«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#230, 2009-12-16 | #231, 2009-12-17 | #232, 2009-12-18


ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԿՐԿԻՆ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ԵՆ ԾԵԾԵԼ

Երեկ Նախիջեւանում կոռուպցիայի վերաբերյալ ուսումնասիրություններ կատարելիս բռնության են ենթարկվել Նախիջեւանի ռեսուրսային կենտրոնի նախագծի երեք մասնակիցները: Նախիջեւանի համալսարանում աշխատանքներ իրականացնելիս դասախոսները խնդրել են նրանց լքել բուհը: Վերջիններս հեռացել են, սակայն «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Իլգար Նասիբովը «Թուրան« լրատվական գործակալությանը պատմել է, որ ճանապարհին ենթարկվել են հարձակման 40 հոգանոց ավազակային խմբի կողմից, որն առաջնորդում էին Նախիջեւանի պետական համալսարանի պրոռեկտոր Մամեդ Ռազինն ու «Ենի Ադրբեջան» կուսակցության անդամ Էլման Ջաֆարլին: «Զինված խումբը քարերով, փայտերով հարձավել է 3 լրագրողների վրա, հայհոյել ու ենթարկել դաժան ծեծի», հաղորդում է լրատվական գործակալությունը:

Նասիբովի վիճակը գնահատվում է միջին ծանրության, նա դժվարությամբ է շնչում:

Ռեսուրսային կենտրոնի աշխատակից Վաֆադար Էյվազովի քիթն են ջարդել: Կենտրոնի աշխատակիցների տեղեկացմամբ` տուժածին Նախիջեւանի որեւէ բուժհաստատությունում համապատասխան օգնություն չեն ցուցաբերել: Այդ պատճառով նա բուժում է ստանում տնային պայմաններում:

Իրավապահ մարմինները բռնության ենթարկված լրագրողների ներկայացրած բողոքը չեն ընդունել եւ հրաժարվել են որեւէ ձեւով գործին ընթացք տալ: Բռնության ենթարկված ԶԼՄ-ների ներկայացուցիչները նախ դիմել են տեղի ոստիկանությանը, այնուհետեւ ինքնավար մարզի ոստիկանական մարմնին, դատախազությանը, դատաբժշկական փորձաքննական մարմնին, բայց վերոնշյալ բոլոր պետական կառույցները բողոքը չեն ընդունել եւ հրաժարվել են զբաղվել նշյալ խնդրով:

Հ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4