Իսրայելցի գրոսմայստեր Բորիս Գելֆանդը դարձավ Խանտի Մանսիյսկում վիճարկվող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության հաղթողՙ եզրափակիչում առավելության հասնելով ուկրաինացի գրոսմայստեր Ռուսլան Պոնոմարյովի նկատմամբ: Եզրափակիչ մրցախաղն անցավ համառ պայքարում: Դասական շախմատի բոլոր 4 պարտիաներն էլ ավարտվեցին ոչ-ոքի: Արագ շախմատի 4 պարտիաներից 2-ում մրցակիցները հաշտություն կնքեցին, տարան մեկական հաղթանակ: Աշխարհի գավաթակիրը որոշվեց կայծակնային մրցախաղում: Առաջին պարտիայում հաղթեց Գելֆանդը, 2-րդում Պոնոմարյովը ռեւանշի հասավ, իսկ 3-րդ եւ 4-րդ պարտիաներն ավարտվեցին իսրայելցի գրոսմայստերի հաղթանակով: Այսպիսով, լրացուցիչ մրցախաղում հաղթելով 5-3 հաշվով, Գելֆանդը դարձավ աշխարհի գավաթակիր եւ իրավունք ստացավ մասնակցելու հաջորդ տարի կայանալիք աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարին:
Մինսկում ծնված Բորիս Գելֆանդը 1998-ին մեկնեց Իսրայել: Խանտի Մանսիյսկում նա մեծ հաջողության հասավՙ իրավունք ստանալով վիճարկելու աշխարհի չեմպիոնի կոչումը: Նա արդեն 2 անգամ մասնակցել է աշխարհի չեմպիոնի թագի համար մրցախաղերին: 1995-ին Գելֆանդը պարտվեց Անատոլի Կարպովին, իսկ 2 տարի առաջ 2-րդ տեղը գրավեց Մեխիկոյում անցկացված հավակնորդների մրցաշարում: Նա գրեթե 20 տարի աշխարհի ուժեղագույն շախմատիստների շարքում է, թեեւ միայն այժմ է հասել իր ամենաբարձր վարկանիշին (2758)ՙ զբաղեցնելով ՖԻԴԵ-ի դասակարգման ցուցակում 7-րդ տեղը:
Այս պահին, բացի Գելֆանդից, հավակնորդների մրցաշարին մասնակցելու իրավունք են ստացել Գատա Կամսկին, Լեւոն Արոնյանը եւ Մագնուս Կառլսենը: Իր տեղը գործնականում ապահովել է նաեւ Վլադիմիր Կրամնիկը: Վերջին երկու ուղեգրերից մեկը բաժին կհասնի Գրան պրիի խաղարկությունում 2-րդ տեղը զբաղեցրած շախմատիստին, մյուսըՙ մրցաշարի կազմակերպիչ երկրի ներկայացուցչին: 8-րդ մասնակիցը կլինի 2010-ի ապրիլին կայանալիք Անանդ-Թոփալով մրցախաղում պարտված շախմատիստը:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ