«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#228, 2009-12-12 | #229, 2009-12-15 | #230, 2009-12-16


ԼՈՌՈՒ ՄԱՐԶՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ ՀՀ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ ԱՐՏԱԳՆԱ ՆԻՍՏ

10 նյութեր ուղարկվեց ՀՀ դատախազություն

Երեկ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում կայացավ Վերահսկիչ պալատի խորհրդի արտագնա նիստը։ Քննարկվեցին մարզպետարանին պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործման եւ բյուջետային մուտքերի ապահովման, ինչպես նաեւ պետական սեփականության կառավարման եւ օգտագործման նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքներն ու ընթացիկ հաշվետվությունը։ Քննարկվեցին նաեւ ՀՀ էկոնոմիկայի նախարարության եւ ՀՀ տարածքային կառավարման նախարարության, ջրային տնտեսության պետական կոմիտեին պետական բյուջեից հատկացված միջոցների ապահովման, օգտագործման նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքների վերաբերյալ ընթացիկ հաշվետվությունները։ Իսկ Գերմանիայի զարգացման վարկերի բանկի աջակցությամբ իրականացվող Լոռու եւ Շիրակի մարզերի ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերի վերականգնման ծրագրերի նկատմամբ վերահսկողության արդյունքների հաշվետվություններին կանդրադառնանք հաջորդիվ։

Այժմ միայն նշենք, որ ՀՀ Վերահսկիչ պալատի կողմից իրականացված վերահսկողության ընթացքում արձանագրված 10 նյութ ուղարկվել է դատախազություն։ Դրանք լրագրողներին ներկայացրեց Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը եւ նշեց. «Մեր խնդիրը չէ որոշումներ տալ, եթե կա քրեաիրավական բնույթի խնդիր, մենք դրանք տրամադրում ենք դատախազությանըՙ իրենց պահանջով»։

Իսկ այժմ նշենք այն 10 նյութերը, որոնք ուղարկվում են ՀՀ դատախազություն երեկվա արտագնա խորհրդի նիստի որոշմամբ։ Դրանք ենՙ ՀՀ մշակույթի նախարարության մասով «Ինորենտ» ՍՊԸ-ի եւ նախարարության միջեւ կնքված պայմանագիրը, որով 19 միլիոն 960 հազար դրամ հատկացվել է ՍՊԸ-ինՙ մշակույթի բնագավառում իրավական ակտեր մշակելու համար։ Ստուգման պահին պարզվել է, որ պայմանագրում նշված են Երեւանի Բյուզանդի փողոց, 53 տունՙ ընդհանրապես գոյություն չունի։ Ընկերության միակ մասնակիցը գրանցված է Վերջինյան կղզիներում (Բրիտանիա)։ «Եվ կա կասկած, նշեց պրն Զաքարյանը, որ 19 միլիոն 960 հազարը փոշիացվել է, որեւէ փաստաթուղթ չկա...»։

Հաջորդ խնդիրըՙ Արմավիրի մարզի Մարգարա համայնքում «Արաքսի ավազան» ՍՊԸ-ի եւ համայնքի միջեւ կնքված պայմանագիրն է, որով պետք է ՍՊԸ-ն արտադրեր գյուղմթերքներ, սակայն դրանց փոխարեն հողերը օգտագործվել են որպես ավազահանք։

Բնապահպանության նախարարության մասով 153 միլիոն դրամ հիդրոլոգիական նավ ձեռք բերելու համար պետբյուջեից գումար է տրվել, իսկ մաքսայինի ձեւակերպումներով նավը արժեցել է 9 միլիոն 931 հազար դրամ։ 73 միլիոն դրամ ձեւակերպված կեղծ գումարը կասկածների տեղիք է տվել։ Քաղաքաշինության բնագավառում Ողջաբերդ, Հաղարծին եւ Քարահունջ համայնքների սողանքների պատճառով հատկացված գումարները նպատակին չեն ծառայել, եւ որոշ ղեկավաներ կեղծ տեղեկանքներ են տվել ու գումարներ հատկացրել։ Հաջորդ գործը, որ դատախազություն է ուղարկվում, դա Դավիթաշեն համայնքի «Բարեկարգում-կանաչապատում» ՍՊԸ-ի 2006-2007 թթ. գործունեության արդյունքում վճարվել է 11 միլիոն 470 հազար դրամ, նաեւՙ 7 աշխատող, որոնք սեպտեմբերի 30-ից ազատված են եղել աշխատանքից, փաստացի ստացել են աշխատավարձ։

Երկու դեպք էլ եղել է Սյունիքի մարզում, երբ «Սյունիք» ՍՊԸ եւ «Շիկա» ՓԲԸ համապատասխանաբար երկու կառույցների հետ կնքել են պայմանագրեր, որոնք նոտարական վավերացումներով չեն հաստատված եւ դրանք նույնպես համարվում են անօրինական։

«Ազգի» հարցին, թե ո՞ր բնագավառներում են կոռուպցիոն երեւույթներն ակնհայտ, պրն Զաքարյանը նշեց, որ «մենք պատրստվում ենք հատուկ փաստաթուղթ մշակել ու մի քանի ամիս անց կներկայացնենք, թե ինչ երեւույթներ կան եւ ինչպես, ինչ գործառույթներով հնարավոր կլինի կանխել կոռուպցիոն երեւույթները։ Իհարկե, կան շինարարական կազմակերպություններ. որոնց հետեւում պաշտոնատար անձինք են կանգնած եւ, ինչպես Բելգիայում եւ Հոլանդիայում է ընդունված, նման խախտումներ անող շինարարական կազմակերպություններին պետք է սեւ ցուցակում ընդգրկել եւ թույլ չտալ մասնակցել մրցույթներին»։

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4