«Ադրբեջանի հասարակությունը լրջորեն մտահոգված է այն փաստից, որ Միացյալ Նահանգները 8 մլն դոլարի օգնություն է ցուցաբերում Ղարաբաղին», հայտարարել է Միլի մեջլիսի պատգամավոր Մուսա Գուլիեւը : Ըստ Գուլիեւիՙ որ ԱՄՆ-ը օգնում է «Ղարաբաղի անջատողականներին», արդեն նշանակում է միջազգային իրավունքի նորմերի կոպիտ խախտում. «Դրսեւորվում է ԱՄՆ քաղաքական համակարգի կոռումպացված լինելը: Այս փաստը զգալիորեն նվազեցնում է Ադրբեջանի վստահությունը ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ Մինսկի խմբի նկատմամբ, քանի որ Նահանգները համանախագահում է այդ խմբում», դժգոհել է ադրբեջանցի պատգամավորը, որի խոսքերովՙ ԱՄՆ-ը այդ օգնությունը պետք է ուղարկեր Ադրբեջան, քանի որ «միայն Ադրբեջանը արդարացիորեն կարող էր այն բաժանել Ղարաբաղի հայերի ու ադրբեջանցիների միջեւ», ադրբեջանական զավեշտի ավանդույթները շարունակել է Գուլիեւը: Պատգամավորը առաջարկել է այս հարցը մտցնել Միլի մեջլիսի օրակարգ եւ ԱՄՆ Կոնգրեսի դեմ ընդունել հայտարարություն. «Մեծ տերությունն այն ժամանակ է մեծ, երբ կատարում է իրոք մեծ գործեր», այս անգամ էլ փիլիսոփայորեն նկատել է Գուլիեւը:
Իսկ պատգամավոր Ալի Հուսեյնովի համար ԱՄՆ-ի օգնությունը Ղարաբաղին ամենեւին էլ զարմանալի չէ, քանի որ. «Դեռեւս Հեյդար Ալիեւն էր ասում, որ ԱՄՆ-ը կորցնում է իր արդար լինելու իմիջը: Որպես Մինսկի խմբի համանախագահող երկիրՙ ԱՄՆ-ը պետք է զերծ մնա երկերեսանիությունից. դա չի սազում նրա դեմքին», եզրափակել է Հուսեյնովը:
Իգբալ Ագազադեն էլ կոչ է անում պառլամենտում Ղարաբաղի մասին լսումներ կազմակերպել Ադրբեջանի արտաքին գործերի ու պաշտպանության նախարարների մասնակցությամբ. «Սա առաջին դեպքը չէ, երբ Մինսկի խմբի համանախագահները` ԱՄՆ-ը, Ֆրանսիան եւ Ռուսաստանը, ցուցաբերում են ընդգծված հակաադրբեջանական քաղաքականություն: Ափսոս, որ մենք մինչեւ այսօր չենք անդրադարձել խորհրդարանում այս կարեւոր խնդրին», ադրբեջանական դժգոհությունները եզրափակել է պատգամավոր Ագազադեն:
Հ. Ա.