«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#228, 2009-12-12 | #229, 2009-12-15 | #230, 2009-12-16


ՔԱՆԴԱԿԱԳՈՐԾ ԽԱՉԱՏՈՒՐ ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆԸ` ՀԻՆ ՈՒ ՆՈՐ ԵՐԵՎԱՆԻ ՄԱՍԻՆ

Կես դար առաջ քանդակագործ Խաչատուր Իսկանդարյանը վարում էր իր «Պոբեդան» Երեւանի փողոցներով եւ ամեն մի գեղեցիկ բնապատկերի հանդիպելիս կանգ էր առնում ու ճեպանկարներ անում:

Բայց նրա քանդակներում կերպավորված հուշերը հին Երեւանի մասին ծնվել սկսել են դեռ դրանից էլ 20-30 տարի առաջ:

Քանդակագործը հիմա 86 տարեկան է, իսկ Երեւանի հանդեպ նրա սերը մեծացել է տարիքին զուգահեռ:

- Ամեն մարդ պետք է սեր ունենա. առանց սիրո կյանքը աննպատակ է: Ես հիմա էլ չեմ կարողանում անտարբեր քայլել իմ Երեւանի փողոցներով: Ինձ հետաքրքրում է ամեն ինչ` ինչու՞ մեքենան չկայանեց կանգառում, ինչո՞ւ են խանութի ցուցափեղկն այսպես ձեւավորել...

Իսկ կար ժամանակ, երբ չկային Երեւանում ոչ ավտոմեքենաներ, ոչ էլ խանութների նորօրյա ցուցափեղկերը: Քանդակագործը սրտով է հիշում այն օրերի Երեւանը:

- Այն ժամանակ քաղաքն ուրիշ համուհոտ ուներ: Քիչ էր ծանրաբեռնված` մի քանի ֆայտոն, քիչ մարդիկ: Մարդիկ ճանաչում էին իրար. ջերմություն կար: Հասկանում եմ, որ նույնը չպիտի մնար, բայց կենտրոնում հին քաղաքից ինչ-որ մաս պիտի պահվեր:

Նրանց տունը գտնվում էր Աբովյան փողոցում` մոտավորապես այսօրվա ռուսական թատրոնի հետեւի մասում: Այն ժամանակ փողոցը կոչվում էր Աստաֆյան: Քանդակագործը հիշում է, որ Աստաֆյան փողոցի երկու եզրերով առուներ էին հոսում` բետոնե ցածր ամբարտակներով: Առավոտյան բակապանները դույլերով ջուր էին վերցնում առուներից, լվանում փողոցն ու մայթերի կարմիր տուֆը: Իսկ Թումանյան փողոցը կոչվում էր Ցերկովնայա, որովհետեւ մոտակայքում Պողոս-Պետրոս եկեղեցին էր:

- Տոն օրերին երեխաներով գնում էինք եկեղեցի, նշխարք էինք վերցնում: Խաչատուր Աբովյանի արձանի տեղում մի ուռենի էր: Ծառզարդարի օրը դրանից էինք ճյուղեր կտրում, տանում եկեղեցի: Իսկ Չարենցի դպրոցի տեղում Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին էր: Առաջին անգամ տիկնիկային թատրոն այս եկեղեցում են ցույց տվել: Դա 36 կամ 37 թիվն էր: Դռան վրա էլ մեծ-մեծ գրված էր «Կինո անաստված». այնտեղ նաեւ համր ֆիլմեր էին ցուցադրում: Եկեղեցու անկյունում էլ մի դուդուկահար էր նստում ու ֆիլմի տրամադրությանը համապատասխան մեղեդի նվագում:

Քանդակագործի հիշողության մեջ վառ են մնացել երեւանյան տների հողաշեն տանիքները, որոնց վրա պարտադիր մի մեծ քար էր լինում: Այդ քարը գլորում էին անձրեւի եւ ձյան ժամանակ, որ տանիքի հողը հավասարվեր, փակվեին անցքերը. առաստաղից ջուր չկաթար:

- Մի հատ մեծ թոնիր ունեինք. դրա մեջ լավաշ էինք թխում, մի հատ էլ փոքրը ունեինք գաթաների համար: Տեսնու՞մ ես էն տաշտը. մայրս գաթայի խմորն էր դրա մեջ անում:

Խաչատուր Իսկանդարյանի արվեստանոցում քանդակների կողքին Իսկանդարյանների ընտանիքի սպասքեղենից մնացած որոշ իրեր էլ են պահվում` մաղեր, հացաման, ինքնաեռ, զարդատուփ...Երեւանյան կենցաղի այս թանգարանում առանձնահատուկ են քաղաքի անցյալին վերաբերող մանրաքանդակները` հին ցայտաղբյուրներ, թերթի կրպակներ` ընթերցողներով շրջապատված, կոշիկ մաքրողներ ու թափառական երաժիշտներ: Նրա մանրաքանդակներից շատերը ցուցադրված են Հայաստանի ազգային պատկերասրահում: Խաչատուր Իսկանդարյանի հեղինակած աշխատանքներից ամենաճանաչվածը հավանաբար Հակոբ Մեղապարտի արձանն է` դրամատիկական թատրոնի հարեւանությամբ:

Քանդակագործին հանգիստ չի տալիս արձանի մերօրյա դրությունը:

- Պատվանդանի վրա էկրան են տեղադրել, կողքի սրճարանը եկել, խեղդում է: Ծառերն էլ մյուս կողմից են իջել վրան: Մի օր անցնում էի մոտով, տեսա` պատվանդանի վրա կարմիր լվացք են փռել: Ջղայնացած վերցրեցի, գցեցի մի կողմ: Ասում են.«Արեւ ա, լավ ա չորանում»: Ի՞նչ անես: Ուզում ես` ուզիր, չես ուզում` թող գնա էս երկրից:

Մեղապարտը Իսկանդարյանի միակ մտահոգությունը չէ: Արվեստանոցում կանգնած գիպսե Դեմիրճյանին նայելիս քանդակագործը վերհիշում է ծամծմվող պատմությունը:

- Քսան տարի է` սա կանգնած է էստեղ, քսան անգամ էլ դիմել եմ, ասել են` փող չունենք: Դեմիրճյանի արձանը պետական պատվեր է. մրցույթով եմ շահել: Ասում եմ` էլ ինչո՞ւ եք թողել էդ քարը Օղակաձեւ զբոսայգում` «Այստեղ պետք է լինի Դերենիկ Դեմիրճյանի արձանը». էհ, հանեք, շպրտեք մի կողմ: Ասում են` դե, պետք է փող հայ-թայ-թենք:

Տարիներ հետո կբացեն էլի պետական արխիվը, էդքան նամակները կտեսնեն, մեկը կհարցնի` մի՞թե մի 30 հազար չեն ունեցել, որ էդ Դեմիրճյանը կանգնեցնեին իր տեղում:

ՏԱԹԵՎ ՄԱԴԱԹՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4