«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#228, 2009-12-12 | #229, 2009-12-15 | #230, 2009-12-16


ՀԱՅ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԸ ՍՏԵՂԾԵԼ ԵՆ «ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ»

Կալիֆոռնիայի հայահոծ համայնքում այսօր հրատարակվում են մոտավորապես 17 անուն պարբերականներ, հաղորդումներ են հեռարձակում 5-6 հեռուստաընկերություններ: Սակայն լրագրողական դաշտը գործում է բաժան-բաժան, շատ հաճախ նաեւ` ընդդեմ միմյանց: Երբեմն այդ հակադրություններն ունենում են լարված ու թշնամական դրսեւորումներ: Նման պայմաններում զգացվում է միավորող կառույցների անհրաժեշտությունը:

Օրերս լոսանջելեսաբնակ հայ լրագրողներն այստեղ հիմնեցին Լոս Անջելեսի մամուլի ակումբը (Los Angeles Press Club), որի շնորհանդեսը կկայանա հինգշաբթի Գլենդեյլի «Մունլայթ» համալիրում: Հրավիրվել են թերթերի խմբագիրներ, հեռուստաընկերությունների ղեկավարներ, համայնքի տարբեր ոլորտները ներկայացնող մարդիկ` գործարարներ, մտավորականներ: Լոս Անջելեսի մամուլի ակումբը մտադիր է կազմակերպել ասուլիսներ, հանդիպումներ տեղի եւ, ընդհանրապես, Լոս Անջելես ժամանած ճանաչված անհատների ու գործիչների, մշակույթի գործիչների հետ: Ակումբի նախաձեռնությամբ կկայանան հրատապ խնդիրների քննարկումներ, որոնց թվում են եւ տեղի հայ համայնքին հուզող ամենատարբեր բնույթի պրոբլեմները: Դրանք սրվել են հատկապես հիմա, երբ նահանգն ընկղմվել է տնտեսական խոր ճգնաժամի մեջ: Եվ, բնականաբար, ակումբի նպատակներից է վեր հանել հայկական լրատվամիջոցների դաշտում գոյություն ունեցող խնդիրները եւ միասնաբար գտնել լուծումներ:

Մամուլի ակումբն անպայման կօգնի, որ լրատվամիջոցները, մտավորականության տարբեր շերտերը ներկայացնող անհատներն ու հասարակական կազմակերպությունները գործեն երկխոսության հարթության մեջ, ոչ թե միմյանցից ու միմյանց գործողություններից անտեղյակ եւ միմյանց հակադիր դաշտերում: Իրենց հերթին, հայ լրագրողները եւս կհամագործակցեն, կմշակեն միասնական քաղաքականության դրույթներ, միասնական վերաբերմունք կարտահայտեն հասարակական հնչեղության ամենատարբեր իրողությունների հանդեպ:

Լոս Անջելեսի մամուլի ակումբը մտադիր է համագործակցել բոլոր լրատվամիջոցների հետ: Արդեն իսկ կան մի շարք նախագծեր, դրանցից առաջինը հեռուստաժամի ստեղծումն է: Արդեն ընթացքի մեջ են անդրանիկ հաղորդման նախապատրաստական աշխատանքները: Պայմանավորվածություններ են ձեռք բերվել մի քանի լրատվամիջոցների հետ, որ մոտ ապագայում կյանքի կկոչվեն: Ակումբը մտադիր է համագործակցության նախագծեր առաջարկել ինչպես հեռուստաընկերություններին, այնպես էլ թերթերին: Տեղի հեռուստածրագրերի մեծամասնությունն անդրադառնում է հիմնականում հայաստանյան իրադարձություններին (նաեւ տպագիր մամուլը), իսկ տեղական կյանքի լուսաբանումները մնում են ուշադրությունից դուրս: Մամուլի ակումբը նախագծում է նպաստել նաեւ տեղական կյանքի եւ լրատվամիջոցների մերձեցմանը: Քննարկումների կհրավիրվեն նաեւ տեղական իշխանությունների ներկայացուցիչներ:

Մի խոսքով, ծրագրերը շատ-շատ են, ակնկալիքներն էլ լավատեսական են: Լոս Անջելեսի քաղաքական, մշակութային կյանքն աղքատիկ չէ` այստեղ գործում են ավանդական կուսակցություններ, երգչախմբեր ու թատերախմբեր, կան հայալեզու մամուլ ու գրականություն: Ազգային կյանքի օրավուր լուսաբանումն է, որ կաղում է այստեղ, միավորող, կազմակերպող մարմնի առկայությունը: Օրերս ակումբը գրանցել է իր ինտերնետային կայքէջը` www.losangelespressclub.com : Կայքէջն այժմ պատրաստման փուլում է:

Լոս Անջելեսի մամուլի ակումբի նախաձեռնություններին օժանդակում է երիտասարդ գործարար Գարիկ Շխրդումյանը:

Փոխշահավետ համագործակցության եւ աջակցության մասին է հայտնել նաեւ Լոս Անջելեսի գործարարներին միավորող հայ-ամերիկյան կազմակերպությունը (Armenian American Chamber of Commerce), մասնավորապես` կազմակերպության Փոքրիկ Հայաստան (Little Armenia) մասնաճյուղը:

ԱՐՏԱՎԱԶԴ ԴԱՆԻԵԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4