«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#229, 2009-12-15 | #230, 2009-12-16 | #231, 2009-12-17


ԳՅՈՒՄՐԻ. ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՆ ԱՄՓՈՓԵՑ ՏԱՐԻՆ

Գյումրու բնապահպանական տեղեկատվության հասարակական կենտրոնը («Օրհուս» կենտրոն) դեկտեմբերի 12-ին դարձավ 2 տարեկան: Անցած երկամյա ժամանակամիջոցում կառույցը նկատելի աշխատանք է կատարել հասարակության բնապահպանական գիտակցության եւ իրազեկության մակարդակի բարձրացման, ոլորտի առկա խնդիրների վրա հանրության, իշխանությունների ուշադրությունը հրավիրելու եւ տեղական բնապահպանական քաղաքականության մշակմանն աջակցության ուղղությամբ:

Ավարտվող 2009 թվականին, որի ընթացքում կատարված աշխատանքները ներկայացրեց կառույցի համադասող Գեւորգ Պետրոսյանը, Գյումրու «Օրհուս» կենտրոնի ծառայություններից, այդ թվումՙ գրադարանից ու տեսադարանից, օգտվել է մոտ 850 մարդ: Կենտրոնում եւ կենտրոնի նախաձեռնությամբ իրականացվել է 142 միջոցառում` դասընթացներ եւ սեմինար քննարկումներ, հանրային լսումներ, տարածքի մաքրման, ծառատունկի աշխատանքներ, աշխատանքային հանդիպումներ փորձագետների, մասնագետների, իշխանության ներկայացուցիչների հետ եւ այլն: Մեծ տեղ է տրվել բնապահպանական տեղեկատվության տարածմանը ԶԼՄ-ների միջոցով եւ էլեկտրոնային փոստով: Գյումրիում արձանագրված ծառահատումների դեպքերի վերաբերյալ «Օրհուս» կենտրոնը տեղեկատվություն եւ համապատասխան նյութեր է տրամադրել բնապահպանական տեսչությանն ու իրավապահ մարմիններին, ապօրինի ծառահատումների համար մի քանի քաղաքացիներ տեսչության կողմից ենթարկվել են վարչական տույժերի, եւ պետական բյուջե է փոխանցվել ավելի քան 200 հազար դրամ: Եղել է ՀՀ գլխավոր դատախազություն, վարչական դատարան դիմելու մեկական դեպք: Գործում է եւ 2009 թ. ընդլայնվել է հասարակական ու այլ կառույցների ներկայացուցիչներից կազմված բնապահպանական կոալիցիան: Կատարված աշխատանքի մի կարեւոր արդյունքը կարելի է համարել այն, որ Գյումրի քաղաքի ազգաբնակչության, քաղաքացիական հասարակության ինստիտուտների, տեղական եւ պետական մարմինների աշխատակիցների շրջանում որոշակի փոփոխություններ են նկատվում բնապահպանական հիմնախնդիրների գիտակցման եւ դրանց արձագանքման ուղղությամբ: Այդ են վկայում կենտրոնի ստացած բազմաթիվ ահազանգերն ու խորհրդատվություն ստանալու համար արված հեռախոսազանգերը:

«Օրհուս» կենտրոնի գործունեությունը, ինչպես նշվեց, ուղղված է նաեւ տեղական բնապահպանական քաղաքականության մշակմանն աջակցելուն: «Բիոսոֆիա» ՀԿ-ի եւ ձեւավորված փորձագետների խմբի հետ այստեղ մշակվել է «Գյումրու շրջակա միջավայրի պահպանության գործողությունների տեղական ծրագիրը», որը ներկայումս վերջնամշակման փուլում է: Ծրագիրը համաձայնեցման համար մինչեւ տարեվերջ կներկայացվի ՀՀ տարածքային կառավարման եւ բնապահպանության նախարարություններին ու Շիրակի մարզպետարանին, իսկ վերջնական տեսքի բերվելուց հետո` համայնքային ավագանու հաստատմանը:

Գ. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4