Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) մոնիտորինգի հանձնաժողովը երեկ Փարիզում տեղի ունեցած աշխատանքային նիստում չի քննարկել Հայաստանի Ազգային ժողովի , մարտի 1-ի ժամանակավոր հանձնաժողովի զեկույցը: Մոնիտորինգի հանձնաժողովի դեկտեմբերի 17-ին նախատեսված նիստի օրակարգում այդ հարցն ընդգրկված էր, սակայն հանձնաժողովը քննարկում չի անցկացրել Հայաստանի հարցով համազեկուցողներ Ջոն Պրեսկոտի եւ Ժորժ Կոլոմբիեի բացակայության պատճառով:
Մոնիտորինգի հանձնաժողովում հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը պետք է ներկայացներ Հայաստանի Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի զեկույցը: Այդպիսով մոնիտորինգի հանձնաժողովում Հայաստանին վերաբերող թեման հետաձգվել է հունվարի 25-ի առավոտյան, որ կնախորդի ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանին:
ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ, Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցել է, որ նիստի ժամանակ որեւէ կերպ չի հիմնավորվել համազեկուցողներ Ժորժ Կոլոմբիեի եւ Ջոն Պրեսկոտի բացակայությունը:
«Պարոն Կոլոմբիեն որեւիցե գրավոր փաստաթուղթ չէր ներկայացրել, թե ինչու է բացակայում: Ես քարտուղարությունից պարզեցի, որ նա զանգահարել եւ բանավոր հայտնել է, որ զբաղված է իր խորհրդարանական գործունեությամբ` Ֆրանսիայի պառլամենտում, եւ այդ իսկ պատճառով չի կարող մասնակցել նիստին: Իսկ պարոն Պրեսկոտը այս պահի դրությամբ մասնակցում է Կոպենհագենում մի շատ կարեւոր իրադարձության, որը վերաբերում է շրջակա միջավայրին` դա էր նրա հիմնավորումը, թե ինչու է բացակայում», ասել է Զարուհի Փոստանջյանը:
Հետաքրքրական է, որ ԵԽԽՎ մակարդակում էլ, ցանկության դեպքում, լրիվ օրինական, գրեթե հիմնավորված պատճառաբանություններով հնարավոր է դառնում հետաձգել Հայաստանի հարցի քննարկումը, թերեւս հենց այն առումով, որ դեռ ավարտին չի հասել հայ-թուրքական սահմանի բացման գործընթացը:
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ