«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#229, 2009-12-15 | #230, 2009-12-16 | #231, 2009-12-17


ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆԸ ՄԻՋՆՈՐԴԵԼՈՒ ԱՌԱՋԱՐԿ ԹԵՀՐԱՆԻՆ

Դրա հիմքում ԱՄՆ-ին շանտաժի ենթարկելու Բաքվի նկրտումներն են

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

Դեկտեմբերի 14-ին պաշտոնական այցով Իրանի Իսլամական Հանրապետություն էր մեկնել Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը: Ինչպես երեկվա համարում նշել է «Հյուրիեթը», Իրանի արտգործնախարար Մանուչեհր Մոթթաքիի հետ նրա հանդիպման օրակարգի առաջնահերթ խնդիրը եղել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Թուրքական թերթի վկայությամբ, Մամեդյարովը հակամարտության կարգավորմանը միջնորդելու առաջարկով դիմել է իրանցի պաշտոնակցին, եւ Թեհրանը ընդունել է Բաքվի առաջարկը:

Հանդիպման ավարտին կազմակերպված մամուլի համատեղ ասուլիսում երկու երկրների արտգործնախարարները ակնարկել են, որ Իրանը պատրաստ է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված միջնորդական առաքելություն իրականացնել: Ասուլիսում Մամեդյարովն ասել է. «Հանդիպմանը քննարկեցինք երկկողմ հարաբերություններին եւ տարածաշրջանին առնչվող բազմաթիվ խնդիրներ: Սակայն մեզ համար առանցքայինը Ղարաբաղի հիմնահարցն է: Եղբայրական Իրանը, որպես հարեւան երկիր, Ղարաբաղի հիմնահարցի վերաբերյալ պաշտոնական հայտարարություններով միջազգային ֆորումներում մշտապես աջակցել է Ադրբեջանի արդար դատին: Գիտենք, որ առաջիկայում եւս Իրանը տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքեր կգործադրի»:

Մոթթաքին նշել է, որ Թեհրանը գոհունակությամբ է ընդունում ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը միջնորդելու Բաքվի առաջարկը եւ ավելացրել. «Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման գործում Իրանը հավակնում է դրական դերակատարության: Մենք այդ ուղղությամբ պատրաստ ենք անել ամեն ինչ»:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներ ԱՄՆ-ն, Ֆրանսիան եւ Ռուսաստանը դեռեւս չեն արձագանքել Բաքվի ներկայացրած առաջարկին, ոչ էլ կարծիք են հայտնել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը միջնորդելու Թեհրանի պատրաստակամության մասին: Սակայն, ելնելով Արեւմուտքի հետ Իրանի հարաբերությունների բնույթից, դժվար չէ կռահել, որ Մինսկի խմբի համանախագահող երկրներից գոնե ԱՄՆ-ն ու Ֆրանսիան դեմ կլինեն Իրանի միջնորդական առաքելությանը: Էլ չենք խոսում Իրանի միջազգայնորեն մեկուսացած եւ տարածաշրջանի երկրների աջակցությունից զուրկ տեսնելու ամերիկյան նկրտումների մասին:

Ըստ ամենայնի, հենց այդ նկրտումներով պետք է պայմանավորել միջնորդական առաքելության առաջարկով Թեհրանին դիմելու Բաքվի արարքը: Ինչո՞ւ: Որովհետեւ եթե ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը դժգոհելու տեղիք է տալիս Բաքվին, ապա անկախ չափից, ԱՄՆ-ի Կոնգրեսի որոշմամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը ամենամյա ամերիկյան օգնության տրամադրումը հավասարակշռությունից հանում է նրան:

Դեկտեմբերի 9-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ու Սենատը համաձայնության են եկել 8 միլիոն դոլար տրամադրել Լեռնային Ղարաբաղին: Թեեւ Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանատան խոսնակը հայտարարել է, որ այդ օգնությունը «ծրագրերի եւ գործունեության» համար է տրամադրվում, սակայն Ադրբեջանի արտգործնախարարությունը, համարելով դա ԼՂՀ անկախության ճանաչման դրսեւորում, բուռն հակազդեցությամբ արձագանքել էր խոսնակի հայտարարությանը, իսկ Միլլի մեջլիսը ԱՄՆ-ին պաշտոնական բողոք հայտնելու որոշում էր ընդունել: Այլ կերպ, Բաքվի խնդիրը ոչ թե Իրանի միջնորդությունն է, այլ միջնորդության առաջարկով ԱՄՆ-ին շանտաժի ենթարկելը, առանց իմանալու, որ դա եթե չզայրացնի ամերիկացիներին, ապա կդառնա ծիծաղի առարկա:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4