Լյուդմիլա Սարգսյանն ընդդեմ Սեդրակ ԱՃեմյանի
Նախօրեին ՍԴՀԿ հայաստանյան կառույցի 9 մասնաճյուղեր տարածել էին հաղորդագրություն` անվստահություն հայտնելով կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանին: «Վերջին ամիսներին ՍԴՀԿ-ում առկա անառողջ մթնոլորտը հաղթահարելու նպատակով ՍԴՀԿ հայաստանյան կառույցի բացարձակ մեծամասնության պահանջով սույն թվականի դեկտեմբերի 16-17-ին տեղի կունենա ՍԴՀԿ արտակարգ համագումար», ասված է հայտարարության մեջ:
Լյուդմիլա Սարգսյանին անվստահություն հայտնողների թվում էին ՍԴՀԿ հայաստանյան ԿՎ-ի անդամներ Գեւորգ Պերկուպերյանն ու Արսեն Կուպելյանը, ՍԴՀԿ-ի 7 կառույցներ:
Դրան ի պատասխան ՍԴՀԿ վարչական մարմնի 4 անդամներ (վարչությունը բաղկացած է 7 անդամից, անդամներից մեկը վերջերս մահացել է-Հ.Հ.) Լյուդմիլա Սարգսյանի գլխավորությամբ բաց նամակ են հղել համահնչակյան ընտանիքին` հավելելով, որ «այս քայլով որոշ ծախուներ վտանգում եւ տրոհման եզրին են կանգնեցնում համահնչակյան կառույցը: «Ազգի» հետ զրույցում Լյուդմիլա Սարգսյանը նկատեց, որ դեկտեմբերի 16-ին սպասվելիք համագումարը հակաօրինական է եւ ՀՀ տարածքում ոչ գործուն` համաձայն ՀՀ կուսակցությունների օրենքի 22 հոդվածի 1-ին կետի ու ծրագիր կանոնակարգի 3-րդ մասի առաջին կետի: Բացի այդ, ըստ ՍԴՀԿ կանոնադրության, կուսակցությունը համագումար է հրավիրում 4 տարին մեկ` ԿՎ առաջարկով, իսկ արտահերթ համագումար հրավիրվում է միայն ԿՎ մեծամասնության առաջարկով: Մինչդեռ այժմ ՍԴՀԿ-ն ունի ԿՎ 6 անդամ, որից հայտարարությունը ստորագրել են 2-ը: «Դեկտեմբերի 16-ի համագումարը անօրինական է, կա կուսակցության վարչության միասնական որոշումը: Ըստ մեր կանոնագրի, մինչ համագումարը երկու ամիս առաջ շրջաններին տեղեկացնում ենք համագումարի մասին, եւ վարչության ողջ կազմի որոշմամբ համագումարը պետք է կայացվի հունվարի 9-ին: Դա անփոփոխ ժամանակ է: Իսկ այն, ինչ կլինի այդ ընթացքում, իմիտացիա է, խաղեր, որին խորհուրդ կտայի լուրջ չվերաբերվել: Լուրջ չվերաբերվել նաեւ այն շրջաններին, որոնք հայտարարվել են: Դրանք չեն գործում (նկատի ունի ՍԴՀԿ 7 կառույցները, որոնք անվստահություն են հայտնել Սարգսյանին-Հ.Հ.): Լրջություն տալ այդ չակերտավոր համագումարին ուղղակի ծիծաղելի է»:
Թե ինչու է այս ամենը կատարվում կուսակցությունում եւ ում է ձեռնտուՙ Լյուդմիլա Սարգսյանի պատասխանը հետեւյալն էր. «Իշխանությունները փորձում են պառակտել կուսակցությունը, ինչը արել են մի շարք կուսակցությունների հետ: 10-12 հոգով փորձում են խեղաթյուրել իրականությունը: Մինչ այս «հայտարարությունը» մենք զերծ էինք մնացել իրերն իրենց անուններով կոչելուց, այժմ պետք է տեղեկանաք, որ կուսակցության ներսից քայքայման գործընթացի հեղինակն ու գաղափարախոսը ՍԴՀԿ ԿՎ ատենապետ Սեդրակ Աճեմյանն է: Իշխանությունները խրախուսում են Աճեմյանի գործարարական հավակնությունները: Նա Հայաստանում բիզնես ունի եւ փորձում է կուսակցությունը ծառայեցնել իր նպատակներին: Այլ փակագծեր չեմ ուզում բացել: Եթե դա այդպես չլիներ, իշխանությունները ոչ մի կերպ չէին կարողանա ներթափանցել կուսակցություն»:
Զրուցեցինք նաեւ ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական միության ատենապետ Նարեկ Գալստյանի հետ: Վերջինս նշեց, որ կուսակցականների գերակշիռ մեծամասնությունը որոշել է գնալ համագումարի` անվստահություն հայտնելով Լյուդմիլա Սարգսյանին կուսակցության վերաբերյալ ձեւակերպումների, տպագրվող հոդվածների եւ կուսակցության ներքին խնդիրները մամուլում ներկայացնելու համար: «Ի՞նչը չի բավարարում Լյուդմիլա Սարգսյանի գործունեության մեջ» հարցին էլ Նարեկ Գալստյանը պատասխանեց, որ դրանք բազմաթիվ են եւ թվարկելը երկար կտեւի, բայց մանրամասնեց, որ Լյուդմիլա Սարգսյանն ամիսներ շարունակ կուսակցության ներքին խնդիրները, սեփական կուսակցական ընկերներին վիրավորելու ինստիտուտ է մտցրել մամուլ եւ նրանց պատասխանում է մամուլի միջոցով:
«Լյուդմիլա Սարգսյանը կուսակցության գաղտնիքները, կուսակցության սրբությունները պահպանելու սովորություն չունի, եւ դրա համար որոշվեց, որ գնում ենք անվստահության: Նա ուղղակի չկարողացավ պահպանել կուսակցության միասնականությունը եւ սկսեց քայքայել կուսակցությունը»: «Առանց մեկնաբանությունների»ՙ այսպիսին էր Նարեկ Գալստյանի պատասխանը Լյուդմիլա Սարգսյանի այն խոսքերին, որ կուսակցության որոշ ներկայացուցիչներ ծախվել են իշխանություններին:
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հ. Գ. Հույս ենք հայտնում, որ մեր ավանդական այս կուսակցությանը ի վերջո կհաջողվի վերականգնել իր միասնականությունը: