«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#230, 2009-12-16 | #231, 2009-12-17 | #232, 2009-12-18


ԹՈՒՐՔԻԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԺԵՍՏ Է ԱԿՆԿԱԼՈՒՄ

«Եվրասիա համագործակցություն» հիմնադրամի նախաձեռնությամբ երեկ տեղի ունեցավ հանդիպում հայ եւ թուրք լրագրողների միջեւ: Թուրք լրագրողները Հայաստանում կլինեն չորս օր: Նախատեսված են նաեւ ղարաբաղյան, հայ-թուրքական արձանագրությունների ու Թուրքիայում հայ միգրանտների խնդիրների քննարկումներ: «Ազգի» հետ զրույցում «Չոմհյուրիեթ» թերթի լրագրող Օզգուր Օլուսույը , անդրադառնալով հայ-թուրքական արձանագրություններին, ասաց, որ այնտեղ նախապայմաններ չկան, սակայն կառավարությունն ասում է, որ շրջանային խնդիրները պետք է խաղաղ ճանապարհներով լուծվեն:

«Սա ակնարկ է Ղարաբաղին: Չգիտեմ գուցե ուրիշ զարգացումներ լինեն, սկզբում ստորագրեցին, հետո հիշեցին Ղարաբաղի մասին, բայց ունենք այն, ինչ ունենք»:

Անդրադառնալով Թուրքիայում հասարակական տրամադրություններինՙ ասաց. «Միանշանակ ասել չի կարելի, հիմնական մասը դրական է գնահատում, կարծում է, որ պետք է սահմանները բացվեն, սկսվի երկխոսություն: Կան նաեւ մոլեռանդներ, որոնք դեմ են յուրաքանչյուր կարգի երկխոսության, սակայն մեծամասանությունը դեմ է անտեղյակությունից: Այստեղ որոշիչ է նաեւ կարծրատիպը: Եթե նրանց հարցնես, թե ինչու են դեմ, նրանք չեն կարողանա պատասխանել: Եթե սրա հաղթահարման համար կողմերը քաղաքական կամք ունենան ու հայ-թուրքական հարաբերություններում առաջընթաց գրանցեն, ապա բոլորը միանշանակ դրական կարծիք կունենան:

Անդրադառնալով պատմաբանների հանձնաժողովին եւ խնդրին, թե ինչ պետք է քննարկեն` ցեղասպանության եղելությո՞ւնը, թե՞ հետեւանքների հարցը, թուրք լրագրողը պատախանեց. «Դա Թուրքիայի պաշտոնական թեզն էր, որպեսզի պատմությունը քննեին պատմաբանները: Պատմաբանների հանձնաժողովը Թուրքիայի ցանկությամբ է մտել արձանագրություններ եւ ցեղասպանությունը քննարկելու: Չեմ կարող ասել, թե պատմաբանները ինչ կքննարկեն: Կբացեն արխիվները, կստուգեն փաստերը, Կհասկանան, թե ինչ է եղել: Կան շատ հարցեր, որոնք Թուրքիայում չեն քննարկվում, չեն գիտակցվում, շատերը դրանց մասին չգիտեն»: Թե վավերացման կամ չվավերացման գործընթացը ինչ ազդեցություն կունենա ցեղասպանության միջազգային ճանաչման գործում, Օլուսույը համոզված է, որ եթե հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գործընթացը նորմալ հունով ընթանա, ապա միջազգային ասպարեզում ցեղասպանության ճանաչման խնդիրը կհանդարտվի եւ այլ երկրների խորհրդարանները զգուշությամբ կմոտենան այս հարցի քննարկմանը: «Եթե միջազգային հանրությունը մի քիչ հանգիստ թողնի ցեղասպանության հարցը, հայ-թուրքական հարաբերություններն էլ դրանից կշահեն ու կլավանան: Քանի որ միջազգային հանրությունը Թուրքիայի վրա ճնշումներ է գործադրում ցեղասպանության առումով, Թուրքիան էլ վատթարացնում է հայ-թուրքական հարաբերությունները»:

Թուրք քաղաքագետ Մենսուր Աքգունն էլ վստահ է, որ որոշումների մեջ նախապայման չկա, սակայն Թուրքիան Հայաստանից սպասում է որոշակի ժեստ:

«Սպասում ենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ որոշակի փոփոխություններ կլինեն: Ես նկատի չունեմ ղարաբաղյան հարցի վերջնական լուծում, սակայն մենք սպասում ենք որոշակի առաջընթաց»:

«Հյուրիեթ» թերթի լրագրող Դեյվիդ Հուդսոնն էլ հարցին, թե «Աղթամար եկեղեցու վերականգնումն ու հետո եկեղեցու գլխին խաչի հանումը կարելի՞ է ժեստ համարել», ասաց. «Անձամբ եթե ուզում եք լսել իմ կարծիքը, ապա խաչը պետք է դրվի ու, ավելին, բացվի պաշտամունքի անկյուն: Թուրքիայում մշակույթի նախարարը զբաղվում է այդ խնդրով, փորձում օրենքին հարմար մի լուծում գտնել: Իմ կարծիքով օրենքին հակասող ոչինչ չկա: Պարզապես Վանը ազգայնամոլ հակումներ ունեցող շրջան է, եւ Թուրքիայում ընդհանրապես ազգայնամոլ հակումները շատ են: Դա պետք է հաղթահարվի: Մշակույթի նախարարի հեռակա նպատակներից է, որ այն կրկին դառնա եկեղեցի»:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4