Չնայած Հայաստանը զբոսաշրջության ոլորտում համարվում է թանկ երկիր, այնուամենայնիվ իր հնագույն կրոնական մշակույթով աշխարհում մեծ հետաքրքրություն է ներկայացնում:
«Եթե Հայաստանում զարգանա բժշկական զբոսաշրջությունը, ապա այստեղ մենք լինելու ենք առաջատարը մեր մատչելի գներով, ես զարմանում եմ` ինչո՞ւ մինչեւ այսօր դա չի արվել,- նշեց Զբոսաշրջության ազգային գրասենյակի տնօրեն Մարիա Աթայանը ,- գներով մենք բոլորից տարբերվում ենք, օրինակ, Հայաստանում ատամնաբուժությունը 3-4 անգամ էժան է, քան Մոսկվայում»:
Զբոսաշրջության ազգային գրասենյակը մտադիր է հետագայում լրջորեն նպաստել բժշկական զբոսաշրջության զարգացմանը, որի միջոցով, օրինակ, հնարավոր կլինի Ծաղկաձորում, Ջերմուկում կառուցել զբոսաշրջային հիվանդանոցներ: Գրասենյակի պլանները բազմաթիվ են, այն բոլորովին վերջերս է ստեղծվել` 2009-ի նոյեմբերին, Մոսկվայում: Առաջիկայում մտադիր է նպաստել ավելի շատ ռուս զբոսաշրջիկների այցին Հայաստան:
«Սրա առաջին քայլը սկսվում է դեկտեմբերի 15-ից` ռուսական առաջատար զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների շրջայցով Հայաստանում` Ենոքավան, Ծաղկաձոր, Սեւան, Էջմիածին: Լրագրողները ռուսական լրատվամիջոցներով պատմելու են Հայաստանի մասին», ասում է Մարիա Աթայանը:
Լրագրողների շրջայցի կազմակերպման գործում Զբոսաշրջության գրասենյակին միացել են «Արմավիա» ավիաընկերությունը, «Կոնգրես» հյուրանոցը, «Ապագատուր» եւ «Զասուտա» զբոսաշրջային ընկերությունները:
«Ապագատուր» գործակալության ներկայացուցիչ Գայանե Չիբուխչյանը նկատեց, որ Հայաստանում տուրիստները փնտրում են ավելի շատ հոգեւոր տպավորություններ, քան, օրինակ, ծովափնյա երկրներում, այդ ամենը, իհարկե, ստանում են, բայց լավ կլինի, որ հայ այցելուներն ավելի հարգալից լինեն տեսարժան վայրերի հանդեպ` չաղտոտեն տարածքը, չգրեն ու չփորագրեն հուշարձանների վրա:
«Զբոսաշրջությունը անմիջականորեն առնչվում է էկոնոմիկայի զարգացմանը, տուրիստների մեծ հոսքը միգուցե օգնի այս ոլորտում նաեւ պետական գների իջեցմանը,- ասաց Մ. Աթայանը,- գներն ավելի մատչելի դարձնելն է մտնում մեր պլանների մեջ»:
Գրասենյակն իր ծրագրերի մեջ ներառել է նաեւ շրջայցեր Լեռնային Ղարաբաղում:
ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ