Սահմանադրագետ Հրայր Թովմասյանըՙ անդրադառնալով հայ-թուրքական արձանագրությունների վավերացման ընթացակարգերին, փաստեց, որ վավերացման գործընթացները Հայաստանում եւ Թուրքիայում տարբեր են:
«Հայաստանի եւ Թուրքիայի ներպետական օրենսդրությունները չեն կարգավորում ընթացակարգերի ժամկետները, չկա պարտավորություն, թե ինչ ժամկետներում դրանք պետք է վավերացվեն: Թուրքիայի պարագայում արձանագրությունները ստորագրումից հետո նախնական սահմանադրական փուլ չեն անցնում:
Թուրքիայում արձանագրությունները գտնվում են Մեջլիսում, սակայն Հայաստանի պարագայում արձանագրությունները չեն կարող քննարկվել ԱԺ-ում, եթե Սահմանադրական դատարանը չի արձանագրել, որ միջազգային պայմանագրով նախատեսված պարտավորությունները չեն հակասում ՀՀ սահմանադրությանը:
Չկան նաեւ ժամկետներ, թե նախագահը ՍԴ-ի քննարկումից հետո արձանագրությունները երբ է ուղարկելու ԱԺ»:
Թեպետ վավերացման առումով Թուրքիան ավելի առաջ է, քան հայկական կողմը, սակայն, ըստ իրավաբանի, այս հապաղումը միջազգային հանրության աչքի առջեւ կարող է արդարացվել այն առումով, որ հայկական կողմը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է ստորագրել արձանագրությունները: «Միջազգային հանրությունն ընկալում է, որ հայկական կողմը արհեստական խոչընդոտներ չի ստեղծում»:
Հրայր Թովմասյանը նկատում է, որ պարզ համադրման պարագայում հակասահմանադրականություն չկա, բայց այն կարող է առաջանալ արձանագրությունների որոշ մեկնաբանությունների պարագայում, մասնավորապես, երբ պատմական հանձնաժողովում քննարկվի ցեղասպանության լինել չլինելու հարցը: «Եթե հանձանաժողովը նման մանդատ ունի եւ նման գործելակերպ դրսեւորի, այս պարագայում կարող են առաջանալ հակասահամանադրական իրավիճակներ, բայց ոչ թե բուն սահմանադրության տեքստի, այլ պրիամբուլայի միջոցով: Եթե անկախության հռչակագրում ասված է, որ ցեղասպանության ճանաչումը միջազգային հարաբերությունների օրակարգում է, ապա կբացառվի այդ հանձնաժողովում նման հարցի քննարկումը»: Երկրորդ խնդիրը կապված է Ղարաբաղյան հարցի կարգավորման հետ: Այս առումով Սահմանադրական դատարանը մեծ անելիքներ չունի, քանի որ միջազգային փորձն ասում է, որ երկու երկրներ չեն կարող երրորդ երկրի վերաբերյալ պայմանագիր կնքել:
«Կարծես թե չի վնասի, որ Սահմանադրական դատարանը տողատակում արձանագրի, որ սույն պայմանագիրը արձանագրված է երկու երկրների միջեւ եւ չի կարող տարածվել երրորդ պետության վրա: Սա կնմանվի այն անեկդոտին, երբ ասում են` ուշադրություն, ժամը 12-ն է, իսկ հիմաՙ ապարանցիների համարՙ մեծ սլաքը փոքրի տակն է, ման չգաք: Իրականում ՍԴ-ն դա է անելու»:
Անդրադառնալով սահմանների ճանաչմանը, Հրայր Թովմասյանը ներկայացրեց միջազգային փորձը, որի համաձայն նոր պետությունները պայմանագրեր կնքում են «մաքուր թղթից»: «Սակայն այդ «մաքուր թուղթը» չի կարող վերաբերել սահմաններին: Ճանաչում են այն սահմանները, որոնք կային: Սահմանների հարցում Հայաստանը Կարսի պայմանագրի իրավահաջորդ է»:
Սահմանադրագետից ընդամենը 2 օր է պահանջվել պարզելու, թե Կարսի պայմանագրի կնքման ժամանակ հայկական կողմն ինչպիսի ելույթներ է հնչեցրել:
«Չէի ցանկանա, որ դրանք հրապարկվեն, ու թե Կարսի պայմանագրի վավերացման ժամանակ հայկական կողմը ինչ ելույթներ է հնչեցրել: Եսՙ որպես հայ մարդ, ամաչում եմ այդ ելույթների համար»:
Մարտավարական առումը հաշվի առնելովՙ Հրայր Թովմասյանը չցանկացավ ասել, թե Սահմանադրական դատարանը սահմանների ճանաչման առումով ինչ պետք է անի:
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ