«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#229, 2009-12-15 | #230, 2009-12-16 | #231, 2009-12-17


ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԳՈՐԾՎԱԾ ԵՐԱԶԱՆՔՆ Է

Այնուամենայնիվ հասցրինք... Արեցինք թերեւս անհնարինը: Հիմա հաստատ գիտեմ, թե ինչ է նշանակում «Աստծո օգնությամբ»: Դա նշանակում էՙ Աստծո վրա հույս դիր, ինքդ մի թուլացիր: Բանն այն է, որ փոթորիկը հազվադեպ է տեւում 5 օր անընդմեջ:

Զանգահարեց մեզ արդեն հայտնի անծանոթըՙ նավասպորտի վարպետ Կարոն: Հետաքրքրվում էր մեր վիճակով: Ասաց, որ ինտերնետում հետեւում է մեր երթուղու հետ կապված եղանակին: Անդադար կրկնում էր. «Քամու արագությունը պոռթկումների պահերին 40-45 հանգույց է»: Նա խոստացավ, որ հենց Ուրուգվայում մեր գործերն ավարտենք, ինքը որդու հետ ծով դուրս կգա եւ կշարժվի դեպի Մոնտեվիդեո: Կգա նավահանգիստ եւ մեզ կուղեկցի մինչեւ «Արխենտինայի» մայրաքաղաք: Կարոն չէր պատկերացնում, թե մեզ որքան ուրախացրեց. արդեն 20 հազար մղոն (գրեթե մի հասարակած) չենք կարողանում ստանալ «Արմենիայի» գոնե մի կարգին լուսանկար: «Կիլիկիայի» վրա նման լուսանկարներ ստանալու համար ես պայմանավորվում էի տարբեր նավահանգիստների մեր հայրենակիցների հետ, որոնք մեծ մոտորանավերից լուսանկարում էին «Կիլիկիան»: Իսկ հիմա երեք անգամ երեք հազար մղոն ենք անցել առանց կանգ առնելու: Պանամայի ջրանցքում խարիսխ ենք գցել առանց առագաստի: Իսկ Կարոն ինքն է առաջարկում ուղեկցել մեզ:

Մի խոսքով, երջանկություն է, որ ժամանակին հասանք հենց Մոնտեվիդեո, կատարելով մեզ եւ Արգենտինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանին տրված խոստումը: Քառասունչորս տարի սպասել էի այդ օրվան: Միայն չգիտեի, որ դա լինելու է դեկտեմբերի 7-ինՙ Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակի տխուր օրը: Բայց դա կարելի էր մեկնաբանել նաեւ որպես կյանքի հարատեւության նշան: Մոնտեվիդեոյում մեր հայրենակիցները մեզ սպասում էին ռազմածովային փողային նվագախմբի հետ:

Ավա՜ղ, մենք չկարողացանք մոտենալ նավամատույցին. տեղատվությունն սկսվել էր, եւ «Արմենիան» իր 2,5 մետրանոց թաղվածքով կարող էր խրվել ծանծաղուտը: Խարիսխ գցեցինք նավամատույցից 200 մետր հեռավորության վրա: Մեզ ափ հասցրեց մի հատուկ լաստանավՙ մեր դեսպանի եւ նավահանգստի ղեկավարի գլխավորությամբ: Նավամատույցում փողփողում էին Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դրոշները: Մարդիկ ավելի շատ էին, քան Լոս Անջելեսում: Բայց սա չեմ ասում մեր թանկագին գլենդեյլցիներին կշտամբելու համար. այնտեղ նավահանգիստը պարզապես ուրիշ, հեռավոր քաղաք է, որի բոլոր մատույցները փաստորեն փակ են: Բացի դրանից, Մոնտեվիդեոյում մեր առանց այդ էլ կազմակերպված ժողովուրդն ուներ երկու կազմակերպիչՙ ՀՀ դեսպանը եւ Ուրուգվայում ՀՀ նորաթուխ պատվո հյուպատոս Ռուբեն Աբրահամյանը: Բայց մեզ համար գլխավորն այն էր, որ Հայաստանի առաջին պաշտոնական պատվիրակությունն էինք, որը պետք է այցելեր դեռ պաշտոնապես չբացված ՀՀ հյուպատոսարան:

Մոնտեվիդեոյի նավահանգիստում մեր հայրենակիցները տոն էին կազմակերպել նավասպորտի ակումբի նավապետ Ջոն Բիրդի եռանդուն աջակցությամբ: Նա առաջին ուրուգվայցին էր, հանձին որի մենք Ուրուգվայի ժողովրդին շնորհակալություն հայտնեցինք 1965-ին աշխարհում առաջինը Հայոց ցեղասպանության ճանաչման համար: Ջոն Բիրդը եւ մեր նավապետ Սամվել Կարապետյանը հուշանվերներ փոխանակեցին: Երեկոյանը Բիրդը եւ նրա գործընկերները մասնակցում էին համայնքի հետ հանդիսավոր հանդիպմանը:

... Մի քանի խոսք քաղաքի մասին: Խրոխտ քայլերգերի ուղեկցությամբ անցկացված հանրահավաքից հետո «Արմենիայի» անձնակազմը այցելեց Արմենիա հրապարակ, որը ճարտարապետական գլուխգործոց է: Հզոր բրոնզե արծվի քանդակի հեղինակը հայտնի քանդակագործ Ներսես Հունանյանն է: Հպարտ արծվի թեւերը խորհրդանշում են Հայաստանի Հանրապետությունը եւ վիրավոր Սփյուռքը, ներքեւի ջուրը Սեւանի պատկերն է, ֆոնը Արարատն է:

Ուրուգվայում տեղադրված են Հունանյանի բազմաթիվ աշխատանքներ: Նրա անունն է կրում քաղաքի ամենագեղեցիկ փողոցներից մեկը Սբ Ներսես Շնորհալի հայկական եկեղեցու մոտերքում: Ի դեպ, եկեղեցու մուտքի մոտ դրված Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանի հեղինակը դարձյալ Ներսես Հունանյանն է:

Հաջորդ օրը Արմենիա պողոտայով եւ ուրիշ ծառաշատ փողոցներով հասանք Հունանյանի փողոց, ապա Ագրասիադա պողոտայովՙ հայկական եկեղեցի: Ի դեպ, «ագրասիադա» նշանակում է «շնորհալի»:

Ուրուգվայի հայոց թեմի առաջնորդ Հակոբ սրբազանը հանգամանորեն պատմեց համայնքի եւ հենց եկեղեցու մասին, որի դերը մեր 15 հազար հայրենակիցների կյանքում դժվար է գերագնահատել: Հակոբ սրբազանը պաշտոնավարել է Գերմանիայում, Բելգիայում, 1984-ին օծվել է եպիսկոպոս, 1990-ինՙ արքեպիսկոպոս: Ես հիացած էի, որ հայրենիքից այդքան հեռու ապրող եկեղեցու սպասավորը քաջածանոթ է հայրենական եւ համաշխարհային գրականությանը:

Սբ Ներսես Շնորհալի եկեղեցու կողքին Նուբարյան-Մանուկյան դպրոց-վարժարանն է: Դպրոցը կառուցվել է Միսաք եւ Արփի Կույումջյանների միջոցներով, որոնք որոշել են այն կոչել իրենց պաշտելի բարերար եւ հասարակական գործիչ Նուբար փաշայի անունով: Մանուկյան վարժարանը հոյակապ կրթահամալիր է դասարաններով, հանդիսասրահով, գրադարանով, հսկայական մարզասրահով եւ լողավազանով, որտեղ անցկացվում են միջազգային մրցումներ շատ մարզաձեւերի գծով: Ընդամենը 22 հազար քառակուսի մետր մակերեսով հաստատության աշակերտների թիվը մոտ 500 է: Ակամա խորհում ես համայնքի ապագայի մասին:

ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆ, Մոնտեվիդեո, Ուրուգվայ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4