«Ազգը» ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկից դատապարտյալ Արթուր Աշոտի Այվազյանից երկու բողոք նամակներ է ստացել, որոնցում հստակ նշել է, որ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր պրն Էդ. Ավետիսյանի կողմից 15.10.2009 թ. կայացված «բողոքը մերժելու» որոշման դեմ, դատապարտյալը վերաքննիչ բողոք է ներկայացրել ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանին: Սակայն դատավորը որոշում կայացնելուց չի նշել դատապարտյալին դատարան ներկայացնելու փաստը, որով էլ դատապարտյալն անազատության մեջ գտնվելով որքան էլ որ ցանկանար, չէր կարող նիստին ներկա գտնվել ու իր շահերը պաշտպանել դատարանում: Եվ այժմ Արթուր Այվազյանը «Ազգին» հղած իր դիմումում խնդրում է աջակցել եւ օրենքի սահմաններում իրականացնել հսկողությունՙ նշելով. «Ես, որպես վերաքննիչ բողոք բերող անձ, ցանկանում եմ մասնակցել իմ համապատասխան ոտնահարված օրինական շահերի, իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության իրականացմանը դատարանում... »: Բացի այդ, Արթուր Այվազյանը նշում է, որ բազմաթիվ դիմումներ է ուղարկել հանրապետության բոլոր պատկան մարմիններին եւ պաշտոնատար անձանց, որպեսզի միջնորդեն դատարանում իր վերաքննիչ բողոքի քննությանը իր պարտադիր ներկայությունն ու մասնակցությունն ապահովելու, ինչպես նշված է ՀՀ սահմանադրությունում, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում ու նաեւ մի շարք կոնվենցիաներում:
Օրեր առաջ խմբագրությունը «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիվանդանոցից մի նոր նամակ ստացավ, որում դատապարտյալ Արթուր Այվազյանն իր բողոքի ձայնն էր բարձրացրել այս անգամ մեկ այլ օրինախախտության դեմ: 2009 թ. հոկտեմբերի 22-ին Այվազյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել ու մինչեւ հիմա (դեկտեմբերի 1-ը) Վերաքննիչ դատարանը չի սկսում գործի քննությունը: Ի դեպ, ՀՀ քրեական դատավարական օրենսգրքի 388-րդ հոդվածի առաջին մասի համաձայն, «Վերաքննիչ բողոքի հիման վրա ստացված գործերի քննությունը Վերաքննիչ դատարանն սկսում է քրեական գործը կամ նյութը ստանալու օրվանից հետո 15 օրվա ընթացքում»: Հարգելի պատճառների առկայության դեպքում, գործը քննող դատավորի որոշմամբ, ժամկետը կարող է երկարացվել ոչ ավելի քան 10 օրով: Ի՞նչ է ստացվում. մինչեւ նոյեմբերի 16-ն ընկած ժամանակահատվածում, ըստ օրենքի, պետք էր դատական նիստ կայանար, սակայն անհասկանալի պատճառներով ձգձգվում է, որը դատավարական օրենքի նորմերի ակնհայտ եւ կոպիտ խախտում է: Ահա այդպիսի անօրինականություններն ու իր ոտնահարված իրավունքները վերականգնելու ջանքերը դատապարտյալին հասցրել են հիվանդանոց, որտեղից էլ նա կրկին իր բողոքներն է հղում բոլոր ատյաններինՙ հույս ունենալով, որ կգտնվեն օրինապաշտ մարդիկ ու արդարությունը ջրի երես կգա:
«Ազգը» հետեւելու է, թե այս անգամ ի՞նչ ընթացք է ստանալու վերաքննիչ բողոքի քննությունը:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ