց երեկոյի բացումը: Նրան հաջորդեց Դ-ր Վիլմա Տէրպէքեանի հակիրճ, բայց ընդգրկուն ակնարկը Կոմիտաս վարդապետի կյանքի եւ ստեղծագործության մասին: Ապա` Կոմիտասին մեր կանադացի հյուրերին ներկայացրեց երգչախմբի անդամ ֆրանկո-կանադուհի Դորոթե Թերիոն:

Բուռն ծափահարությունների ներքո ներկայացավ բոլորին սիրելի մաեստրո Վարուժանը եւ համերգն սկսվեց կոմիտասյան «Հայր մեր»ով (համերգային տարբերակ): Ապա հնչեց Կոմիտասի «Գութաներգ»ը, որը հայ մշակի կոչերով ոգեշնչեց բոլորին` ապահովելով համերգի հետագա հաջողությունը: Մնացած 24 կոմիտասյան խմբերգերը մաեստրո Վարուժանը համադրել էր Կոմիտաս վարդապետի ցուցումներով (որոնք կարդում ենք Կոմիտասի նամակների մեջ), այսինքն խմբավորել էր ըստ նրանց բովանդակության կամ բնույթի: Այսպես` առանձին խումբ էին կազմում սիրո, կարոտի կամ պանդուխտի երգերը, հարսանեկան կամ աշխատանքային երգերը եւ ամենավերջում` պարերգերը: Այսպիսով, նա ունկնդիրներին ամեն անգամ հրամցնում էր խմբերգների փնջիկներ, թույլ չտալով, որ իրար հաջորդող երգերն ընդհատվեն ոգեւորված ներկաների ծափահարություններով եւ թողնելով, որ երգից-երգ աստիճանաբար մեծանա ունկնդրողի գեղագիտական հաճույքն եւ իր գագատնակետին հասնի: Եվ հիրավի, քառաձայն երգչախումբը` մեկ ձայն դարձած, խորապես ապրում էր այդ խմբերգերի հուզականությունը եւ նույն խորությամբ էլ հաղորդում ներկաներին, որոնք մերթ հուզվում էին ու թախծում, մերթ հրճվում ու այնքան ոգեւորվում, որ պատրաստ էին երգով կամ ծափով միանալու երգիչներին:

Նվազ հաջողության չարժանացավ համերգի երկրորդ բաժնում ծրագրված` Կոմիտասի արժանի աշակերտ Բարսեղ Կանաչյանի ժողովրդական երգերի մշակումների կատարումը: Այս բաժնում մեծ տեղ գտավ եւ ունկնդիրների վրա ներազդեց երգչախմբի եւ մեներգի երկխոսությունը: Մեծ ներդրում ունեցան մեներգիչներ Հասմիկ Գասպարյանն ու Սարգիս Պարսէմեանը, որոնք փայլեցին նախ առանձին մենակատարումներով, այնպես էլ զուգերգերով: Գովելի էին նաեւ նվիրյալ մեներգիչներ Սանտրա Աֆէեանի, Դալար Թոքմանճեանի եւ Փիեռ Գէորգի կատարումները, որոնք անկաշկանդ կերպով համադրվում էին խմբային երգեցողության հետ` ստեղծելով անկեղծ հուզականություն եւ ներդաշնակություն:

Խմբավարի շարժումները զուսպ էին, բայց հստակ եւ արտահայտիչ, եւ ունկնդիրները կարող էին տեսնել լիակատար համագործակցություն եւ ներդաշնակություն: Քչերը գիտեն, թե կոմիտասյան այդ մաքուր երգարվեստի ետեւում քանի՜ փորձի ժամեր, ինչպիսի՜ համառ եւ անձնվեր աշխատանք է թաքնված ե՛ւ Վարուժան Մարգարյանի, ե՛ւ երգչախմբի համար, մանավանդ որ վերջինս հիմնականում սիրողական ուժերից է բաղկացած: Ու երբ համերգի վերջում երգչախմբին ու նրա խմբավար Մարգարյանին իրենց շնորհակալական խոսքն էին ասում նախ` եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Վազգեն քահանա Պոյաճյանը եւ այնուհետեւ Կանադահայոց առաջնորդ` Գերշ. Տ. Բագրատ Գալստանյանը, ունկնդիրները բուռն ծափահարություններով միացան նրանց: Բագրատ սրբազանը ներկաների սրտից խոսեց, երբ դիմելով երգչախմբին ու մաեստրո Վարուժանին ասաց. «Այսօր դուք ձեր գեղեցիկ երգարվեստով մեզ մեր առօրյա կյանքից դուրս բերեցիք, մեզ փոխադրելուվ մի ավելի վեհ եւ երազային` գեղջկական աշխարհ, ուր ամեն ինչ պարզ է, մաքուր ու ազնիվ: Այսօր դուք մեզ ավելի մարդ դարձրիք»:

Պրոֆ. Դ-ր ԴՈՐԱ ՍԱՔԱՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4