«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#229, 2009-12-15 | #230, 2009-12-16 | #231, 2009-12-17


ԱՄՓՈՓՎԵՑԻՆ «ԱՌՆՈ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

«Առնո» էստրադային երգի մրցույթում 6 երկրի երիտասարդներ շուրջ մեկ ամիս պայքարում էին առաջնային տեղերի համար: Դեկտեմբերի 15-ին Ա. Խաչատրյանի ֆիլհարմոնիայի մեծ դահլիճում` «Գալա» համերգի ժամանակ, արդեն պարզ դարձան հաղթողների անունները: Առաջին տեղի համար մրցանակ ստացավ հայաստանաբնակ Նարեկ Մակարյանը, իսկ երկրորդ տեղի համար` Վլադ

Արամովը` Վրաստանից: Երիտասարդները երգել են ոչ միայն մեծ երգահանի երգերը, այլեւ համաշխարհային որեւէ «հիթ»: Մրցույթի մասնակից երկրներն էին Չինաստանը, Ռուսաստանը, Լատվիան, Վրաստանը, Լեռնային Ղարաբաղն ու Հայաստանը:

«Մրցույթի մասնակիցները Հայաստանում եւ ուրիշ երկրներում հանդես կգան տարբեր համերգային ծրագրերով, 2010-ի հունվարի 21-ին մենք մեկնելու ենք Նովոսիբիրսկ, շատ հաճելի է, որ Սիբիրում կարող ենք հնչեցնել Առնո Բաբաջանյանի երաժշտությունը», ասաց Առնո Բաբաջանյանի որդին` Արա Բաբաջանյանը :

Երիտասարդ կատարողների մրցույթը նախաձեռնել էր Առնո Բաբաջանյանի հիշատակի միջազգային հիմնադրամը ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Ժյուրիի համանախագահներն էին ԽՍՀՄ եւ Վրաստանի ժողովրդական արտիստ Նանի Բրեգվաձեն եւ հիմնադրամի նախագահը` Արա Բաբաջանյանը:

«Նույնիսկ շատ կայացած աստղեր չեն կարողանում կատարել Առնո Բաբաջանյանի երգերը, ես զարմացած եմ` մասնակիցների աշխատասիրության վրա, նրանք արդեն այս տարիքում կարողանում են լավ կատարել Բաբաջանյանի երգերը», նշեց երաժշտական պրոդյուսեր եւ լրագրող Մայա Կիպիանին:

Նախատեսվում է, որ հետագայում այս մասնակիցները Հայաստանը ներկայացնեն միջազգային այլ մրցույթներում, օրինակ, Նարեկ Մակարյանը միգուցե կարողանա «Նոր Ալիք» մրցույթում հաջորդ տարի հնչեցնել Առնո Բաբաջանյանի երաժշտությունը:

ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4