«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#228, 2009-12-12 | #229, 2009-12-15 | #230, 2009-12-16


ԼՂՀ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Երեկ տեղի ուեցավ ՀՀ եւ ԼՂՀ Ազգային ժողովների միջխորհրդարանական հանձնաժողովի 7-րդ նիստը, որտեղ ընդգրկված էին երկու կարեւորագույն հարցեր` «Ժողովրդագրական իրավիճակը ՀՀ-ում եւ ԼՂՀ-ում» եւ «Միջազգային կազմակերպություններում ղարաբաղյան հիմնախնդրի ընկալումները»: Նիստը փակ էր, ԱԺ մամուլի ծառայության պաշտոնական հաղորդագրության համաձայն` առաջին հարցի վերաբերյալ երկու երկրների խորհրդարանականները տնտեսական, քաղաքական եւ օրենսդրական լուծումներով իրենց պատկերացումներն ու առաջարկներն են հնչեցրել նիստի ընթացքում: Իսկ եվրոպական կառույցներում զույգ երկրների համագործակցությունն առավել արդյունավետ դարձնելու ուղղությամբ ելույթ ունեցողները կարեւորել են միջազգային կազմակերպություններում միասնական եւ համաձայնեցված մոտեցումներով հանդես գալու անհրաժեշտությունը եւ խորհրդարանական դիվանագիտության մեծ ներուժի ծառայեցումը` ԼՂՀ-ի ձայնը միջազգային ասպարեզում լսելի եւ ընկալելի դարձնելու համար: Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն իր խոսքում ղարաբաղցի խորհրդարանականներին հավաստել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման խնդիրը մշտապես գտնվում է Հայաստանի նախագահի եւ խորհրդարանի ուշադրության կենտրոնում. «Մեկ բան հստակ էՙ գոյություն չունի որեւէ իրավական փաստարկ, որով Ադրբե¬ջանը կարող է հիմնավորել Լեռնային Ղարաբաղի հանդեպ իր հավակնությունները: Գոյություն չունի միջազգային իրավունքի որեւէ նորմ, Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ որեւէ միջազգային փաստաթուղթ, որը կասկածի տակ դնի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կայացման լեգիտիմությունը: Եվ այս առումով մեր դիրքորոշումը միանշանակ էՙ մենք պետք է հասնենք Լեռնային Ղարաբաղի ժո¬ղովրդի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչմանը», ասել է նա: Անդրադառնալով միջխորհրդարանական հանձնաժողովի աշխատանքին` նա նկատել է, թե այս գործունեությունը նոր որակ է հաղորդել Հայաստան-Ղարաբաղ համագործակցությանը:

Նիստի ընդմիջմանը ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը լրագրողներին ասաց, թե շատ հետաքրքրական ու բովանդակային քննարկումներ տեղի ունեցան` Հայաստանում եւ ԼՂՀ-ում ժողովրդագրական վիճակի վերաբերյալ, մտքերի փոխանակության ընթացքում եղան լուրջ եւ հետաքրքրական առաջարկություններ, որոնք գրավոր պետք է փոխանցվեն ձեւավորվելիք աշխատանքային խմբին` առաջարկությունների մի փաթեթ գործադիր իշխանությանը ներկայացնելու համար. «Խոսքը վերաբերում է ե՛ւ վերաբնակեցմանը, ե՛ւ միգրացիոն խնդիրներին, կարծում եմ` Ղարաբաղի դեպքում` նաեւ հայրենադարձությանը», ասաց նա:

ԼՂՀ-ի` որպես բանակցային կողմի ներգրավելու հարցին ի պատասխան Աշոտ Ղուլյանն ասաց, թե, դա աներկբա ճշմարտություն է` առանց ղարաբաղյան կողմի մասնակցության հիմնախնդիրը չի կարող արժանանալ իր վերջնական համապարփակ լուծմանը. «Կարծում եմ` խնդիրը միայն ժամանակի մեջ է», նկատեց:

Իսկ թե ինչու համանախագահները Ստեփանակերտ չգնացին` Ա. Ղուլյանն այսպես արձագանքեց. «Վերջերս համանախագահները սկսել են տարբեր կարգի մաքոքային, նախկինում կիրառվող ընթացակարգերը նաեւ կիրառել իրենց աշխատանքի մեջ` երեւի Ադրբեջանի հետ խոսելու շատ ավելի նյութ կար, քանի որ տեղեկատվություն կա, որ հունվարին համանախագահները կլինեն Երեւանում, հուսով եմ` նաեւ Ստեփանակերտում, այդ ժամանակ այդ հարցի պատասխանը կստանանք»: Իսկ ինչ կարծիք ունի բանակցային գործընթացում մեթոդաբանությունը փոխելու վերաբերյալ. «Մեթոդաբանություն ասելով` մենք պետք է հասկանանք ղարաբաղյան հիմնախնդրի էությունը, այսինքն` բանակցային գործընթացը նենգափոխելու Ադրբեջանի ջանքերը, որոնք այս հատվածում որոշակի արդյունք նաեւ տվել են: Այս տեսանկյունից Ղարաբաղի բացակայությունը բանակցություններում որոշ առավելություն տալիս է Ադրբեջանին` խոսել ղարաբաղյան հիմնախնդրի մասին իր հետաքրրությունների կտրվածքով, բայց ես կարծում եմ, որ այդ տեսակետից եւ Հայաստանի մշտական ներկայացուցիչները միջազգային կազմակերպություններում որոշակի նախնական աշխատանք արդեն արել են, ես կուզենայի դրան ավելացնել ԼՂՀ իշխանությունների եւ Ազգային ժողովի մեր պատրաստակամությունը` որպեսզի մենք լիարժեք եւ ճիշտ ձեւով ներկայացնենք ղարաբաղյան հիմնախնդիրը»:

Արդյոք մո՞տ է ղարաբաղյան հիմնախնդրի լուծումը. այն, ինչ ձեռնակվում է Ադրբեջանի եւ միջազգային կազմակերպությունների կողմից` որեւէ հույս չեն թողնում, որ հիմնախնդիրը մոտ ապագայում կարող է լուծումներ ունենալ, այս համոզմունքը հայտնեց ԼՂՀ ԱԺ նախագահը:

ԼՂՀ արտգործնախարար Գեորգի Պետրոսյանը թեեւ խուսափում էր լրագրողներից, բայց «Ազգի» մի քանի հարցին պատասխանեց: Նա ասաց, որ Ղարաբաղում սպասում են մադրիդյան նորացված սկբունքները պաշտոնապես ներկայացնելուն` կուսումնասիրեն դրանք եւ վերաբերմունք կարտահայտեն: Ե՞րբ է Ղարաբաղի ներգրավման պահը բանակցություններում. այս հարցին ԼՂՀ արտգործնախարարը առավել հակադարձումով պատասխանեց, հավանաբար` նկատի ունենալով այս կամ այն քաղաքական պատուհանից լրագրողական շահախնդրությամբ ուղղված հարցադրումները (երեւի այդ հարցը նման հարցերի համատեքստում էր դիտում), որ գոյություն ունի գործընթաց, այդ գործընթացում ոչ թե ներքաղաքական շահ պետք է ստանալ, այլ ընդհանուր շահ, պետք չէ իրավիճակը չարչրկել` վերածելով Ղարաբաղը Հայաստանի ներսում «ռազբորկաների». «Որովհետեւ խնդիրներ կան, որ ոտք մաքրելու շորի չի կարելի վերածել»: Կոնկրետ բանակցային գործընթացի մասին էլ ասաց. «Որքան երկար բանակցենք, այնքան լավ»: Երեք շերտի սկզբունքներ են առնչվում խնդրին, նկատեց նա` պարզելով միայն դրանց առաջին շերտը, որը պայմանականորեն հենվում է Ցեղասպանության, ԼՂ հարցի եւ ընդհանրապես պետականության հարցերի վրա: Երեքն էլ կապված են ժողովրդի ծանրագույն տառապանքների հետ` դա մի կողմից մեր թուլությունն է, բայց մյուս կողմից էլ` մեր ուժը: «Եկեք մեր թուլությունը վերածենք ուժի, առաջարկում եմ չվերածել բանակցային գործընթացը ներքին խնդիրների էլեմենտի, քանի դեռ այն չի հանգել տրամաբանական այն ավարտին, որը բոլորին կբավարարի գործնականում: Չափից դուրս թանկ է այս բոլորը մեզ հասել եւ 100 տարի առաջ, եւ 20 տարի առաջ, երբ համապատասխանաբար ստեղծվում էին մեր զույգ պետությունները: Պատասխանատվությունը ոչ միայն նրանց վրա է, ով որոշում է կայացնում, այլեւ նրանց, ով լուսաբանում եւ փորձում է ճնշում գործադրել այս կամ այն որոշման վրա», ասաց նա: Արդյոք Թուրքիային եւ Ադրբեջանին հաջողվո՞ւմ է երկու հարցերը (ԼՂ եւ Ցեղասպանության) փոխկապակցել. «Նրանք ուզում են, իսկ թե նրանց կհաջողվի՞` կախված է Հայաստանի դիրքորոշումից», համոզված ասաց ԼՂՀ արտգործնախարարը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4