Այսպես է վերնագրված «Ակօս» շաբաթաթերթի հարցազրույցը Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ եպս. Չուլջյանի հետ: Դա վարել է «Ակօսի» թղթակից Արիս Նալչըն եւ թուրքերեն թարգմանությամբ հրապարակել նոյեմբերի 13-ի համարում: Թերեւս կարելի էր չանդրադառնալ հարցազրույցին, համարելով ժամանակավրեպ, եթե այնտեղ բարձրացված հարցերը հրատապ չլինեին, Պոլսո հայոց պատրիարքարանը չպատրաստվեր աթոռակից պատրիարքի ընտրությանը, հարցազրույցի կրճատ տարբերակը նոյեմբերի 18-ի համարում չհրապարակեր վարչապետ Էրդողանի «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության խոսափող «Ենի շաֆաք» թերթը եւ վերջապես թուրքական կենտրոնական թերթերն ու պոլսահայ մամուլը Սեպուհ սրբազանին չդասեին պատրիարքի հավանական թեկնածուների թվին, եւ դա չհիմնավորվեր նրաՙ թուրքական իրականությանը քաջածանոթ, իսկ պոլսահայ համայնքի հոգսերին իրազեկ լինելու հանգամանքով:
Ստորեւ մասնակի կրճատումներով ներկայացնում ենք հարցազրույցը:
Հ. Չ.
- Սրբազան հայր, վերջին ժամանակներս, Պոլսի հայոց պատրիարքի վատառողջության հետ կապված, նոր պատրիարքական ընտրությունների մասին շատ է խոսվում: Այս համատեքստում ակտիվորեն շրջանառվում է նաեւ Ձեր անունը: Դրան անդրադարձել է ինչպես թուրքական, այնպես էլ պոլսահայ մամուլը: Բնականաբար, հարց է ծագում` ինչպիսի՞ն է Ձեր վերաբերմունքը:
- Մեսրոպ սրբազանի վատառողջության լուրն ինձ խոր վիշտ պատճառեց, սակայն, ցավոք, բժիշկների վերջին վկայությունները կարծեք հուսադրող չեն: Ինչ վերաբերում է իմ անվան շրջանառմանը, ապա հենց Ձեր նշած հոդվածներում կար դրա բացատրությունը. ես այն բարձրաստիճան հոգեւորականներից եմ, որոնք տեսականորեն իրավունք ունեն հավակնելու Պոլսո հայոց պատրիարքի գահին, եւ որպես դրա հիմք էր նշվում այն, որ ես ծնվել եմ Թուրքիայի Մալաթիա քաղաքում: Բայց այս հարցը որոշողը հատկապես Թուրքիայի հայ համայնքն է: Ուստի պետք է հարգել համայնքի ցանկությունը:
- Փաստորեն Դուք վերջնականապես հաստատում եք Ձեր թեկնածությունը:
- Այդ հարցին ես արդեն պատասխանեցի, որոշումը համայնքինն է:
- Վերջերս Հայաստան էին այցելել մի խումբ թուրք լրագրողներ, որոնց հոդվածները տպագրվեցին թուրքական առաջատար թերթերում («Զաման», «Թարաֆ», «Ռադիկալ», «Հյուրիեթ»): Այդ հոդվածներից պարզ դարձավ, որ Ձեզ նույնպես հանդիպել են լրագրողները, եւ նրանց ուշադրությունը հատկապես գրավել էր այն հանգամանքը, որ Դուք քաջատեղյակ եք թուրքական իրականության տարբեր ոլորտներին, Ձեր աշխատասեղանին անգամ թուրքերեն գրքեր կան...
- Այո, եւ զարմանալի ոչինչ չկա, բավարար չափով տիրապետում եմ թուրքերենին, ուստի հետեւում եմ թուրքական մամուլին, հեռուստատեսությունների առանձին հաղորդումների: Բացի այդ, ինձ համար` որպես հայ քրիստոնյայի, շատ կարեւոր են Թուրքիայի հայ համայնքի վիճակն ու տեղի ունեցող զարգացումները: Այդ պատճառով ես հետեւում եմ նաեւ պոլսահայ մամուլին եւ ուրախանում եմ տեղի ունեցող դրական զարգացումներով ու ցավում, երբ անցանկալի դեպքեր են արձանագրվում: Ցավոք, հատկապես վերջին շրջանում երկրորդներն ավելի շատ են:
- Եվ որո՞նք են Թուրքիայի հայ համայնքի հետ կապված բացասական եւ Ձեզ ցավ պատճառող զարգացումները:
- Թուրքիայի հայ համայնքի խնդիրներն իրականում բազմաթիվ են: Սակայն մի քանիսն առավել ակներեւ ու մտահոգիչ են: Դրանք, հիմնականում, տասնյակ տարիներ Թուրքիայիՙ փոքրամասնությունների նկատմամբ վարած խտրականության քաղաքականության արդյունքում առաջացած խնդիրներն են, որոնց մասին, ի դեպ, հենց թուրք գիտնականներն են գրում: Օրինակ` հայոց լեզվի հարցը, իմ կարծիքով, շատ առաջնային է: Հայախոսության մակարդակը գնալով անկում է ապրում Թուրքիայում, եւ սա ունի մի քանի պատճառ: Ստամբուլի հայկական դպրոցների վիճակը նույնպես բարվոք չեմ համարում. գաղտնիք չէ, որ հայերենին տիրապետող ուսուցիչների պակասի պատճառով շատ առարկաներ դասավանդվում են թուրքերեն: Աշակերտության տարեցտարի նվազող թվի պատճառով փակվել են նաեւ դպրոցներ, եւ աշակերտների թիվը, ասենք 1970-ականների համեմատ, այսօր նվազել է շուրջ 50 տոկոսով: Այս տարվա տվյալներով նրանց թվաքանակը նվազել է` հասնելով շուրջ 3200-ի: Մինչդեռ դպրոցական կյանքը ճիշտ կազմակերպելու դեպքում աշակերտության թիվը կարող էր կրկնապատկվել:
Հայ համայնքի խնդիրներից է նաեւ մշակութային ժառանգության պահպանման հարցը, արդիական է կալվածքների հարցը, Դպրեվանքի` տարիներ ի վեր փակ վիճակը: Կա նաեւ հոգեւորականներ պատրաստելու խնդիրը... Այս ամենից զատ` շատ եմ կարեւորում հայ համայնքի ներսում փոխադարձ ընկալման եւ հանդուրժողականության խնդիրը:
- Սակայն Ձեր նշած խնդիրները հատուկ են ոչ միայն Թուրքիայի հայ համայնքին, այլեւ մյուս փոքրամասնություններին, ընդհանրապես:
- Այո, ճիշտ եք, եւ, ինչպես արդեն ասացի, սրա պատճառներից է նաեւ տասնամյակներով Թուրքիայի վարած ներքին քաղաքականությունը: Ըստ թուրքական պաշտոնական տվյալների, ներկայումս Թուրքիայի ազգային փոքրամասնությունների ընդհանուր թիվը չի գերազանցում 100 հազարը, մինչդեռ հանրապետության առաջին տարիներին միայն հայերը շուրջ 300 հազար էին: Այս նվազման պատճառները պետք է փնտրել փոքրամասնությունների հանդեպ թուրքական պետության` տարբեր տարիներին վարած քաղաքականության մեջ: Դրա աչքի ընկնող օրինակներից են` «Ունեցվածքի հարկը» 1943թ., 1955թ. սեպտեմբերի 6-7-ի դեպքերը, հասարակական վայրերում ազգային փոքրամասնությունների մայրենի լեզվով խոսելուն փաստացի արգելք հանդիսացող «Հայրենակից, թուրքերեն խոսիր» կամպանիաները եւ այլն: Այս բոլորը թուրք ժողովուրդը շատ լավ գիտի, եւ մենք չէ, որ պիտի սովորեցնենք:
- Ձեր նշած դեպքերը` «Ունեցվածքի հարկ», 1955-ի սեպտեմբերի 6-7 դեպքեր եւ այլն վերաբերում են անցյալ դարի կեսերին, իսկ ներկայումս Թուրքիայում դրական փոփոխություն չի՞ նկատվում:
- Դրանք որոշիչ դեր եւ հետեւանք են ունեցել ներկայիս պատկերի ձեւավորման հարցում: Խտրականության տարբեր դրսեւորումների կարող ենք հանդիպել առօրյա կյանքում, կենցաղում: Ի վերջո, ես նույնպես Թուրքիայում եմ ծնվել` Մալաթիայում, եւ այդ ամենը զգացել եմ անձամբ:
Խոսելով փոփոխությունների մասին` կուզեի առանձնացնել թուրքական հասարակության եւ իշխանության որոշակի հատվածում, առնվազն մտածելակերպում եւ խոսքային ձեւակերպումներում նկատվող փոփոխությունները: Օրինակ` Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերջերս հրապարակավ քննադատել էր այն քաղաքականությունը, որի պատճառով Թուրքիայի փոքրամասնությունները լքել են երկիրը, ավելին` նա դա համարել էր ֆաշիզմի դրսեւորում: Ընդհանրապես, իշխող կուսակցության տարբեր ներկայացուցիչներ պարբերաբար հայտարարել են, որ դեմ են էթնիկ եւ կրոնական ազգայնականությանը: Այս ամենը հուսադրող է, սակայն նման դիրքորոշումը պիտի առավել ընդգրկուն դառնա, եւ դա անհրաժեշտ է ապացուցել օրինակելի գործերով:
- Դուք, խոսելով մասնավորապես Թուրքիայի անցյալի պատմության եւ հայ համայնքի մասին, կարեւորեցիք պատմության հետ առերեսվելու գաղափարը, իսկ դրա համար ի՞նչ ճանապարհներ կան, որպեսզի Ձեր ասածի նման «խոսքը դառնա գործ»:
- Դա իրոք լուրջ խնդիր է, եւ անհրաժեշտ են համալիր քայլեր: Եվ իրատեսական չէ անմիջապես արդյունքներ ակնկալելը: Քանզի ճակատագրի բերումով պոլսահայությունը շուրջ 100 տարի ապրել է 1915 թվականի եւ դրանից հետո պարբերաբար կրկնվող քաղաքական ահաբեկումների ու ճնշումների մթնոլորտում: Մեր ժողովրդի այս հատվածը վարչապետ Էրդողանի մատնանշած ֆաշիզմի հետեւանքների անմիջական կրողն է: Ոչ միայն պոլսահայությունը, այլեւ ողջ հայությունը գենետիկորեն այդ հիշողության եւ դրա վնասաբեր հետեւանքների կրողն է: Դա դրսեւորվում է վախի, զգուշավորության, անվստահության, նախաձեռնության պակասի, ցանկացած վիճակի հետ հաշտվողականության եւ հարմարվողականության տեսքով: Հետեւաբար, Հայաստանում, Սփյուռքում թե Պոլսում հայությունն իր մեջ ուժ պետք է գտնի վերանայելու եւ վերլուծելու պատմական դեպքերը, հաղթահարելու հոգեբանական ցավը եւ Թուրքիայի առաջադեմ իշխանությունների, մտավորականների ու ժողովրդի հետ վստահության մթնոլորտում վերակառուցելու նոր հարաբերություններ ու վերաձեւավորելու իր ազգային եւ համայնքային կյանքը: Ուրեմն` պետք է առաջ նայել: Ինչպես Չերչիլն է ասել` «Անցյալի եւ ներկայի միջեւ վեճերը ապագայի կորուստ են»:
- Սրբազան հայր, որո՞նք են հայ ժողովրդի եւ հատկապես պոլսահայության միասնականությանը խոչընդոտող ներազգային եւ համայնքային` տարիներով կուտակված բարդ ու խրթին հարցերի լուծումները:
- Նախ պետք է վերափոխել հայ մարդու գիտակցությունը. հայության «բազմադեմությունը» միեւնույն ժամանակ պետք է ընկալվի որպես մեր հարստության, ուժի աղբյուր: Սրա համար յուրահատուկ «մշակութային երկխոսություն» է հարկավոր հենց հայության տարբեր հատվածների միջեւ: Ներկայումս, առավել քան երբեւէ, անտրամաբանական եւ ծիծաղելի է հայերի բաժանումը հայաստանցիների, ղարաբաղցիների, սասունցիների կամ, վերջերս պոլսահայ իրականությունում շրջանառվող, սպիտակ կամ գավառացի հայերի: Անորոշությունների հետեւանքով առաջացած խնդիրների արմատական լուծումը պայմանավորված է հզոր եւ կազմակերպված հայոց պատրիարքության առկայությամբ: Սա հրամայական է` համայնքի ամբողջականության պահպանման առումով:
Վերոնշյալ հարցերի լուծման հարցում հսկայական պատասխանատվություն է ընկնում Թուրքիո հայոց պատրիարքության վրա, քանզի Հայաստան-Թուրքիա բնականոն հարաբերությունների բացակայության պատճառով պատրիարքությունը կարող է բազմատեսակ գործառույթներ իրականացնել եւ հանդիսանալ կամուրջ հայ եւ թուրք հասարակությունների միջեւ:
- Սրբազան, Թուրքիայում հայ լինելը արդյոք ունի՞ որոշ յուրահատկություններ, եւ ի՞նչ տարբերություն կա` այլ երկրների սփյուռքահայերի կյանքի հետ համեմատած:
- Թուրքիայի հայերն իրոք ունեն որոշ յուրահատկություններ: Օրինակ այն, որ իրենց չեն համարում դասական առումով սփյուռքահայ, եւ սա ունի նաեւ յուրահատուկ մեկնաբանություն: Մյուս հանգամանքն այն է, որ Թուրքիայի հայերը գտնվում են հայ եւ Թուրքիայի քաղաքացի լինելու բարդ երկընտրանքի առջեւ: Այս հարցը, կարծես, չի շրջանցում ոչ մի թուրքահայի: Ստեղծված այս երկընտրանքի վերացման համար պետք է, որ ազգությամբ հայ լինելը Թուրքիայում դադարի ընկալվել որպես սպառնալիք, վտանգ: Այդ պարագայում Թուրքիայի հայերը կկարողանան հաջողությամբ համադրել հայ եւ միեւնույն ժամանակ` Թուրքիայի քաղաքացի լինելու բարդ խնդիրը: Կուզեի այդ առումով մեջբերել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի արտահայտած այն միտքը, թե «լավ հայը իր ապրած երկրի լավ քաղաքացին է»:
- Ի՞նչ կմաղթեք «Ակօս»-ի ընթերցողներին:
- 100 տարվա զրկանքներից հետո, ի գին նահատակության ձեռքբերած համբերատարության` Պոլսո հայությանը Աստծո կամքով վերապահված է մեծ ու անփոխարինելի առաքելություն` ստանձնելու հաշտարարի դերակատարություն հայ եւ թուրք ժողովուրդների միջեւ: Ահա այսօր այդ օրն է: Ես հավատում եմ, որ պատրիարքության շուրջը համախմբված` Պոլսո հայությունը սիրով, իմաստությամբ եւ միաբանությամբ կկատարի իր սուրբ պարտականությունը եւ կարժանանա Բարձրյալն Աստծո օրհնությանը. «Երանի՜ նրանց, որոնք խաղաղության հաստատման համար են աշխատում, որովհետեւ նրանք Աստծո որդիներ պիտի կոչվեն» Մատթեոս 5, 9: