Շախմատի Բրազիլիայի առաջնության 9-րդ տուրում կենտրոնականն առաջատարներիՙ Սեւակ Մխիթարյանի եւ Ջովանի Վեսկովիի մրցախաղն էր: Ցավոք սեւերով խաղացող հայ շախմատիստը վճռորոշ այդ պարտիայում պարտվեց եւ մրցաշարային աղյուսակում զիջեց դիրքերը: Սեւակը 9 տուրից հետո 6,5 միավորով նահանջեց 3-րդ հորիզոնական: Իսկ աղյուսակը 7-ական միավորով գլխավորեցին Ջովանի Վեսկովին ու Ժիլբերտո Միլոշը: Վերջինս եւս հաջող խաղացՙ պարտության մատնելով Բրիտո Մոլինային: 4-րդ տեղում 6 միավոր վաստակած Ռաֆայել Լայթաոն է, որը հաշտություն կնքեց Ալեքսանդր Ֆիերի հետ:
Մրցաշարի ավարտին մնացել է 2 տուր: 10-րդ տուրում Մխիթարյանը սպիտակներով կխաղա 5,5 միավոր ունեցող գրոսմայստեր Ալեքսանդր Ֆիերի հետ, իսկ ավարտական տուրում սեւերով կհանդիպի աղյուսակը 2 միավորով եզրափակող Մաքսիմո Մակեդոյի հետ: Չեմպիոնի կոչման համար, անշուշտ, վճռորոշ կլինի ավարտական տուրում կայանալիք Վեսկովի-Միլոշ հանդիպումը: Այնպես որ, չնայած պարտությանը, Սեւակ Մխիթարյանը լավ հնարավորություն ունի նվաճելու Բրազիլիայի չեմպիոնի տիտղոսը: Դրա համար անհրաժեշտ է հաղթանակով ավարտել մնացած 2 պարտիաները:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ