«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#230, 2009-12-16 | #231, 2009-12-17 | #232, 2009-12-18


ՀԱՍԿԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԵՐԲԵՔ ՈՒՇ ՉԷ

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Դեկտեմբերի 15-ին Ադրբեջանի Միլի մեջլիսը դիմել է Միացյալ Նահանգների օրենսդիրներին եւ դժգոհություն հայտնել Լեռնային Ղարաբաղին 2010թ. 8 միլիոն դոլար հատկացնելու դեմ: Նույն օրն Ադրբեջանի ԱԳՆ-ն սկսել է ուսումնասիրել այն հարցը, թե ինչո՞ւ ամերիկյան հեղինակավոր «Ֆրիդոմ հաուս» կազմակերպությունն իր տարեկան զեկույցում առանձին տեղ է հատկացրել Լեռնային Ղարաբաղին: Գրեթե միաժամանակ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը եւս մեկ «հետաքննություն» է ձեռնարկել, այս անգամ` ՌԻՍ- Նովոստի գործակալության պաշտոնական կայքէջում «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը կասկածի տակ դնող» հրապարակման կապակցությամբ:

Նախկինում էլ Միացյալ Նահանգները Լեռնային Ղարաբաղին ֆինանսական հատկացումներ արել է, ինչպես նաեւ «Ֆրիդոմ հաուսը» իր զեկույցներում Լեռնային Ղարաբաղին անդրադարձել է առանձին բաժնով: Դա Ադրբեջանի համար նորություն չէ, եւ այդ երկիրը կարծես թե պետք է այդքան ցավագին չարձագանքեր:

Հավանական է ենթադրել, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների վերջին այցը Բաքու ադրբեջանական կողմի համար այնքան էլ բարենպաստ չի եղել: Մեղմ ասած, Ադրբեջանը միջնորդներից որեւէ հավաստիացում չի ստացել, թե Լեռնային Ղարաբաղի խնդիրը «կկարգավորվի տարածքային ամբողջականության սկզբունքի գերակայությամբ», մի բան, որ պաշտոնական Բաքուն համառորեն փորձում է ներշնչել ադրբեջանական հանրությանը:

Եթե ԵԱՀԿ ՄԽ համանախագահների «նոր առաջարկություններն» ընդունելի լինեին Ադրբեջանի համար, ապա, բնականաբար, Բաքվում այդքան կարեւորություն չէին տա ոչ ԱՄՆ օրենսդիրների մտադրությանը, ոչ «Ֆրիդոմ հաուսի» զեկույցին, ոչ էլ, մանավանդ, ՌԻԱ- Նովոստի գործակալության կայքէջի հրապարակմանը: Իհարկե, կհնչեին դժգոհություններ, կարտահայտվեին «հաստիքային քաղաքագետներն» ու «վերլուծաբանները», բայց, ի վերջո, ամեն ինչ կամփոփվեր, ինչպես միշտ, այն վստահությամբ, որ «ԱՄՆ-ը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ անհանգստանալու կարիք չկա»:

Այս անգամ, սակայն, խնդիրը բարձրացվել է խորհդարանի դիմումի մակարդակի, իսկ դա արդեն լուրջ անհանգստություն է, որ ուղղակիորեն գալիս է նախագահ Իլհամ Ալիեւից: Չէ՞ որ խորհրդարանում բացարձակ մեծամասնություն ունի հենց նախագահի գլխավորած կառավարող կուսակցությունը, եւ ոչ մի խոսնակ չէր համարձակվի Միացյալ Նահանգների նման երկրի դեմ «սուր ճոճել», եթե համապատասխան հրահանգ ստացած չլիներ:

Խնդիրն այստեղ 8 միլիոն դոլարի մեջ չէ: Ադրբեջանում հավանաբար հաշվել գիտեն եւ գիտակցում են, որ այդ գումարով Լեռնային Ղարաբաղում տնտեսական կամ սոցիալական հրաշք չի լինելու: Հարցի` Ադրբեջանի համար խիստ ցավալիությունը խորհրդարանի խոսնակը ձեւակերպել է այնպես, որ ԱՄՆ- ում կարծիք է ստեղծվում, որ «աշխարհում կա երկու հայկական պետություն»:

Լեռնային Ղարաբաղին ֆինանսական միջոցներ հատկացնելու մասին ամերիկյան խորհրդարանականների մտադրության հենց այս ընկալումն է, որ անհանգստացնում է ադրբեջանական կողմին: Ճիշտ է, սեփական մտահոգությունները նրանք փորձում են փոխհատուցված տեսնել զանազան վերլուծական հրապարակումներով` ակնարկելով, որ «իրատեսական չէ կարծելը, թե ԱՄՆ-ը, ինչպես Կոսովոյի դեպքում, կճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը», բայց սա, կարծես, այն դեպքն է, երբ հերքումն ավելի շուտ ենթադրությունների հաստատման է հանգեցնում:

Հավանաբար Բաքվում արդեն իսկ ակնհայտորեն գիտակցում են, որ ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացի շուրջը հետեւողականորեն ստեղծվում է տեղեկատվական այնպիսի միջավայր, որտեղ Լեռնային Ղարաբաղն այլեւս չի դիտվում որպես Ադրբեջանի հետ առնչություն ունեցող կազմավորում: Իսկ սա նշանակում է, որ բուն բանակցություններում միջնորդող երկրները հակվում են Լեռնային Ղարաբաղի անկախության միջազգային ճանաչման հնարավորությանը:

Դա է, որ առանձնապես նյարդայնացնում է ադրբեջանական կողմին:

Թերեւս այդ պատճառով է, որ Բաքվում որոշել են գործընթացը տապալելու համար «հարություն տալ» անգամ վաղուց մոռացված անձանց: Օրերս անսպասելիորեն ասպարեզում հայտնվել է Նեյմաթ Փանահովը, իհարկե` նորացված Փանահլի ազգանվամբ, եւ խոստացել «համախմբել ազգի ամբողջ ներուժը եւ սրբազան պատերազմով ազատագրել Լեռնային Ղարաբաղը»:

Արժե, գուցե, հիշեցնել, որ սույն Փանահլին այն անձնավորությունն է, որ 1989-90 թվականներին Բաքվում բազմահազարանոց հանրահավաքներ է կազմակերպել` ընդդեմ օրվա իշխանությունների, եւ սադրել անկառավարելի իրավիճակ, ինչը հանգեցրել է հայ բնակչության զանգվածային սպանդի եւ բռնատեղահանության: Ադրբեջանական աղբյուրներում մեկ անգամ չէ, որ ակնարկվել է հանգուցյալ Հեյդար Ալիեւի կապը նման կարգի «ընդհատակայինների» հետ:

Գուցե այսօր էլ որդի Ալիե՞ւն ունի Նեյմաթի կարիքը:

Բայց դա արդեն Ադրբեջանի ներքին գործն է:

Մեզ համար կարեւոր է արձանագրել, որ այդ երկրում սկսել են հասկանալ ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացի տրամաբանությունը:

Կլինի՞ ապստամբություն, թե՞ ոչ, գուշակել դժվար է: Մի բան, այնինչ, պարզ պիտի լինի. հասկանալու եւ ճիշտ որոշումներ ընդունելու համար երբեք էլ ուշ չէ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4