«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#228, 2009-12-12 | #229, 2009-12-15 | #230, 2009-12-16


ԱԴՐԲԵՋԱՆԸ «ՎՏԱՆԳԱՎՈՐ ՑՈՒՑԱԿՈՒՄ» Է «ՄԱՐԴԿԱՆՑ ՎԱՃԱՌՔԻ ՄԱՍԻՆ» ԱՄԵՐԻԿՅԱՆ ԶԵԿՈՒՅՑՈՒՄ

Ադրբեջանական «Զերկալո» թերթը տեղեկացնում է, որ ԱՄՆ պետական դեպարտամենտի «Մարդկանց վաճառքի մասին» ամենամյա զեկույցում Ադրբեջանն ընդգրկված է «վտանգավոր ցուցակում»: Զեկույցը հրապարակում է, որ Ադրբեջանը երկիր է, որտեղ կանայք, երեխաները, տղամարդիկ ենթակվում են կոմերցիոն, սեքսուալ շահագործման, նաեւՙ բռնի աշխատանքի: «Ընդ որում, եթե տղամարդկանց հիմնականում պարտադրվում է ծանր աշխատանք, ապա կանայք եւ երեխաները երկրի ներսում եւ դրսում վաճառվում են որպես մարմնավաճառներ», ասված է ամերիկյան զեկույցում: Իսկ Ադրբեջանի ներքին գործերի նախարարությանն առընթեր գործող «Մարդկանց վաճառքի հետեւանքով տուժածների պատսպարանի» ղեկավար Մեհրիբեկ Զեյնալովայի խոսքերովՙ ընթացիկ տարում Ադրբեջանում բացահայտվել են թրաֆիկինգի 91 զոհեր, որոնցից 46-ին տեղավորել են պատսպարանում` նրանց վերկանգնման եւ անվտանգության համար: «Այս տարվա ընթացքում ոստիկանության բաժանմունքներ են ահազանգել ավելի քան 5 հազար հոգի. բոլոր զանգերը վերաբերել են մարդկանց վաճառքի խնդիրներին», շեշտել է Զեյնալովան:

Ադրբեջանում, ըստ ամերիկյան զեկույցի, վաճառքի զոհ են դառնում հիմնականում 18-50 տարեկան կանայք, չնայած անչափահասների թիվը նույնպես շատ մեծ է: «Իսկ «մարդկային ապրանքը» Ադրբեջանից հիմնականում տեղափոխվում է Արաբական Միացյալ Էմիրություններ, Թուրքիա եւ Ռուսաստան», եզրափակում է ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4