«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#228, 2009-12-12 | #229, 2009-12-15 | #230, 2009-12-16


ԲԼԵՐԸ ՊԵՏՔ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ՏՎԱԾ ԳՈՒՄԱՐԸ ՀԱՏԿԱՑՆԻ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԻ

  «Ազգը» արդեն հաղորդել է (տես դեկտեմբերի 8-ի համարը) «Դեյլի թելեգրաֆի» տեղեկությունը, որ Գարադաղի շրջանում ArMeCo գործարանի հիմնարկեքի արարողությանը մասնակցելու համար Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ, Եվրոմիության Մերձավոր Արեւելքի հարցերով հատուկ դեսպան Թոնի Բլերը այցելել է Բաքու եւ այդ այցելության դիմաց ստացել մոտ 100 հազար ֆունտ ստեռլինգ (մոտ 200 հազար դոլար):

Շարունակելով թեմայի հետաքննությունըՙ անգլիական հեղինակավոր թերթի թղթակիցներ Նիկ Մեոն (Բաքվից) եւ Ռոբերտ Մենդիկը թերթի դեկտեմբերի 13-ի համարում գրում են, որ թեեւ այցելությունը երկրի առաջնորդների համար «հաղթանակ» էր գուցե, բայց ընդդիմության եւ հասարակ ժողովրդի շրջանում բուռն զայրույթ էր առաջացրել: Նրանք, ինչպես նաեւ օտարերկրյա շատ բարձրաստիճան պաշտոնյաներ, կոչ են անում Բլերին իր ստացած գումարը նվիրել մարդասիրական մի որեւէ հիմնարկի:

«Նա, իհարկե, ամեն իրավունք ուներ այցելելու այդ երկիրը, բայց նա բաց թողեց հրաշալի մի առիթՙ քննադատելու այդ երկրի ոտնձգությունները մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում», նշել են նրանք: Պիտեր Կիլֆոյլն, օրինակ, որ 1990-ականներին օգնել էր Բլերին Լեյբորիստական կուսակցության առաջնորդը դառնալու ընտրարշավում, ասել է, որ «նվազագույնը, որ նա կարող է անել, այդ գումարը մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մի որեւէ հիմնարկի նվիրելն է»: Լիբերալ-դեմոկրատական կուսակցության կողմից խորհրդարանական Նորման Բեյքերն, իր հերթին, ավելացրել է. «Դրանք կեղտոտ փողեր են, եւ նվաստացուցիչ է նախկին վարչապետի համար զբաղվել չարչիությամբ: Եթե մի ունցիա ինքնասիրություն ունի, նա պետք է նվիրաբերի այդ գումարը որեւէ մարդասիրական կառույցի»:

«Նա չեկավ ազերի ժողովրդին օժանդակելու կամ նեցուկ կանգնելու մեր ընդդիմադիր, ժողովրդավարական շարժումներին: Նա այստեղ էր բռնատիրությանը պաշտպանելու նպատակով», բողոքել է 59-ամյա Էմին Ֆաթուլլահը, հայրը Էյնուլա Ֆաթուլլահի, որը 2007-ից ազատազրկման մեջ է կոմունիստական ժամանակաշրջանը հիշեցնող «սառցամեկուսարանում»:

«Միջազգային համաներման» կազմակերպության Բրիտանիայի մասնաճյուղի տնօրեն Թիմ Հանկոքն իր մտահոգությունն ու զայրույթն է արտահայտել հատկապես լրագրողների դեմ կատարված բռնությունների առնչությամբ: «Էյնուլան ութուկես տարի պետք է բանտարկված մնա, պարզապես կառավարությանը քննադատելու համար», ասել է նա:

Ազերիները հիմնականում բողոքում են այն փաստից, որ նավթի գործոնը մեծապես նվազեցրել է Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու արեւմտյան պետությունների ցանկությունը:

Անգլիայում ապրող Մուրադ Գասանլին, որ նախագահ Ալիեւի հակառակորդն է, կոչ է արել Բլերին, որ ստացած գումարը հատկացնի այն իրավաբաններին, ովքեր պայքարում են քաղբանտարկյալներին ազատելու խնդիրներով: Ի դեպ, այդ քաղբանտարկյալների թվում է նաեւ 26-ամյա Ադնան Հաջիզադեն, որը սատիրական ֆիլմ էր պատրաստել նվիրված Գերմանիայիցՙ յուրաքանչյուրը 12 հազար ֆունտ ստեռլինգով ավանակներ գնելու երկրի նախաձեռնությանը: Նրա հայրըՙ Հիքմեթ Հաջիզադեն (56 տարեկան, նախկին դեսպան Ռուսաստանում) խոսել է երկրում տիրող աղքատության եւ այն մասին, որ իր երկիրը 180 երկրների մեջ զբաղեցնում է 134-րդ տեղը ըստ «Թրանսպարենսի ինտերնեշնըլի» ցուցակի: «Բլերը որպես բիզնեսմեն եկավ Բաքու: Ոչ որպես ժողովրդավար առաջնորդ», ասել է նա:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4