Հայտնի դարձան ֆուտբոլի կանանց մինչեւ 19 եւ մինչեւ 17 տարեկանների Եվրոպայի 2011-ի առաջնության ընտրական մրցաշարում Հայաստանի հավաքականների մրցակիցները: Ինչպես պատանիների մրցաշարում, մինչեւ 17 տարեկանների ընտրական մրցաշարում էլ հայ աղջիկների մրցակիցներից մեկը կլինի Թուրքիայի հավաքականը: Մեր ընտրանին ընդգրկվել է ընտրական 6-րդ խմբում, որտեղ մրցակիցներն են նաեւ Անգլիայի եւ Բելգիայի հավաքականները:
Մինչեւ 19 տարեկանների Հայաստանի կանանց հավաքականն ընդգրկվել է ընտրական 1-ին խմբում, որտեղ հարկ կլինի մրցել Անգլիայի, Ֆինլանդիայի եւ Մոլդովայի ֆուտբոլիստուհիների հետ: Ընտրական մրցաշարի հանդիպումները կանցկացվեն Մոլդովայում, 2010-ի սեպտեմբերի 11-16-ը: Մինչեւ 17 տարեկանների մեր հավաքականը մրցավեճի կբռնվի Բելգիայում, 2010-ի հոկտեմբերի 3-8-ը:
Այս տարի մեր կանանց հավաքականները պարզապես խայտառակ մրցելույթներ ունեցանՙ գերխոշոր հաշիվներով զիջելով մրցակիցներին: Ամեն ինչ պետք է անել, որպեսզի պատմությունը չկրկնվի, մանավանդ որ մրցելու ենք Թուրքիայի հավաքականի հետ:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ