«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#228, 2009-12-12 | #229, 2009-12-15 | #230, 2009-12-16


ՄԵՂԱԴՐՎՈՒՄ Է ԼՐՏԵՍՈՒԹՅԱՆ ՁԵՎՈՎ ՊԵՏԱԿԱՆ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Հայաստանի ԱԱԾ քննչական վարչությունում ավարտված նախաքննությամբ պարզվել եւ հիմնավորվել է, որ ՀՀ քաղաքացի, ՊՆ նախկին աշխատակից Գ. Հայրապետյանը 2009 թ. ապրիլին հավաքագրվել է ադրբեջանական հատուկ ծառայություններից եւ առաջադրանք ստացել հավաքել ու ադրբեջանական կողմին տրամադրել տեղեկություններ ՀՀ զինված ուժերի մարտունակության եւ պաշտպանունակության վերաբերյալ, ինչպես նաեւ որոշակի նյութեր` հակահայկական քարոզչություն իրականացելու համար:

Ադրբեջանական հատուկ ծառայությունների վերջին հանձնարարությունը Հայրապետյանը ստացել է 2009 թ. սեպտեմբերի 1-ին` Հայաստան ժամանած ԻԻՀ քաղաքացի, ազերի Բ. Բաղերիից: Հանդիպման նշանաբան է ծառայել Հայրապետյանին ծանոթ` Ադրբեջանի հատուկ ծառայության աշխատակցի լուսանկարը: Հայրապետյանը ծրարով ստացել է հերթական առաջադրանքն ու Բաղերիին հանձել նյութեր, որոնք կարող էին օգտագործվել հակահայկական քարոզչություն ծավալելու համար: Նյութերը ՀՀ ԱԱԾ աշխատակիցները հայտանաբերել են Մեղրիի Կարճեւան սահմանային անցակետում կատարված ստուգման ժամանակ: Բացի այդ, Հայրապետյանի բնակարանում կատարված խուզարկության ժամանակ հայտնաբերվել են հրազեն եւ ռազմամթերք:

ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից «Ազգ»-ին տեղեկացրին, որ ձեռք բերված ապացույցներով Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 299 հոդվածի 1-ին մասով (լրտեսության ձեւով պետական դավաճանություն) եւ 235 հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով հրազեն եւ ռազմամթերք ձեռք բերել ու պահել), իսկ ԻԻՀ քաղաքացի Բաղերիին` 302-րդ հոդվածով` օտարերկրյա քաղաքացու կատարած լրտեսության մեղադրանքով:

Հ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4